ՀՀ փաստաբանների պալատի հրավիրած «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիա. կարիքը եւ ակնկալիքները» խորագրով միջազգային համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, որը սիրով պատասխանեց Aravot.am-ի հարցերին:
-Այս միջազգային համաժողովը հրավիրելը ի՞նչ նպատակ ունի եւ դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք դրա աշխատանքներից:
-Ինչպես գիտեք, Եվրոպայում նախապատրաստվում է այս կոնվենցիայի ընդունում, որին Հայաստանը, եթե ցանկանա, պետք է միանա: Այդ կոնվենցիայով լրացուցիչ երաշխիքներ են սահմանվում փաստաբանների իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Փաստաբանների պալատի համար: Այսինքն, այդ կոնվենցիան պաշտպանելու է փաստաբանի եւ Փաստաբանների պալատի անկախությունը: Եվ բնական է, որ կառավարությանը որոշակի պարտադրանք է լինելու՝ չխառնվել, չմիջամտել թեկուզ Փաստաբանների պալատի ինքնակառավարման գործերին, իսկ փաստաբաններին վերաբերող հարցի, օրենք ընդունելու դեպքում լսել նաեւ նրանց կարծիքը: Կան նաեւ մի շարք այլ երաշխիքներ: Այդ թվում՝ փաստաբան–վստահորդ հարաբերությունների առումով, որ փաստաբանն իր վստահորդի մոտ կարող է մտնել ցանկացած ժամանակ ու նմանատիպ այլ երաշխիքներ: Բնականաբար, սա մեր համար շատ կարեւոր է:
-Հայաստանում փաստաբանների պաշտպանվածությունը բազմաթիվ խոցելի տեղեր ունի: Կան կոնկրետ փաստեր: Օրինակ, երբ ոստիկանական բաժանմունքում փաստաբանների են խոշտանգում, դատարանի դահլիճում դատավորը փաստաբաններին մեղադրում է լրատվամիջոցներին ինչ-որ խորհուրդներ տալու մեջ, կամ փաստաբանների հարկային բեռը մեծացնելու մասին ընդունված օրենքը, որով կտրուկ նվազեցվում է քաղաքացու՝ իրավական պաշտպանություն ստանալու հնարավորությունները եւ այլն: Այս օրինակները պատրաստվո՞ւմ եք համաժողովում ներկայացնել Եվրոպայի ձեր գործընկերներին եւ քննարկման թեմա դարձնել:
Կարդացեք նաև
-Պարադոքսալ կարող է հնչել, բայց, այո, փաստ է, որ փաստաբանն ունի պաշտպանության կարիք: Վերջին ժամանակներում դա հիմնավոր ընդգծվեց, որ այո, մենք էլ պետք է որոշակի երաշխիքներ ունենանք: Ձեր բերած օրինակները ոչ միայն այստեղ ենք ներկայացնելու, այլ դրանք արդեն ներկայացված են, որովհետեւ մենք փորձի փոխանակման, կոնսուլտացիաների շրջանակներում պարբերաբար դրանց մասին իրազեկում ենք: Ես հիշում եմ նաեւ, որ տարիներ առաջ մենք նման զեկույց պատրաստեցինք այն խնդիրների մասին, որոնց բախվում են փաստաբանները՝ փաստաբանների իրավունքների խախտում, երբ փաստաբաններին ճնշում էին, հայհոյում, վիրավորում ինչ-որ մի խմբի համար անցանկալի մարդու պաշտպանելու համար, երբ պետական մարմինների կողմից ոստիկանները փաստաբաններին խոշտանգեցին եւ մենք ստիպված սկսեցինք բողոքի ակցիաներ կազմակերպել: Նմանատիպ դեպքերը խոսում են փաստաբանների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին: Եվ դա շատ ակնհայտ է: Օրինակ, փաստաբանության օրվա հետ կապված, կառավարության որեւէ անդամ, որեւէ գերատեսչական մարմին չի շնորհավորել փաստաբաններին: Այսինքն, այս ինստիտուտը իրենց համար անընդունելի ինստիտուտ է: Ինչո՞ւ, որովհետեւ այս ինստիտուտը միշտ փորձում է իրերը կոչել իրենց անտուններով, նրանց թերությունները ցույց տալ, ինչը խնդիր է առաջացնում իրենց համար:
-Ասացիք, որ խնդիրները ժամանակին բարձրացվել են միջազգային ձեր գործընկերների առջեւ: Բայց այսօր միջազգային համաժողով է եւ հեղինակավոր մասնագետներ հավաքվել են մեկտեղ:
-Այսօր, օրինակ, զեկույցներ են հնչելու, փաստաբանի պաշտպանության հետ կապված հարցեր են քննարկվելու: Ես ինքս էլ զեկույց ունեմ: Անպայման կոնկրետ օրինակներ են բերվելու, խոսելու ենք փաստերով, որ կա այսպիսի վիճակ, ձեր մո՞տ ինչպես է: Փորձի փոխանակում է լինելու: Դրա համար Հայաստանի կառավարությունը ինքը պետք է գիտակցի, որ բոլորն իմանալու են իր սխալների մասին: Եվ սա էլ ճնշման լրացուցիչ միջոց է կառավարության նկատմամբ, որպեսզի նա էլ իրեն զսպված պահի փաստաբանների նկատմամբ նոր բաներ հորինելու հարցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ