Aravot.am-ը ֆեյսբուքի իր էջում մի քանի օր առաջ «Ապրիլ 24. պատմությունը մեր ձայնով» խորագրով արշավ էր սկսել՝ հրապարակելով գերմանացի սպա, ցեղասպանության լուսանկարիչ Արմին Վեգների հայտնի լուսանկարը: Մեր հետեւորդներին խնդրել էինք միանալ համազգային հիշողության արշավին, մեկնաբանությունում գրել սեփական ընտանիքի պատմությունը՝ Ցեղասպանությունը վերապրած տատիկ-պապիկից կամ այլ հարազատից եւ հնարավորության դեպքում կցել որեւէ հին լուսանկար։
Մեր բազմաթիվ ընթերցողներ միացել են արշավին՝ գրելով իրենց գերդաստանի պատմության մասին: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
«Տատիկս միշտ պատմում էր թե ինչպես են փախել Մուշից: Ընդամենը եղել է 9-10 տարեկան, եւ ամենափոքր քույրը, որը եղել է 2-3 տարեկան ու հոգնել է քայլելուց, ասել են ,որ տատիկս շալակած տանի քրոջը: Եվ երբ բավականին հեռացել են ոտքով, հայրը նկատել է, որ փոքրիկը չկա, հարցրել է` տատիկիս ուր է քույրդ, տատիկս ասել է, որ հոգնել է ու դաշտի մեջ թողել: Տատիկիս հայրը, որը նաև լավ ձիավար էր, անմիջապես իջեցնում է ձիու վրայից բեռը, որ իրենց ողջ ունեցվածքն էր, ու հետ վերադառնում: Սարսափելի տեսարան է լինում, տեսնում է հեռվից թուրքերի ձիարշավը դեպի դաշտ, եւ մեջտեղում աղջիկը՝ լքված դաշտի մեջ … Աննկարագրելի արագությամբ ձիով ուժգին սլանում է՝ առանց իջնելու, կռանում եւ վերցնում աղջկան ու նույն արագությամբ սլանում առաջ: Թուրքերը նկատում են, ընկնում են հետևից, բայց տատիկիս հայրը տեղանքին լավ ծանոթ լինելով՝ կարողանում է արագ ճամփան գտնել, հեռանալ ու հասնում է հարազատներին… Տատիկս հաճախ էր պատմում հոր խոշոր բիզնեսի մասին և արաբների հետ առևտրական մեծ կապերի մասին …»,-գրել է Կարինե Սիմոնյանը:
«Տատիկս պատմում էր, որ իրենք 11 երեխա են եղել ,ապրել են Օրդույում։ Թուրքերը մտել են տուն եւ երեխաների աչքերի առաջ մորթել են հորը, մորը եւ 5 երեխաներին… Մնացած երեխաները փախել են։ Եղեռնից հետո փրկվածները ընկել են հունական, ամերիկյան որբանոցներ… Իսկ պապիկը պատմում էր, որ իր հայրը Էսկիշեհիր քաղաքի շուկայում մսագործ է եղել։ Թուրքերը մտել են շուկա, հորը կապել են կովի մորթման տախտակին եւ մորթել են պապիկիս աչքի առաջ… »,-գրել է Սանամ Կոստանյանը:
Կարդացեք նաև
«Պապիկս Վանից էր, միշտ պատմում էր, թե թուրքերը ինչպես են սպանել իր հորը, հետո մորը, քրոջը տարել են, իսկ ինքը թաքնված է եղել ու այդ ամենն իր աչքով տեսել է… Երբ արդեն մութը ընկել է, ինքն անտառներով փախել է, օրեր շարունակ սոված է եղել, չի հիշում, թե ինչքան ժամանակ է անցել, մինչեւ հայտնվել է Էջմիածին քաղաքում»,-գրել է Սվետլանա Հայրապետյանը:
Աստղիկ Բույիաթյանը գրել է. «Տատիկս պատմում էր, ինչպես են թուրքերը մտել տուն, տաք երկաթը իր նանի ոտքերին դրել, իր ունեցվածքի տեղն են ուզել իմանալ, նաև պատմում էր, թե ինչպես են իր ծնողները լողալով Արազն անցել ու հաստատվել Իրանում»:
«Մեր մեծ գերդաստանի ամենամեծը՝ Ազնիվ տատը կարսեցի էր։ Համաչափ դիմագծերով, սպիտակամաշկ, ֆիզիկապես ամուր, փոքրամարմին կին էր, բայց աչքերը հաճախ էին թացանում․ Հայոց ցեղասպանության մասին հուշերը հանգիստ չէին տալիս, հատկապես որ այդ դաժան ճանապարհին կորցրել էր աղջկան՝ Լուսիկին։ Թե ինչ դժոխքով էր անցել, միայն ինքը գիտեր։
Ամուսնուն՝ Մուրադին, ինչպես եւ թաղի բոլոր տղամարդկանց, հավաքել, տարել էին անհայտ ուղղությամբ։ Երեխաների հետ անպաշտպան մնացած Ազնիվը դեմքը մրում էր՝ գեշանալու համար, որովհետև տեսել էր՝ թուրքերն ամենասիրուններին էին տանում։ Չգիտեմ՝ ինչպես, բայց նրան հաջողվում է երեխաների հետ փախչել ու թաքնվել։ Ասում էր՝ սողեսող էինք գնում, որ մեզ չնկատեն։ Քարքարոտ ճամփեքին ծնկները պլոկվել էին, արյունլվա եղել։ Հյուծված էին, ուտելու ոչինչ չկար։ Սովն այնպես էր տանջել, որ մկների բերանից ցորեն էին պոկել, կերել․․․ Հոգնատանջ և հուսահատ մի կերպ հասնում են Գյումրի։ Քանի որ ֆիզիկական ուժերը լրիվ սպառված էին, երեխաներին՝ Վազգենին և Լուսիկին, ժամանակավորապես թողնում է Գյումրվա մանկատանը՝ խոստանալով, որ կգնա Երևան, արագ աշխատանք և կացարան կգտնի ու կվերադառնա։ Բայց անհանգիստ Վազգենը փախչում ու գալիս է մոր ետևից․ միասին են գնում Երևան։ Նրանց կարճատև բացակայության ընթացքում սիրունադեմ Լուսիկին արտասահմանից եկած անծանոթներ որդեգրում, տանում են։ Ազնիվը փորձեր է անում տեղեկություններ գտնելու, բայց այդ օրերի քաոսի մեջ, նաև գրաճանաչ չլինելու պատճառով, ցավոք, չի կարողանում որևէ բան իմանալ։
Անցնում են ամիսներ, կարսեցի ծանոթները լուր են բերում․ թե բա Մուրադդ, կարծելով, որ արդեն ողջ չես, թազա ջահել կնիկ է գտել, շուտով պիտի ամուսնանա, հասի՛ր։ Անհավանական է թվում, բայց փաստ է՝ վճռական Ազնիվը հասնում է հենց հարսանիքի օրը, երբ քահանան պատրաստվում էր պսակադրության արարողությունը կատարել։ Հավաքվածներից չքաշվելով՝ հարսանիքը հարամում է, իր Մուրադին փախցնում, տանում։ Այդպես ապրում են միասին մի ամբողջ կյանք, ունենում ևս 11 երեխա, որոնցից ողջ են մնում միայն 7-ը։ Այդ 7-ից մեկը Գուրգեն պապս էր, որը 7 տարի (Հայրենական մեծ պատերազմի տարիներին ու հետո) ծառայել է հայ-թուրքական սահմանին։
Եվ, փաստորեն, հարսանիք հարամելը չլիներ, գաղթի ճանապարհին Ազնիվի ճարպկությունն ու հնարամտությունը չլինեին, մեր մեծ ցեղն էլ չէր լինի, ես էլ չէի լինի։ Հիմա մտածում եմ՝ բա որ կրթություն ունենար, ինչեր կաներ։ Փորձություններով կոփված Ազնիվն ազգային ավանդույթի թունդ կծիկ էր։ Երբ աղջիկ թոռների ուզողները գալիս, դուռը ծեծում էին, արդեն թևավոր դարձած խոսք էր կրկնում՝ «Գուրգեն Մուրադյանի տուն ղուշն իր թևով չի մտնի»։ Նրանից սաստվում էին։ Ազնիվը երկար ապրեց, ամուսնուց երկար ապրեց։ Մինչև հիմա էլ մեր սրտերում է ապրում։ Հիմա ինձ ո՞վ կարող է ստիպել իմ նախատատի հիշողություններից հրաժարվել։ Սեփական կենսագրությունից հրաժարվել չեմ կարող։ Հիշում եմ և պահանջում։ Հայոց ցեղասպանությունն էլ կասկածի տակ դնողներին էլ դատապարտում եմ»,-սա Անի Հակոբյանի հարազատների պատմությունն է։
«Պապիկիս հայրը իր եղբոր և քրոջ հետ եկել են Արևելյան Հայաստան Վանի Արտամեդ գյուղից ամենայն հավանակությամբ 1917թ, երբ ռուսական զորքն ամբողջությամբ դուրս եկավ ազատագրած շրջաններից։ Երեքն էլ եղել են փոքր երեխաներ ՝ Գարեգին, Մարգար և Վարսենիկ։ Սակայն իրենց ընտանիքի մեծերը չեն ցանկացել լքել հայրենիքը, և մեծ տատը պապիկիս հոր վերարկուի կոճակների տեղը ոսկե կոպեկներ է կարել՝ հետագայում ապրուստի միջոցներ ստեղծելու համար։ Ցավալին այն է, որ Արևելյան Հայաստանի ճանապարհին նրանց քույրը կորում է, որին ամենայն հավանականությամբ քուրդ կամ թուրք ավազակներն են փախցնում, ու հետագայում էլ այլևս նրանից որևէ տեղեկություն չի ստացվում։
Արաքսն անցնելուց հետո էլ նրանց տանում են Էջմիածնի մանկատուն, որից հետո էլ երկու եղբայր հաստատվում են Արարատի մարզում ՝ շարունակելով Մարգարյանների գերդաստանն արդեն հայրենի այլ հատվածում»,-գրել է Անահիտ Մարգարյանը։
Սա էլ Սիլվա Հովհաննիսյանի պատմությունն է. «Պապիկիս ընտանիքը մի քանի հարեւանների հետ Կարսից գաղթում է, որ Արաքսով անցնեն մյուս ափը,բայց թուրքերը հասնում են հետևներից սպանում են շատերին ու գցում Արաքսը։ Պապս 5 տարեկան է լինում, հարևանը նրան գրկում, սուզվում է ջուրը եւ մի կերպ լողալով հասցնում մյուս ափը։ Պապս է միայն փրկվում իր ընտանիքից եւ մեծանում է որբանոցում։Նրա աչքերի մեջ ես միայն թախիծ,տխրություն ու կարոտ էի տեսնում»:
Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած կամ հրաշքով փրկված իրենց հարազատների պատմությունները պատմած հայերը դատապարտել են Հայոց ցեղասպանության ուրաժման կամ մերժման փորձերը եւ կոչ արել վառ պահել հիշողության կրակը ու պահանջել արդար հատուցում:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ