Ազգային ժողովրդավարական բևեռը ներկայացնում է Providence Magazine-ում մի խումբ գիտնականների համահեղինակությամբ տպագրված հոդվածը.
2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանը սանձազերծեց դաժան պատերազմ Արցախի հայ ազգաբնակչության դեմ՝ մի տարածքի, որը շուրջ 30 տարի եղել է ինքնակառավարվող, քանի որ 1991 թ․ դեկտեմբերին այդ հայաբնակ շրջանը ժողովրդավարական կերպով քվեարկել է Ադրբեջանի ենթակայությունից դուրս գալու և անկախություն հռչակելու օգտին։ Արցախի հայերը մինչ օրս մասնակցել են (անուղղակիորեն կամ ուղղակիորեն) Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններին իրենց ինքնավար կարգավիճակի շուրջ, որոնք ընթացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որի համանախագահներն էին ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան։
2020 թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի Փաշինյանի վարչախմբին պարտադրված պարտվողական համաձայնագրից հետո, Ադրբեջանը Արցախի՝ հայկական ինքնավար տարածքը կտրվեց արտաքին աշխարհից 9 ամիս շարունակ՝ սննդի ու դեղորայքի մատակարարումը հասցնելով զրոյի, առաջացնելով սով, այդ թվում՝ երեխաների շրջանում խիստ թերսնում։ Դրան հաջորդեց 2023թ․ սեպտեմբերի 19-20-ին նոր ռազմական հարձակում, որի արդյունքում Արցախի մնացած 120 000 հայերը բռնագաղթի ենթարկվեցին իրենց պատմական հայրենիքից՝ մի գործընթաց, որը շատերը բնութագրում են որպես ցեղասպանություն։ Այս փախստականները մինչ օրս չեն ստացել որևէ հատուցում և չեն կարողանում վերադառնալ իրենց տուն։
2025 թ․ մարտի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները հայտարարեցին երկու պետությունների միջև երկարամյա հակամարտությունը լուծելու նպատակով կնքվելիք համաձայնագրի պատրաստ լինելու մասին։ Մենք պնդում ենք, որ այս գործընթացը պարտադրվել է Հայաստանին Ադրբեջանի և նրա հովանավորների կողմից՝ հարկադրանքի պայմաններում։ Այս համաձայնագիրը հիշեցնում է 1938թ․ Մյունխենի դավաճանական ակտը, երբ Չեխոսլովակիան զոհ գնաց հանուն խաղաղության պատրանքի՝ պարգևատրելով ագրեսորին և ոչ թե զսպելով նրան։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը մերժել այս համաձայնագիրը և հանդես գալ դրա վավերացման դեմ։
Կարդացեք նաև
Որպես պետական կառավարման և հանրային քաղաքականության տարբեր ոլորտների գիտնականներ և փորձագետներ՝ մենք խորապես հավատարիմ ենք խաղաղության և կայունության գաղափարին, այդ թվում՝ Կովկասում։ Սակայն խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, միջազգային իրավունքի պահպանման և երկարաժամկետ կայունության վրա։
Դա ենթադրում է ոչ միայն անցյալի անարդարությունների լուծում և մեղավորների պատասխանատվության ենթարկում, այլև զոհերին արժանապատվորեն վերաբերվելու, կարեկցանքի և հարգանքի արժանացնելու պարտավորություն։ Ըստ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60/147 բանաձևի՝ «Ընդհանուր սկզբունքներ և ուղեցույցներ՝ ուղղված մարդու միջազգայնորեն ամրագրված իրավունքների խախտումների և մարդասիրական իրավունքի լուրջ ոտնահարումների զոհերի վերականգնման իրավունքին»՝ նման զոհերը ունեն արդարության մեխանիզմներից օգտվելու և փոխհատուցում ստանալու իրավունք։ Բանաձևը նշում է հատուցման հինգ ձև՝ վերականգնում, փոխհատուցում, վերականգնողական ծառայություններ, բավարարում և չկրկնման երաշխիքներ (restitution, compensation, rehabilitation, satisfaction, and guarantees of non-repetition.)
Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է պահել բազմաթիվ հայ ռազմագերիներ։ Չնայած այն պաշտոնապես ընդունում է միայն 23 ռազմագերի, իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ իրական թիվը առնվազն 80 է։ Նրանց պաշտպանները հաստատում են, որ ռազմագերիները պահվում են դաժան պայմաններում և ենթարկվում են խոշտանգումների։ Այս խախտումներն իրավապաշտպան կազմակերպությունների կողմից փաստագրված են, այդ թվում՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, «Human Rights Watch»-ի և Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցներում։
Առանձնապես մտահոգիչ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) վտարումը Ադրբեջանից, քանի որ այն միակ կազմակերպությունն էր, որը մուտք ուներ ռազմագերիներին, պատանդներին և անազատության մեջ պահվող այլ հայերին։ Բացի այդ, տեղեկություններ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է վտարել նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն (UNHCR) ու Զարգացման ծրագիրը (UNDP)։
Ամենախոր մտահոգություն առաջացնում է այն զիջողական քաղաքականությունը, որին դիմում է Հայաստանի ներկայիս կառավարությունը՝ սկսած 2020թ.նոյեմբերի 9-ի զինադադարից։ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի ճնշման ներքո Հայաստանի կառավարությունը համաձայնել է փոխել Սահմանադրությունը՝ հեռացնելով դրույթներ, որոնք, ըստ Ադրբեջանի, սպառնում են նրա տարածքային ամբողջականությանը։ Վերջինս այդ պնդումը օգտագործում է ագրեսիան արդարացնելու նպատակով։ Կառավարությունը նաև համաձայնել է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման, պատանդների ու ռազմագերիների ազատ արձակման և Արցախի բնիկ հայ բնակչության՝ իրենց հողերը վերադառնալու հարցերից։ Ավելին, Հայաստանը համաձայնել է հետ կանչել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը միջազգային դատարաններից և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը 1994 թ․ վերահսկում էր Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը։ Բացի այդ, Հայաստանը համաձայնել է նաև Ադրբեջանին տրամադրել միջանցք՝ Հայաստանի տարածքով, որի վերահսկողությունը ամենայն հավանականությամբ կիրականացնի Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ)։
Չնայած այս ամենին, Ադրբեջանի նախագահ Ալիևը շարունակում է կիրառել ռասիստական քաղաքականություն և ատելության քարոզչություն հայերի դեմ՝ թունավորելով խաղաղության գործընթացը և անտեսելով փոխադարձ հարգանքի ու խաղաղ գոյակցության սկզբունքները։ Նա պահում է տասնյակ ռազմագերիներ, որոնց դատավարությունները Բաքվում վերածվել են հակահայկական քարոզչության գործիքի։ Նա նաև դեռ շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի զգալի հատվածներ և աստիճանաբար ընդլայնում է իր վերահսկողության գոտին։
Հայաստանի ներկայիս ռազմավարությունը հիշեցնում է 1930-ականների քաղաքականությունը, երբ Մյունխենյան համաձայնագրով նացիստական Գերմանիային թույլ տրվեց միացնել Չեխոսլովակիայի Սուդետյան շրջանները։ Վեց ամիս անց Հիտլերը ներխուժեց ամբողջ Չեխոսլովակիա՝ ապացուցելով, որ զիջողականությունը միայն քաջալերում է ագրեսորին։ Միջազգային կարևոր բանակցություններում մասնակցած անձանց համար ակնհայտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացը միակողմանի է և Հայաստանին պարտադրված՝ այն դարձնելով խոցելի նոր տարածքային կորուստների առջև։
Հարկ է նշել, որ Հայաստանի ներկա կառավարությունը 2021թ․ ընտրությունների ժամանակ չէր խոստացել խաղաղության համաձայնագիր կնքել, հետևաբար՝ չունի դրա համար անհրաժեշտ ժողովրդական լեգիտիմություն, հատկապես եթե հաշվի առնենք, որ նրա վարկանիշը կազմում է ընդամենը 11 տոկոս։ Արևմտյան ժողովրդավարությունները, որոնք կարևորում են խաղաղությունը Կովկասում և Հայաստանի շահերը, պետք է կանգնեն Հայաստանի ժողովրդի կողքին և թույլ չտան, որ Ադրբեջանը ստանա հերթական զիջումը մի կառավարությունից, որն իր իշխանությունը պահպանելու համար պատրաստ է զոհաբերել ազգային շահերը։ Համաձայնագիրն իր ներկայիս ձևով, հանգեցնելու է ոչ թե խաղաղություն, այլ բերելու է նոր պատերազմ, թշնամություն և տառապանք։
Հեղինակներ՝ Լիլիա Առաքելյան, Դավիթ Ա. Գրիգորյան, Գայանե Հովակիմյան, Էդուարդ Աբրահամյան, Հենրի Ս. Թերիո և Ավրինգ Շավայս