Այսօր հեքիաթագիր Արփի Մաղաքյանի պատմահեքիաթային հենք ունեցող գրականությունը երեխաների համար գրեթե աննախադեպ երևույթ է։ Իսկ միգուցե՝ աշխարհում եզակի։
Նրա «Տիգրան Մեծ արքայի հեքիաթը» և «Արտավազդ արքայի հեքիաթը» գրքերը միաժամանակ գեղարվեստական պատում են, պատմական ակնարկ, պատկերային շքերթ, սեր հայրենիքի հանդեպ, ու զարմանալի կերպով՝ մատչելի մանկական ընթերցանություն։
Հեղինակը չի վախենում դիմել բարդ ու բազմաշերտ թեմաների։ Նա վերցնում է պատմական ճշգրիտ փաստեր՝ մետաղադրամներից մինչև արքայական որոշումներ, ռազմավարական դաշինքներից մինչև թատերական փորձեր, ու վերածում է կենդանի պատումի՝ այնպես, որ անգամ հինգ տարեկանը կարող է լսել ու հասկանալ, իսկ հիսունհինգն էլ՝ հուզվել։
Տիգրան Մեծի մետաղադրամը՝ որպես գլխավոր հերոս, պատմում է իր հատման ժամանակի մասին՝ իսկապես հանճարեղ լուծում։ Իսկ Արտավազդը՝ Տիգրանի որդին, պատմության մեջ ոչ պակաս վեհ, բայց մի փոքր անտեսված կերպար, հանկարծ հայտնվում է երեխաների երազներում՝ թագով ու մաշված կոշիկներով։ Ու հենց այստեղ է, որ Մաղաքյանի ստեղծագործական ուժը բախվում է պատմության զսպվածությանը և հեքիաթը դառնում է ճանապարհ պատմություն սերտելու։
Բայց «Արքայական հեքիաթաշար» կոչվող այս գունեղ ու նկարազարդ հեքիաթագրքերը միակը չեն։ Արփին գրում է շա՜տ հեքիաթներ, որտեղ շունչ է տալիս մեզ ծանոթ վայրերին ու անուններին, մեր կորսված ու ապրող սրբություններին։
Նրա «Արևի համբուրած Շուշին» հեքիաթագիրքը ընթերցողին տեղափոխում է մեր սիրելի Արցախ, հինգերորդ դար։ Այստեղ կարելի է գրքի հերոսների հետ հանգստանալ Տնջրի ծառի շուքի տակ, ընկերանալ Մեսրոպ Մաշտոցի հետ, Ամարասի դպրոցի շինարարության ընթացքը տեսնել, բռնել չարաճճի ու խելացի աղջկա՝ Շուշիի ձեռքը։
Երբ Շուշին ծիծաղում է, թվում է՝ Արցախը ժպտում է, իսկ Մեսրոպ Մաշտոցը՝ մեր գրի հոր և ազգի հոգևոր շինարարի կերպարը, դուրս է գալիս գրքային սրբապատկերից և դառնում ընթերցողի ընկերը։
Երբ առաջին անգամ բացում ես նրա գրքերը առաջին տպավորությունը՝ սովորական հեքիաթ է՝ «Լինում է, չի լինում…»… Բայց առաջին էջերից պարզ է դառնում՝ Մաղաքյանի հեքիաթները հողի բույր ունեն, ցավի հիշողություն, սիրո շողեր ու պատմական ճշգրտություն։ Նա չի գրում հեքիաթներ՝ պարզապես երեխաներին ուրախացնելու համար։ Նա գրում է երեխաներին և, ինչու ոչ, նաև մեզ մեծերիս՝ հիշեցնելու մեր արմատի, ակունքի, պատմության ու պատասխանատվության մասին։
Արփիի գրական ուղու կարևոր հանգրվաններից է «Երևանյան հեքիաթներ» գիրքը, որն առաջին անգամ լույս է տեսել 2019 թ.։ Գիրքը յուրօրինակ ձևով ներկայացնում է մեր մայրաքաղաքի պատմությունը՝ հյուսելով այն հմայիչ ու հետաքրքիր հեքիաթների միջով։ Այստեղ յուրաքանչյուր քար հիշողության մասունք է։
Գրքի հաջողությունը չէր ուշացել, այն սիրվեց երեխաների և մեծահասակների, կրթության փորձագետների կողմից։ Ուսուցիչներն ու ծնողները այն վերածեցին ուսուցման ու հայրենաճանաչման գործիքի։ Պահանջարկը այնքան մեծ էր, որ գիրքը վերահրատարակվեց (2024թ.)՝ հաստատելով իր տեղն ու ճանաչումը հայ ընթերցողի սրտում։
Այս փաստը խոսում է այն մասին, որ հայը կարիք ունի ճանաչելու իր մայրաքաղաքը, իր պատմությունը՝ ոչ թե չոր փաստերով, այլ եկեք ասենք՝ արփիական լեզվով։ Մաղաքյանի մոտեցումը հենց այդպիսին է՝ ազգայինի ճանաչումը վերածել գեղարվեստի։
Ներկայումս հեղինակն աշխատում է երկու նոր գրքերի վրա՝ «Հիշելու հեքիաթներ» և «Նեմրութ լեռան գաղտնիքը»։ Նեմրութ լեռան գաղտնիքը գիրքը «Արքայական հեքիաթաշարի» շարունակությունն է, որն ընթերցողին հեքիաթի կախարդական ուժով ծանոթացնելու է Կոմմագենե թագավորությունում իշխող հայ արքային։
«Հիշելու հեքիաթները» նոր նախագիծ է, որի նպատակն է ստեղծել մի շարք հեքիաթներ, որոնք միաժամանակ իրականություն են ու առասպել, ոգեշնչում են ու պատմում, կրթում են ու փրկում հայի հիշողությունը։
Այս շարքում արդեն տեղ են գտել իրապատում հեքիաթներ Տրդատ ճարտարապետի, Կոմիտասի, Մոմիկի, Լուսիկ Ագուլեցու, Ղազարոս Աղայանի մասին։ Շարքը շարունակում է բողբոջի նման ծաղկել՝ յուրաքանչյուր հեքիաթով մի գարուն բերելով հիշողությունների աշխարհում, որտեղ տեսնելու ենք Վարագավանքը, Խրիմյան Հայրիկին, Հովհաննես Թումանյանի ծնողներին, Գարեգին Սրվանձտյանին և այլ կարևորագույն մարդկանց։
Արփիի հեքիաթների հերոսները երբեք նույնը չեն։ Նրանցից մեկն աղքատ տղա է, մյուսը՝ վարդապետ, մեկը հին քաղաքի պես փշրված է, մյուսը՝ վանքին նվիրված քանդակագործ։ Բայց նրանք բոլորն էլ բերում են մի բան. հիշողություն ու սեր։
Հիշելու, որ Տնջրու ծառն իր արմատներով կանգնած է մեր հոգու մեջ։
Հիշելու, որ մեսրոպյան տառն ազգ է պահում։
Հիշելու, որ հեքիաթը ոչ թե փախուստ է իրականությունից, այլ՝ վերադարձ մեր արմատներին։
Արփի Մաղաքյանն ասում է. «Ուզում եմ ընթերցողի հոգում մնա սեր առ հայրենիք, առ պետականություն, առ յուր պատմություն» ,- սա արդեն հռչակագիր է. ոչ թե պարզապես գրողի ցանկություն, այլ մանկավարժի, մայրիկի, ճամփորդի, և գուցե՝ ժամանակի մեջ ինքն իրեն փնտրող հայի երդում։
Այսպիսին է այսօրվա հայ հեքիաթը։ Ուրեմն ժամանակն է այն կարդալ։ Տան մեջ, դպրոցում, երկրից դուրս։ Քանի որ հայրենիքը սկսվում է հենց այնտեղից՝ որտեղ մի մայր իր զավակին հեքիաթ է կարդում Մեսրոպ Մաշտոցի մասին։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ