Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս է Փաշինյանի խաղաղությունը»․ Հայկ Մամիջանյանը՝ սահմանին կրակոցների և որոշ մարդկանց՝ իրենց գյուղերը լքելու մտադրության մասին

Ապրիլ 23,2025 14:45

«Այս է Փաշինյանի խաղաղությունը»,-հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանն ինչո՞ւ է կայուն պահում լարվածությունը և ի՞նչ ունի անելու իշխանությունը, եթե մարդիկ ահազանգում են, որ գյուղում վտանգավոր է, ընտանիքները գյուղից դուրս գալու մասին են մտածում, ճեպազրույցի ժամանակ այսպես պատասխանեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց՝ այս պահին իշխանության գործողությունը պետք է լինի հրաժարականը․ «Եթե ինչ-որ գործիչներ արդեն հինգ տարի շարունակ ասում են, որ խաղաղություն են բերում, ու արդյունքը սա է, հրաժարականից զատ՝ այլ գործողություն չկա»։

Հայկ Մամիջանյանը հիշեցրեց՝ հանրությունն արդեն փորձեց գնալ Փաշինյանի ճանապարհով, մենք խնդրում էինք՝ այդպես չանել, բայց իրենց հաջողվեց մեր քաղաքացիների ինչ-որ հատվածի խաբել և տանել ամեն ինչ զիջելու, բռնաբարությունից թուլանալու և զիջելու ճանապարհով․ «Արդյունքը սա է, որ մարդիկ մտածում են իրենց տները թողեն, գնան։ Իսկ գուցե արժի գոնե հիմա՞ փորձել այլ ճանապարհով գնալ՝ ներգրավել միջազգային միջնորդների, բանակցային գործընթացի երաշխավորի, վերափոխել բանակցությունների տրամաբանությունը։ Ես պատերազմի հետ կապ ունեցող որևէ բառ չասացի։ Այնպես որ, հեքիաթները թող իրենց վարչության նիստերին պատմեն, որ մենք խաղաղությանը դեմ ենք։

Փաշինյանը վերջերս իր ելույթներից մեկում կրկնում էր այն միտքը, որ եթե անվտանգության երաշխավորը բանակն է, ապա այդ անվտանգությունը ձախողված է։ Ուրեմն, եթե Նիկոլ Փաշինյանի անվտանգության երաշխավորը էդ մի 20-30 մեքենաներից բաղկացած շարասյուններն են, երբ ինքը մտնում է որևէ տեղ, այդ տարածքում կյանքը մոլեկուլյար մակարդակում դադարում է, գուցե այդ պարագայում ինքն է՞լ է ձախողված։ Ինչի՞ն է պետք էդ անվտանգությունը, եթե իր տրամաբանությամբ երկրին՝ բանակի կողմից երաշխավորված անվտանգությունը ձախողում է։ Իսկ կարո՞ղ է վարչապետի աթոռին նստածի համար էլ է ձախողում, եթե իր անվտանգությունը պահպանելու համար օգտագործվում են բոլոր հնարավոր և անհնար միջոցները՝ մեքենաներ և այլն։ Կարծում եմ՝ սա տեղին զուգահեռ է, որի մասին ինքը պիտի մտածի։

Իսկ Ադրբեջանի նպատակները եղել են և կան նույնը․ երբ ինքը տեսնում է, որ դիմացինը պատրաստ է ծախել ամեն ինչ, այնքան որ թղթի կտոր ստանա, որը ոչ մի արժեք չունի, ինքը սեղմելու է մինչև վերջ։ Առաջանալու են նոր պահանջներ՝ ավելի անտրամաբանական․․․Փաշինյանը կկատարի բոլոր պահանջները, որոնք առաջ կքաշվեն Ադրբեջանի կողմից։ Սա վկայում է, որ կարմիր գիծ Փաշինյանի համար չկա, քանի որ ինքն իր իշխանության համար է բանակցում, և իրեն պետք է թղթի կտոր, որի բուն բովանդակությունը և արժեքը էական չէ իր քարոզարշավի համար։ Ինքն ամեն ինչ էլ պատրաստ է հանձնել, ամեն ինչից պատրաստ է հրաժարվել, և բնականաբար՝ Ադրբեջանը դա տեսնում է և նորանոր պահանջներ առաջ քաշում»։

Լրագրողները հարցրին ՝ միջնորդների առումով նոր առաջարկ ունե՞ք, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Իմ հնչեցրած կարծիքը միջնորդական և երաշխավորական առաքելությունների մասին չունի որևէ աշխարհաքաղաքական ուղղվածություն։ Ես հենց այդ դրդապատճառով չեմ նշում երկիր կամ միջազգային կազմակերպություն։ Անհրաժեշտ է գտնել մի որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն, որ համապատասխանում է երկու նվազագույն պահանջների՝ ունակ է ներգրավվել, որը կարող է իր հեղինակությամբ այնպես անել, որ երկու կողմերն էլ ընդունեն իր միջնորդական ծառայությունները, և երկրորդ՝ որը այս կամ այն կերպ ներգործություն և ներկայություն ունի տարածաշրջանում։ Ցանկացած կողմ և ցանկացած միջազգային կազմակերպություն, որը համապատասխանում է այս երկու նվազագույն պահանջներին, կարծում եմ՝ շատ ավելի լավ արդյունքի կբերի, քան այս պահին ընթացող բանակցությունները՝ բացառությամբ Թուրքիայի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930