ՍԴ ներկայացված դիմումն աննախադեպ էր նրանով, որ վիճարկվում էր ամբողջ օրենքը, այլ ոչ օրենքի որեւէ կոնկրետ դրույթ
Սահմանադրական դատարանն ապրիլի 16-ին որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով, որը ապրիլի 21-ին տեղադրվեց պաշտոնական կայքում: Ինչպես ՍԴ-ն էր արձանագրել, հատուկ կարգավիճակ ունեցող սուբյեկտի՝ պատգամավորների ներկայացուցիչն էր նախկին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Փորձեմ ներկայացնել այս գործից որոշ մանրամասներ, հնարավորինս պարզ, հասկանալի, զերծ մնալով իրավաբանական խրթին հասկացություններից, տերմիններից:
Սահմանադրական դատարանի՝ 2022 թ. փետրվարի 25-ի ՍԴԱՈ-47 աշխատակարգային որոշմամբ այս գործն ընդունվել է քննության, որոշվել է գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով: Ապա նույն թվի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-115 աշխատակարգային որոշմամբ վարույթը կասեցվել է` մինչեւ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի»՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից խորհրդատվական կարծիք ստանալը: 2022 թ. դեկտեմբերի 23-ին ստացվել է Վենետիկի հանձնաժողովի 2022 թ. դեկտեմբերի 19-ի CDL-AD(2022)048 խորհրդատվական կարծիքը (թիվ 1108/2022): Թվում էր խանգարող հանգամանք այլեւս չկա. 2023 թ. հուլիսի 7-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ այս գործի վարույթը վերսկսվում է:
Կարդացեք նաև
Բայց 2023 թ. հուլիսի 7-ի ՍԴԱՈ-84 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կրկին կասեցվում է` մինչեւ ՀՀ գլխավոր դատախազությունից աշխատակարգային որոշմամբ պահանջվող տեղեկությունների եւ այլ ապացույցների ստացումը: Դատախազության պատասխանն ստացվում է 2023 թ. օգոստոսի 18-ին։
Զեկուցող դատավորը դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին, դատական դեպարտամենտին, որոնց պատասխանները ստացվում է երկու տարի առաջ…
Այս տարվա մարտի 25-ին գործի վարույթը վերսկսվում է:
Դատարանն անհնար է համարում ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի մասնակցությունը սույն գործով քննությանը:
2025 թ. մարտի 26-ի ՍԴԱՈ-47 աշխատակարգային որոշմամբ ՍԴ-ն որոշել էր գործով զեկուցող դատավորի պահանջով ՀՀ դատական դեպարտամենտից ստացված նյութերը՝ դրանցում պարունակվող տեղեկությունների՝ գործով հնարավոր որեւէ ելքի համար նշանակություն չունենալու, ինչպես նաեւ դրանցում հիշատակված անձանց մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության՝ Սահմանադրության 31 եւ 34-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին առանց իրավաչափ նպատակի անհամաչափ միջամտությունը բացառելու նկատառումներով չճանաչել գործի նյութեր:
Ըստ դիմողի՝ օրենքով նախատեսված կարգավորումների արդյունքում Հայաստանի իրավական համակարգ է ներմուծվել «առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման կառուցակարգ» (civil forfeiture կամ non conviction based confiscation), որի համաձայն՝ որոշակի ազդակների դեպքում դատախազությունն սկսում է անձի (նրա հետ փոխկապակցված անձանց) գույքի օրինականության ուսումնասիրություն եւ այն դեպքում, երբ անձին (նրա հետ փոխկապակցված անձանց) պատկանող գույքի արժեքը գերազանցում է նրանց օրինական եկամուտները, դիմում է դատարան` քաղաքացիական դատավարության կարգով այդ գույքը բռնագանձելու համար: Դատավարության ընթացքում, եթե անձը կամ անձինք չեն կարողանում ապացուցել, որ գույքի ծագումը հաստատվում է օրինական եկամուտներով, ապա այն բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության: Չնայած առանձին երկրներում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման կառուցակարգին վերաբերող կարգավորումների տարբերություններին՝ դրանք բոլոր դեպքերում մշակվում են լուծելու համար նույն խնդիրը՝ կապված նրա հետ, որ մեղադրական դատավճռի վրա հիմնված բռնագանձումը ոչ բոլոր դեպքերում է իրավապահ եւ դատական մարմինների համար ծառայում որպես արդյունավետ գործիքակազմ՝ հանցագործության արդյունքում ստացված գույքի բավարար չափով բռնագանձման համար։
Դիմողը նշել էր նաեւ մի հանգամանք, որի մասին նրանք բարձրաձայնում են հրապարակային հարթակներում. այն է՝ «աչքի է զարնում օրենքի նպատակի անհստակությունը», այսինքն, գործող օրենքը չի պատասխանում այն հարցին, թե ո՞ր գույքն է նախատեսվում բռնագանձել, «ապօրինի ծագում ունեցող գույք» հասկացությունը սահմանում է, որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող գույք, ինչպես նաեւ ելնում է այն կանխավարկածից, որ գույքն ապօրինի է միմիայն այն բանի ուժով, որ առկա չեն դրա օրինական ծագումը հիմնավորող ապացույցներ, եւ գույքի ապօրինի ծագումը որեւէ կերպ չի պայմանավորում քրեական օրենսգրքով նախատեսված արարքի կատարման կամ վարչական իրավախախտման հետ եւ հստակ չէ, թե ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում օրենքով նախատեսված՝ քրեական գործի քննությանը զուգահեռ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վարույթի իրականացման հնարավորությունը:
72 կետով դիմողն ադրադարձել է օրենքի բացթողումներին:
Պատասխանող Ազգային ժողովը (ԱԺ աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մարի Ստեփանյան) պատասխանել էր. «Պետություններում կարող են գոյություն ունենալ միանգամայն տարբեր գործիքակազմերի միջոցով միեւնույն գերակա նպատակին հասնելուն ծառայող տարբեր ինստիտուտներ, եւ դրանց միաժամանակյա գոյության փաստը միայն չի կարող վկայել դրանցից որեւէ մեկի՝ մյուսին այլընտրանք հանդիսանալու հանգամանքի մասին»: Նաեւ նշել էր. «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման գործիքակազմը միտված է հասնելու հանցավոր գույքի շրջանառության դեմ պայքարի գերակա նպատակին ոչ թե անձանց պատասխանատվության ենթարկելու, այլ ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից դուրս բերելու եւ ֆինանսական բնույթի հանցագործությունների գրավչությունը նվազեցնելու միջոցով» (16 կետով):
ՍԴ-ն իրավական դիրքորոշման մասին խոսում է որոշման 19-րդ էջից, ՍԴ վերլուծությունը սկսվում է 82 էջից, իսկ որոշման ծավալը 101 էջ է:
Սա այս տարվա ամենամեծ ծավալ ունեցող որոշումն էր:
Հիշեցնեմ, որ ըստ որոշման. «1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի՝ պաշտոնն ստանձնելու պահից հետո։
- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի
1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։
- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը»:
Դիմող կողմն ուշադրություն էր հրավիրել մի հանգամանքի վրա, որի պատասխանը այդ ծավալուն որոշման մեջ չստացանք: Մասնավորապես՝ «Դիմողը նշում է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածը կարող է տարածվել ընդհուպ մինչեւ 1991 թ. սեպտեմբերի 21-ը, որի արդյունքում անձն ստիպված պետք է լինի ապացուցել օրենքի ընդունումից անգամ երեսուն տարի առաջ ձեռք բերված գույքի օրինականությունը: Օրենքը որեւէ կերպ հաշվի չի առել նաեւ այն տնտեսական տրանսֆորմացիաները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից ի վեր, եւ որոնք կրել են մասսայական բնույթ, այդ թվում՝ լայնածավալ մասնավորեցման գործընթացի, գործարքների իրավական ձեւի, դրանց փաստաթղթավորման հետ կապված առանձնահատկությունները»:
Իսկ դա նշանակում է, որ վարույթի իրականացման եւ դատական պաշտպանության՝ օրենքով նախատեսված կարգավորումներն անձի վրա դնում են ապացուցման անհամաչափ մեծ բեռ, ինչի արդյունքում խախտվում է անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված արդարացի քննության իրավունքը:
Օրենքի համաձայն՝ վարույթը դատարանում իրականացվում է քաղաքացիական դատավարության կարգով, մինչդեռ մինչեւ դատավարությունը եւ բուն դատավարության ընթացքում որպես կողմ հանդես է գալիս իշխանական լիազորություններով օժտված իրավասու մարմինը (դատախազությունը), որին օրենքը վերապահում է նաեւ մի շարք առավելություններ: Մենք գործ ունենք նման դատավարությունների ժամանակ «ակնհայտ հակամրցակցային վիճակի» հետ, որում հայտնվում են «քաղաքացիական» համարվող դատավարության կողմերը:
Դատախազության գործառույթները վերլուծելիս, Սահմանադրական դատարանը մի այսպիսի ձեււակերպում էր ներմուծել. «որպես այդպիսին Դատախազությունը հանդիսանում է դատավարության բնույթով չպայմանավորված իրավական միասնական պահանջների եւ վարքականոնների հասցեատեր»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.04.2025