Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակակից կառուցակարգերը փաստորեն ի զորու չեն ապահովել փաստաբանների իրավունքների պաշտպանությունը եւ արդյունավետ գործունեությունը». Սիմոն Բաբայան

Ապրիլ 23,2025 15:51

ՀՀ Փաստաբանների պալատի կազմակերպած «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիա. կարիքը եւ ակնկալիքները» թեմայով միջազգային համաժողովին մասնակցեցին Հայաստանի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Բեյրութի փաստաբանական միությունների նախագահները, բարձրաստիճան ներկայացուցիչներ Վրաստանի փաստաբանների պալատից եւ Ֆրանսիայի մի քանի քաղաքների փաստաբանների միություններից, ինչպես նաեւ մի շարք միջազգային միություններից:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ջերմորեն ողջունեց համաժողովի կազմակերպիչներին, աջակիցներին, ժամանած հյուրերին եւ նրանց, ովքեր համաժողովի աշխատանքներին մասնակցում են հեռավար: «Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հատկապես մեր ֆրանսիացի գործընկերներին, որոնք գործուն աջակցություն են ցուցաբերել, այդ թվում՝ ֆինանսական, Արցախից բռնի տեղահանված մեր փաստաբաններին: Կարծում եմ, այսօրվա միջոցառման խորագիրը եւ մեր գործընկերների առաքելությունն ամբողջությամբ համահունչ են: Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ մեր ֆրանսիացի գործընկերները Հայաստանի եւ Արցախի դժվար օրերին միշտ եղել են մեզ հետ, միշտ ցուցաբերել են թե բարոյական, թե իրավական, թե ֆինանսական աջակցություն մեր արցախցի գործընկերներին»,-ասաց պարոն Բաբայանը:

Անդրադառնալով փաստաբանի մասնագիտության պաշտպանվածության, կարիքների եւ ակնկալիքների մասին կոնվենցիայի գաղափարախոսությանը՝ Սիմոն Բաբայանը նշեց. «Դա այսօր բարձրացվել է կոնվենցիոն տիրույթ եւ նպատակ ունի վերպետական մակարդակում ապահովել արդարադատության համակարգի այս կարեւոր դերակատարի՝ փաստաբանի իրավունքների պաշտպանությունը: Սակայն մյուս կողմից պետք է արձանագրել, որ նման անհրաժեշտության փաստը ինքնին մտահոգիչ է: Փաստորեն ժամանակակից աշխարհում փաստաբանների իրավական պաշտպանության կարիքն առ այսօր առկա է: Եվ այդ անհրաժեշտությունը ի վերջո մտահոգության տեղիք է տալիս, որ ժամանակակից կառուցակարգերը փաստորեն ի զորու չեն ապահովել փաստաբանների իրավունքների պաշտպանությունը եւ արդյունավետ գործունեությունը: Ուստի փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիան պետք է դառնա այն ելակետային նշաձողը, որը կնպաստի ներպետական մակարդակում ապահովել փաստաբանի մասնագիտական գործունեության իրացումը եւ իրավունքների պաշտպանությունը:

Կարծում եմ, այդ կոնվենցիոն կարգավորումը եւ պետությունների միանալը անհրաժեշտություն է ժամանակակից փաստաբանական գործունեությունում, որովհետեւ մենք տեսնում ենք տարբեր մարտահրավերներ: Տեղ կա, որ փաստաբանները երբեմն ենթարկվում են բռնության կամ երբ որ փաստաբանների իրավունքները այնքան են նսեմացվում եւ ոտնահարվում, որտեղ ինքնին իրավունքի պաշտպանության գաղափարը դառնում է իմաստազուրկ: Եվ այս ամենի համատեքստում, թեև կան նաեւ պետություններ, որտեղ օրենսդրական մակարդակով ամրագրված են այն անհրաժեշտ երաշխիքները, որոնք կարծես պետք է իրագործվեն, սակայն այս իրագործումը, ցավոք, ոչ միշտ է տեղի ունենում:

Այս առումով կոնվենցիոն կարգավորումը այն անհրաժեշտ միջոցն է եւ գործիքակազմը, որը կնպաստի փաստաբանական գործունեությանը: Եվ մենք գիտենք. ցանկացած արդարադատության համակարգում առանց պաշտպանության կողմի, առանց փաստաբանական գործունեության ինքնին հնարավոր չէ իրագործել արդարադատության գաղափարը: Եվ այդ գաղափարը կասկածի տակ դնելը կասկածի տակ է դնում ինչպես ժողովրդավարական սկզբունքները, այնպես էլ պետության՝ ինքնին իրավական համակարգի առկայությունը որպես այդպիսին:

Կարծում եմ, մենք այսօր կարիք կունենանք քննարկելու բազում հարցեր, վեր հանել մեր մասնագիտությանն առնչվող խնդիրներ, դիտարկել դրանց հնարավոր լուծման ուղիները տարբեր մակարդակներում: Կրկին ողջունում եմ ներկաներին եւ մաղթում արգասաբեր քննարկումներ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930