Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե մենք, այլ Թուրքիան ունի ցեղասպանության պատմությանը վերադառնալու և անցյալի հետ առերեսվելու կարիք. Էդմոն Մարուքյան

Ապրիլ 24,2025 13:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ոճիրի անհերքելիությունը ստիպել է անգամ Օսմանյան դատարանին մեղավոր ճանաչել Ցեղասպանության իրագործողներին և ահա 110 տարի անց հայկական հողի վրա մարդիկ Ցեղասպանության նոր մեղավորներ են ցանկանում նշանակել», – տելեգրամյան գրառման  մեջ նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Չկարծեք, թե Հայոց ցեղասպանությունը հերքելու կամ ուրանալու համար պարտադիր պետք է բոյով մեկ կանգնել ու գոռալ, թե նման բան տեղի չի ունեցել։ Ցեղասպանության ուրացման և հերքման մի եղանակ է մեղքի բաժինը դահիճի ուսերից վերցնելը, կամ ոճիրը «հիմնավորող», «բացատրող» ու «մեկնաբանող» ձևակերպումները։

Ցեղասպանության հերքման դրսևորում է 1.5 միլիոն զոհերի անուն ազգանունների ցուցակագրման ցանկությունը, խորը դիտավորությամբ առանձնացող գիտակցությամբ, որ ներկայիս պայմաններում դա իրատեսական չէ: Ցեղասպանության ուրացման դրսևորում է նաև բացահայտ պատմական փաստերը վերախմբագրելու միտումը, ասելով թե «մենք դեռ պետք է վերադառնանք այդ պատմությանը»:

Ահա ես ձեզ նկարագրեցի, թե ինչպես են ինստիտուցիոնալ արշավը մեկնարկել դեռևս մեկ տարի առաջ ու հիմա ասում են «հոյս արև» չենք ուրանում: Ոճիրի անհերքելիությունը ստիպել է անգամ Օսմանյան դատարանին մեղավոր ճանաչել Ցեղասպանության իրագործողներին և ահա 110 տարի անց հայկական հողի վրա մարդիկ Ցեղասպանության նոր մեղավորներ են ցանկանում նշանակել»,- գրել է Մարուքյանը։

«Ոչ թե մենք, այլ Թուրքիան ունի ցեղասպանության պատմությանը վերադառնալու և անցյալի հետ առերեսվելու կարիք», – ֆեյսբուքյան գրառմամբ էլ նշել է Էդմոն Մարուքյանը։

«Հայոց ցեղասպանությունը իրավաբանորեն և գիտականորեն ապացուցված փաստ է, որը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է արդեն 34 երկիր։

Ոչ թե մենք, այլ Թուրքիան ունի ցեղասպանության պատմությանը վերադառնալու և անցյալի հետ առերեսվելու կարիք, ինչը, սակայն, մինչ օրս հրաժարվում է անել։

Միևնույն ժամանակ, 2020 – 2023 թվականներին Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ իրականացվեց հայ ազգի նկատմամբ երկրորդ ցեղասպանական գործողությունը․ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը։

Հետևաբար, Հայոց ցեղասպանության գլխավոր դասը մեր իրավունքների պաշտպանության հարցը հետևողական ներկայացնելն է, այլ ոչ թե դրանցից հրաժարումը։ Ավելին, ցեղասպանության ժխտումը կամ մեր իրավունքներից հրաժարումը որևէ պարագայում չեն կարող երաշխավորել խաղաղություն և կանխել նոր ցեղասպանությունների վտանգը», – գրել է նա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930