Լրահոս
Օրվա լրահոսը

Զորավար Անդրանիկը` ռուս գեներալներից մեկին. «Այս նահանջ կատարյալ կեղծիք մըն է, դուք կուզեք, որ Հայաստան առանց հայու մնա, ահա ձեր մտապատկերը…». Զրույց Մեծերի մասին

Ապրիլ 23,2025 23:00

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու առաջին օրերին՝ 1914թ. օգոստոսի սկզբներին, Զորավար Անդրանիկը գտնվում էր Բուլղարիայում, և շուտով՝ ընկերների գաղտնի կանչով, հասնում է Թիֆլիս: Նույն օրերին Վրաստանի Ձաղվեր ամառանոցում էր Հովհաննես Թումանյանը, որն իրավիճակի մասին գրել է. «Ամենքս կլանված ենք պատերազմով: Ամենքս դարձել ենք ռազմագետ»:

Հայոց 2 մեծերի՝ Թումանյանի և Անդրանիկի բարեկամական հարաբերությունների և մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ապրիլի 22-ին Երևանում՝ «Նարեկացի» արվեստի միությունում, տեղի ունեցավ զրույց-դասախոսություն: Գրականագետ, բ․ գ․ թ․ Երևանի Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանը, որը տարիներ շարունակ ուսումնասիրել է ամենայն Հայոց բանաստեղծի կյանքն ու գործունեությունը, հանդես եկավ հերթական «Ազգային ճակատագրի արհավիրքների մեջ. Հովհաննես Թումանյան-Անդրանիկ Օզանյան» թեմայով դասախոսությամբ՝ նվիրված Զորավար Անդրանիկի ծննդյան 160 ամյակին: Մոտ 1 ժամ տևած զրույց-դասախոսության ընթացքում ներկաները՝ թեմայով հետաքրքրվողներ, ուսանողներ, ծանոթացան ժամանակի մեծ մարդկանց՝ մշակույթ-գրականության ներկայացուցչի ու ֆիդայի-զինվորականի բարեկամական կապի ու նրանց կյանքի պատմությանը՝ սկսած 1904 թվականից մինչև 1917-ը։ Մեր ժողովրդի կյանքում կարևոր, հաղթանակների ու առավել ողբերգական ժամանակներում 2 մեծերը փորձել են հայությանը դուրս բերել դժվար իրավիճակներից։ Երբեմն հաջողվել է, սակայն հաճախ դեմ են առել ծանր խնդիրների։

«Եթե մենք մի ժողովուրդ ենք, որ արժանի ենք ավելի լավ օրերի ու ապագայի, պետք է սնունդ ու ծավալ չառնեն անմիաբանության վատ ջանքերը մեր մեջ՝ մեր սրբազան ձգտումի վայրկյանին»: Այսպես է ոգևորել Թումանյանն իր ժողովրդին 1915 թ. մայիսին: Եվ այդ խոսքերի հավատի ուժը Թումանյանն ստանում էր նաև Անդրանիկ զորավարի ջոկատի հաղթական պաշտպանական մարտերից՝ Արճավազում, Ախլաթում, Դատվանի ուղղությամբ:

Թումանյանը, կողմնակից լինելով Հայոց կամավորական ջոկատների ստեղծմանը, ներգրավվել էր Ազգային բյուրոյի աշխատանքներին: Եվ երբ բյուրոյի ենթակայությամբ 1914թ. հոկտեմբերից գործել է «Պատերազմից վնասվածներին օգնող կենտրոնական կոմիտեն»՝ Թիֆլիսի հայկական թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Տեր Մովսիսյանի նախագահությամբ, բնական է՝ Հայոց ցավով տառապող Թումանյանն այդ կոմիտեի կազմում էր:

Իսկ Անդրանիկն իր 500 զինվորներով ճանապարհ է ընկնում դեպի Վան՝ Սալմաստով: Կար հավատ ու հույս ռուսական աջակցության վերաբերյալ: Թումանյանը նույն օրերին մամուլում հանդես էր գալիս հոդվածներով։ «Երրորդ զարկը» հոդվածում գրում է․ «Կովկասում վարած ռուսական պատերազմներից երեքը հայ ժողովրդի համար եղել են սրբազան, ազգային պատերազմ. Առաջինը 1827-28 թթ. Երևանի պատերազմը։

Երկրորդը 1877-78 թթ. Ղարսի պատերազմը։ Երրորդը՝ այժմյան պատերազմը։ Առաջինը հայ ժողովրդի մի մասն ազատեց մի անհույս դժոխքից ու ազգովին ապրելու հույս ներշնչեց։ Երկրորդը դրեց ինքնավար Հայաստանի հարցը: Երրորդը բերելու է թուրքահայերին ազգային ինքնավար կյանք»։ Հոդվածի շարունակությունն է կարծես «Վերջին տագնապը» բանաստեղծությունը:

Նույն հավատով էր Անդրանիկը, որը 1915 թ. փետրվարի 10-20 Թիֆլիսում էր՝ բուժման նպատակով: Սակայն կրկին ռազմի դաշտ վերադարձավ փետրվարի 27-ին: 1915 թ. ապրիլի 15-18-ին Թուրքիա-Պարսկաստան սահմանագլխին տեղի է ունեցել Դիլմանի հերոսական ճակատամարտը՝ հայ-ռուսական ուժերի հաղթանակով:

Այս ճակատամարտում Անդրանիկի և նրա կամավորների քաջագործության մասին գովեստով են գրել ռուս գեներալներ Չեռնոզուբովը, Տրուխինը և ուրիշներ, իսկ գեներալ Նազարբեկյանը նշել է․ «Դիլմանի համբավավոր ճակատամարտը շահողը զորավար Անդրանիկն էր»։ Նույն օրերին Թումանյանը մեկնել էր Բաքու՝ դպրոցներ այցելելու և ռազմաճակատ մեկնող կամավորներին քաջալերելու: Ոգևորության արդյունք է «Վերջին օրը» բանաստեղծությունը։ 1915 թ. մայիսին Անդրանիկը Վանում էր, և մայիսի 6-ին Վանի բերդի վրա ծածանվել է Հայոց դրոշը։ Քազաքում ստեղծվել է քաղաքական վարչություն՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:

Հունիսի 14-ին Վան է հասնում նաև Թումանյանը: Տեղեկանում է՝ չնայած Անդրանիկը նահանջի կարգադրություն էր ստացել, բայց հրաժարվելով նահանջել, իր պատասխանատվությամբ շարունակել  է մարտը: Ոգեշնչող օրերին է նվիրված Թումանյանը նոր գրած «Վան ու Երևան» բանաստեղծությունը՝ կարևորելով Հայոց 2 մայրաքաղաքների ազատագրումը ռուսական զորքերի աջակցությամբ: Սակայն նույն ժամանակ էլ զգացվեց՝ ռուսական օգնությունը խաբուսիկ էր: Նույն ռուսական հրամանատարությունը 1915թ. հուլիսի 12-ին կրկին նահանջի հրաման է արձակում:

Անդրանիկը ռուս գեներալներից մեկին ասում է. «Այս նահանջ կատարյալ կեղծիք մըն է, դուք կուզեք, որ Հայաստան առանց հայու մնա, ահա ձեր մտապատկերը… Հոս դավադրություն մը և խաղ մը կա»:  Նահանջող զորքի հետ ստիպված էր հետ քաշվել նաև Անդրանիկի ջոկատը: Թումանյանը, որ Էջմիածնում էր՝ գաղթականների հարցերով, Անդրանիկի մասին ծոցատետրում գրել է. «Անդրանիկը՝ դուրսը իր խմբի մնացորդը, ինքը՝ ներսը, խորտակված և հուսահատված»:

Հետագայում Թումանյանի այդ օրերի գերմարդկային գործունեության մասին իր հուշերում գրել է Անդրանիկը․ «Իր ցեղին բեկորներու համար ու տքնեցավ անոնց ցավն ու վիշտը բաժանելով: Իր արինակիցներուն դառն վիճակը և չարչարանքները խլեցին իր խնդուն ճակատեն ու աչքերեն ժպիտն ու ծիծաղը՝ անթեղելով իր սրտի մեջ իր ցեղի ցավը»։

1916 թ. մարտի 18-ին Անդրանիկը վերջնականապես հրաժարվել է զորամասի հրամանատարությունից և մեկնել Թիֆլիս: Հետագայում էլ Հայոց 2 մեծերը, ովքեր ազգային հարցում նույն հայացքներն ունեին, հաճախ են հանդիպել, զրույցների ընթացքում քննել հայոց ճակատագիրն ու իրենց իսկ անելիքը:

1918թ․ մայիսյան Ղարաքիլիսիայի դեպքերից հետո երկար ժամանակ Թումանյանն Անդրանիկի գործողություններից տեղյակ է եղել միայն մամուլից։ Նրանց նամակագրական կապը վերականգնվել է 1918թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ Զորավարը պաշտպանում էր Զանգեզուրը: Զրույցի ընթացքում Ա․ Եղիազարյանը հատվածներ ընթերցեց Հովհաննես Թումանյանի և Անդրանիկ Օզանյանի նամակներից:

Դասախոսության վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, եղավ քննարկում այդ օրերի ու ներկայիս վերաբերյալ։

 

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930