ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը մերժում է շաքարային դիաբետ տիպ 1 ախտորոշումն ունեցող անձանց նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելու դիմումները՝ պատճառաբանելով, որ այս հիվանդությունը կամ օրգանիզմի ֆունկցիայի խանգարումն այն աստիճան չէ, որպեսզի հանգեցնի հաշմանդամության և/կամ օրգանիզմի ֆունկցիայի խանգարումը անձի մոտ կենսագործունեության որեւէ տեսակի սահմանափակում չի առաջացնում։
Վարչական մարմնի անհիմն որոշումների պատճառով անձինք զրկվում են իրենց իրավունքներն անարգել իրացնելուց ու դրանց երաշխիքներից, որը հակասում է և ՀՀ Սահմանադրությանը, եւ ներպետական օրենքներին։ 2019-2025 թթ․ ընթացքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն 19 դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որոնցից 15-ը բավարարվել է։
«Այս խնդիրները սկսվել են 2019-2020 թվականից, առնվազն մեր կազմակերպությանը դիմել են այդ ժամանակահատվածից: Դրանք վերաբերել են ե՛ւ մինչեւ 18 տարեկան երեխաներին, որոնք ունեցել են շաքարային դիաբետ, ե՛ւ 18 տարին լրացած անձանց, եւ ի՞նչ գործողություններ է կատարել Միասնական սոցիալական ծառայությունը: Մի խումբ անձանց կամ առաջնային կամ հաջորդ գնահատումների ժամանակ մերժել է մինչեւ 18 տարին լրանալը հաշմանդամության սահմանումը՝ սրանք մի խումբ գործերն են, որոնցով դիմել ենք դատարան:
Կարդացեք նաև
Եղել է, որ սահմանել են հաշմանդամության խմբեր, սակայն մեկ-երկու տարով, իսկ կառավարության որոշումը նշում է, որ այս պարագայում պետք է հաշմանդամության խումբը սահմանվի մինչեւ 18 տարին լրանալը: Այս տեսակ գործերով էլ ենք դիմել դատարան:
Եվ մյուս խումբ գործերը հետեւյալն են՝ մինչեւ 18 տարին լրանալը այս անձանց նկատմամբ եղել է սահմանված հաշմանդամ երեխա կարգավիճակ, սակայն 18 տարին լրանալուց հետո միանգամից մերժվել է հաշմանդամության համապատասխան խումբ սահմանելը»,- Մեդիա կենտրոնում կայացած «Շաքարային դիաբետը հաշմանդամություն չէ՞․ ինչո՞ւ է համակարգն ասում ոչ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԻՊԱՍ-ի իրավաբան Նինա Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ ավելի քան 50 գործերով խորհրդատվություն են տրամադրել: Հավելեց, որ դեռեւս 2020 թվականից ունեցել են վերադաս բողոքներ, որոնց մի մասը բավարարվել է, բողոքարկումը եղել է արդյունավետ եւ այդ անձանց համար հաշմանդամության խումբ է սահմանվել, իսկ մյուս դեպքերում որոշումները բողոքարկել են դատարաններում:
Նինա Հակոբյանը փաստեց, որ որոշ դատական գործերի դեպքում դատարանը որոշել է անգամ փորձագետների ներգրավել, որոշ դեպքերում էլ որոշել է, որ փորձագետի կարիք չկա եւ առկա փաստերի շրջանակում է գործերը լուծել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության անձի ֆունկցիոնալության գնահատման եւ աջակցող միջոցների տրամադրման վարչության պետ Ռիմա Եգանյանը նշեց, որ 2019թ դեռևս չէր գործում այն իրավական նորմը, որ երբ անձի համար սահմանվում է հաշմանդամություն, մինչեւ 18 տարեկան երեխաների մասով սահմանվում է մինչեւ 18 տարին լրանալը, նոր որոշումը, որով իրավական ակտում փոփոխություն է կատարվել, կատարվել է 2020թ մարտի վերջին:
«Որեւէ իրավական նորմով չկա դրույթ, որով ասվի, որ անձը մեխանիկորեն հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվում: Նորմի մեկնաբանությունն ի սկզբանե սխալ է դրված եղել, որովհետեւ նորմը գտնվում է որոշման այն բաժնում, որը վերաբերում է ժամկետներին: Այսինքն, երբ մինչեւ 18 տարեկան երեխային հաշմանդամություն է սահմանվում, սահմանվում է մինչեւ 18 տարին լրանալը՝ միայն հաշմանդամության կարգավիճակը սահմանելու դեպքում եւ ոչ թե մեխանիկորեն է սահմանվում հաշմանդամություն»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի