Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019-ից ի վեր՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ արված ուղերձները ցույց են տալիս հռետորաբանության և շեշտադրումների փոփոխություն՝ անցնելով ազգային ինքնության վրա հիմնված մոտեցումից դեպի քննադատության արժանացած դիրքորոշում։
Պաշտոնավարման սկզբնական շրջանում Փաշինյանի ուղերձները կենտրոնացած էին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի ոգեկոչման վրա։ Այս ուղերձներում ընդգծվում էր ազգային ինքնության պահպանումը և ցեղասպանության ճանաչման կարևորությունը։
2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ուղերձներում նկատվում է շեշտադրումների փոփոխություն։ Փաշինյանը սկսեց օգտագործել «Մեծ եղեռն» եզրույթը, ինչը որոշ վերլուծաբանների կողմից մեկնաբանվեց որպես Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ զգուշավորություն։ 2022 թվականին նրա ուղերձում բացակայում էին ցեղասպանության ճանաչման պահանջները, իսկ խաղաղասիրական շեշտադրումները գերակշռում էին։
2019 թվական
Կարդացեք նաև
2019 թվականին Փաշինյանը ընդգծեց, որ ցեղասպանությունը ոչ միայն ֆիզիկական բնաջնջում էր, այլև մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացում։ Նա նշեց. «Մեր շարունակական պայքարը մեր էության, մեր տեսակի պահպանության համար է։ Մոռանալով նրանց հիշատակը, մոռանալով նրանց մշակութային ժառանգությունը՝ մենք կդավաճանենք մեր էությանը։ Նրանց հիշատակը վառ պահելով, պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»:
2020 թվական
2020 թվականին, Արցախյան պատերազմից հետո, ուղերձում շեշտադրվեց ցեղասպանության ճանաչման համամարդկային նշանակությունը։ Նա հայտարարեց. «Ինչո՞ւ մեկ դար անց չեն մարում մեր զգացմունքները, իսկ մեր սրտերում էլ ավելի վառ է այրվում հիշատակի ճրագը:
Պատասխանը պարզ է: Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում:
Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությունը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր»:
2021 թվական
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսևորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների կատարմամբ,- նշված է Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի ուղերձում,- Ապրիլի 24-ը մեր ազգի, մեր ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտորելու ամենապարտադրող պահն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենապատեհ առիթը: Կարևորագույն հետևությունը, որ կարելի է անել դրանից, հետևյալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դրա վառ ապացույցն էր»:
2022 թվական
2022 թվականի ուղերձում արդեն նաեւ գործածվեց «Մեծ եղեռն» բնորոշումը, որով ԱՄՆ-ը նախագահներն էին մինչեւ 2021-ը խուսափում Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու իրենց խոստումից: Փաշինյանի այս ուղերձում շեշտադրվեց խաղաղության և տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը. «Այս գիտակցումն է մեզ հանգեցրել մեր ժողովրդի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, որովհետև սեփական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է և խաղաղությունը: Ու մենք պիտի գնանք այս ճանապարհով
Նաև այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ»:
2023 թվական
2023 թվականի ուղերձում Փաշինյանը նշում է. «Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետևյալն է. արդյոք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունենք՝ անկախ այն բանից, կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով: Բոլոր դժվարություններն ու բարդությունները գիտակցելով՝ մեր կառավարությունը որոշել է գնալ այդ հարցին դրական պատասխան գտնելու ճանապարհով, որովհետև միայն այդ ճանապարհն է, որ կարող է երաշխավորել անվտանգություն և բարեկեցություն»:
2024 թվական
2024 թվականի ուղերձում Փաշինյանը խոսեց ցեղասպանության հոգեբանական ազդեցության մասին՝ նշելով, որ այն կարող է խանգարել ներկայիս իրողությունների ճիշտ ընկալմանը. «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն»:
2025 թվական
2025 թվականի հունվարին Ցյուրիխում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն, առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, կարևորեց մեկ այլ հարց, թե ինչու Հայաստանի օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»:
Այս հայտարարությունը մեկնաբանվեց որպես ցեղասպանության պատմական փաստերի վերանայման փորձ։ «Նրա անհիմն հայտարարությունները անտեսում են տասնամյակների պատմական հետազոտությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որոնք իրականացրել են թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ պատմաբանները, խոչընդոտում են Հայոց ցեղասպանության զոհերի արդարության հասնելու պայքարը և ստեղծում են վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը և Հայաստանի Հանրապետության նկատմամբ նրա շարունակական սպառնալիքները»,- մասնավորապես նշել էր Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման և մարդկային անվտանգության ինստիտուտը: