Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց մեր երկրում կան կարծրատիպեր, որ կանանց թույլ չեն տալիս աշխատել, կան նույնպիսի կարծրատիպեր, որ տղաներին թույլ չեն տալիս սովորել»․ հաստատվեց գենդերային քաղաքականության ռազմավարությունը

Ապրիլ 23,2025 14:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանն ասաց, որ Ռազմավարության մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության և վերջինիս միջոցառումների ծրագրերի ավարտի շրջափուլով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրած և վավերացրած միջազգային կոնվենցիաների և հռչակագրերի դրույթներով։

Ռազմավարությունն առաջնորդվում է համալիր մոտեցմամբ՝ բացառելու կանանց և աղջիկների կրկնակի խոցելիությունը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքների սկզբունքներով և այդ իրավունքները կիրարկելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ, այսպիսով` բոլոր գերակայություններում բոլոր անհրաժեշտ հատվածներում համապատասխան դիտարկումներ կատարելով։

Նախագծով առաջարկվում է սահմանել գենդերային հավասարության քաղաքականության ապահովման վեց գերակայություններ՝ կառավարման եւ որոշումների ընդունման մակարդակների, սոցիալ-տնտեսության և աշխատանքային, կրթության և գիտության, առողջապահության, գենդերային բռնության, կանանց ու աղջիկների նկատմամբ եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ կլիմայի ոլորտներում։

Հարցի շուրջ բուռն քննարկում ծավալվեց կառավարության նիստում։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, կարեւոր է, որ այդ ներուժն արդյունավետ օգտագործվի։ Նա նշեց, որ անզեն աչքով նույնիսկ նկատելի է, որ կրթության ոլորտում աղջիկներն ավելի ակտիվ են, քան տղաները։

«Իմ ընկալմամբ՝ այդ պրոբլեմների հսկայական հատվածը կապված է քրեական ենթամշակույթի ազդեցությամբ մեր տղաների աշխարհընկալման մասով։ Մեր հանրության շրջանում տենց ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը՝ քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից, սեփական մտածողությունից զրկելու մեթոդ է։ Մեր իրականության մեջ խոսք կա, թե տղա է։ Իրենց թվում է, թե այդպիսով տղաներն ուժեղանում են, բայց բոլոր առումներով թուլանում են, զրկվում են կամքից, խելքից, մտածողության սեփական բանաձեւեր ունենալու հնարավորությունից։ Ինչքան մարդը քրեական ենթամշակույթին մոտ է, այնքան ավելի հեշտ կառավարելի է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց․ «Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ մենք պետք է շատ բարձրաձայն խոստովանենք, որ ՀՀ-ում կա խտրականություն կանանց նկատմամբ։ Եվ ավելին ասեմ՝ ՀՀ-ում կա բռնություն կանանց նկատմամբ եւ կա ընտանեկան բռնություն։ Սովորաբար ընդունված է ասել, որ դա կա մարզերում, բայց դա կա նաեւ Երեւանում։ Մեր հասարակությունում կա այդպիսի թեմաներ, որոնց վերաբերյալ սեղանների շուրջ ընդունված է ճոռոմ բառեր ասել եւ կենացներ խմել, օրինակ, այս դեպքում կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունքը ցույց տալ կանանց նկատմամբ»։

Նա ասաց, որ վճռական ու անողոք պայքար պետք է մղել ընտանեկան բռնության դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ իրականում կանանց թիրախավորումը, այդ թվում՝ հանրային, ակտիվորեն իրականացվում է այլ կանանց կողմից։ «Եվ սա նշանակում է, որ ոչ թե սեռն է որոշում՝ մարդը գենդերային առումով խտրական է, թե ոչ, այլ դա որոշում է այդ մարդու համոզմունքների, դիրքորոշումների ու պատկերացումների ամբողջությունը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Պետք է ի վերջո ուժ ունենք ասելու, որ մենք՝ որպես հանրություն, այս թեմաների վերաբերյալ ունենք գիտելիքի պակաս։ Ի՞նչ է բռնությունը, թվում է, թե պարզ հարց է, բայց պարզ հարց չէ։ Տղաների նկատմամբ մենք բռնություն ենք գործադրում, այն, որ մանկահասակ երեխային հայհոյանք են սովորեցնում, դա բռնություն է, գենդերային խտրականություն է, կարծրատիպերի որոշակի պարտադրանք է։ Եվ մեր երկրում կա այդպիսի երեւույթ, որ պետք է սեւ շոր հագնես, ծիծակ կոշիկ հագնես, որովհետեւ դրանից դուրս արդեն կասեն՝ էս ինչո՞ւ է սենց։ Դա հաղթահարելու ճանապարհը միայն կրթությունն է։ Ոնց մեր երկրում կան կարծրատիպեր, որ կանանց թույլ չեն տալիս աշխատել, կան նույնպիսի կարծրատիպեր, որ տղաներին թույլ չեն տալիս սովորել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ ասաց, որ Հայաստանում խտրականություն ու գենդերային խնդիրներ կան։ «Իրականում տղաներին, բացի հայհոյանք սովորեցնելուց, նաեւ սովորեցնում են, թե ինչ մակարդակով է պետք է խնդիրները լուծել, բռնությունն ինչ կարեւոր դերակատարում կարող է ունենալ կամ, եթե լացեցիր, իսկական տղա չես։ Սրանք իրականում ոչ միայն կանանց հետ կապված խտրական դրսեւորումներ ենք, նաեւ տղամարդկանց հետ կապված խտրական դրսեւորումներ են»,- նշեց Մանասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ հավելեց․ «Իմ կարծիքով՝ ընտանեկան բռնության պատճառը ոչ թե այն է, որ բռնությունը գործադրվում է մարդու նկատմամբ, որ նա կին է, այլ նրա համար, որ նա իր կինն է, այսինքն՝ իր ամուսնու կինն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930