Լրահոս
Օրվա լրահոսը

30-40 հազար դրամանոց դրոշը՝ 263 հազարով. ԱԺ-ն 87 մլն դրամ է տվել Դվին հյուրանոցում ծառայությունների համար. «Ժողովուրդ»

Ապրիլ 25,2025 10:34

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հունվարի 22-25-ը Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչների ընդունելության կազմակերպման փաստաթղթերը։ Ընդհանուր հաշվով՝ 3 օրվա համար ԱԺ-ն ծախսել է մոտ 223 հազար ԱՄՆ դոլար: ԱԺ-ն 87 մլն 798 հազար դրամ է տվել «Չեփթր» ՍՊԸ-ին։

Իսկ ինչ ծառայություն է մատուցել «Չեփթր» ՍՊԸ-ն:

Պայմանագրում կարդում ենք, որ պատվիրակության այցով պայմանավորված՝ Երևանի Պարոնյան փողոցում 8 դրոշ տեղադրելու համար ԱԺ-ն այդ ընկերությանը վճարել է 2 մլն 95 հազար դրամ (ամեն դրոշի համար՝ 261 հազար ՀՀ դրամ): Մինչդեռ List.am կայքում տեսնում ենք, որ ամենաթանկարժեք դրոշները՝ պատվանդանով, վաճառվում են 30.000 դրամով: Ինչո՞ւ է ԱԺ-ն մոտ 4 անգամ ավելի գումար տվել մեկ դրոշի համար:

Իսկ հյուրընկալ օջախի՝ Դվին հյուրանոցի առջևի մասում ևս 8 դրոշ տեղադրելու համար 1 մլն 888 հազար դրամ է ծախսվել (մեկ դրոշի արժեքը՝ 236 հազար դրամ)։ Դարձյալ կարելի էր սա կազմակերպել 20-30 հազար դրամով:

Համաժողովի հեռարձակումը և տեսաձայնագրությունը արժեցել է 2 մլն 820 հազար դրամ: Ինչո՞ւ և ո՞ւմ է վճարվել՝ պարզ չէ, բայց հիշեցնենք, որ ԱԺ-ում կա մի ողջ լրատվական վարչություն, որտեղ մարդիկ աշխատավարձ են ստանում՝ ԱԺ աշխատանքները լուսաբանելու համար, ունեն տեխնիկական բոլոր միջոցները: Բայց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը որոշել է փաստացի մսխել պետբյուջեի գումարները և այլ մարդկանց շռայլորեն վճարել լուսաբանման համար:

WI-FI ծառայության համար ԱԺ-ն 1 մլն 620 հազար դրամ է վճարել այն դեպքում, երբ «Դվին» հյուրանոցում կա WI-FI:

Պատվիրակության այցով պայմանավորված՝ Ազգային ժողովը «Դվին» հյուրանոցային համալիրի համար ոչ միայն լինոլիում է գնել, այլ նաև 22 մետր երկարությամբ վարագույր՝ 600 հազար դրամ արժողությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, որ «Չեփթր» ՍՊԸ-ն նորաբաց ընկերություն է, որը պետական գրանցում ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ընկերության իրական շահառուն, ըստ ԱՆ պետռեգիստրի, Սիրվարդ Պետրոսյանն է։ Հարց է առաջանում՝ ինչպես է նույնիսկ մեկ տարվա աշխատանքային փորձ չունեցող ընկերությունը մի քանի ամսվա մեջ Ազգային ժողովի հետ կնքում 4 պայմանագիր, գրեթե 120 մլն դրամ արժողությամբ։

Տեղեկացնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Սիրվարդ Պետրոսյանը «Դվին» հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930