Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հասմիկ Ավագյանի նշանակումը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, քանի որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում նրա՝ հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ աշխատած ժամանակ բուհում իրականացված աուդիտի արդյունքներով խախտումներ էին հայտնաբերվել՝ քննական բաց տեղեկագրեր, մատիտով գրանցված գնահատականներ, որոնց դիմաց առկա էին դասախոսների ստորագրություններ, չթույլատրված գրառմամբ տողեր եւ այլն:
Հասմիկ Ավագյանը ԿԳՄՍ նախարարությունում փոխարինում է Կարեն Գիլոյանին, որը համակարգում էր սպորտի ոլորտը:
Ի դեպ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանը, որին 2023-ի դեկտեմբերի վերջին հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ազատեցին աշխատանքից, հարցազրույցներից մեկում ասել էր, որ իրեն հեռացրել են կոռուպցիոն համակարգի դեմ պայքարելու պատճառով: «Գործիքակազմերն ու ամեն բան այնպես էին դրված, որ քննությունների 60 %-ը ծածկագրված էին` փակ եւ գաղտնի: Կային մարդիկ, որոնց դա, փաստորեն, ձեռք չէր տալիս, քանի որ եթե փոփոխություններ լինեին, պետք է նրանք ուղղակի զուտ աշխատավարձով աշխատեին, իսկ իրենք երեւի սովոր էին երկար տարիներ կոռուպցիոն համակարգով… բայց վատն այն է, որ իրենց հովանավոր կանգնեցին հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանը եւ նույն խորհրդի անդամ Գոհար Մամիկոնյանը»,-հարցազրույցում ասել էր Դավիթ Խիթարյանը:
Կարդացեք նաև
Aravot.am-ը նախարարի մամուլի քարտուղարի միջոցով մեկնաբանություն էր խնդրել Հասմիկ Ավագյանից, թե ինչ կասի իր նշանակմամբ մտահոգվածներին, որոնք չեն հավատում, թե Հասմիկ Ավագյանը կարող է սպորտի ոլորտը անաչառ ղեկավարել, քանի ինստիտուտում իր պաշտոնավարման ընթացքում այդքան խախտումներ են գրանցվել՝ ըստ 2023թ անցկացված աուդիտի արդյունքների:
ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը մեր հարցմանն ի պատասխան ընդամենը հետեւյալը փոխանցեց. «Ձեր նշած հարցերի շրջանակում իրականացվել է համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացված պնդումները չեն հաստատվել եւ համարվել են անհիմն: Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք դիմել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե՝ որպես իրավասու մարմին»:
Մեր ձեռքի տակ է նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի 2024թ հունվարի 8-ի պարզաբանումը՝ ուղղված Դավիթ Խիթարյանին, որտեղ նշված է, որ քննական տեղեկագրերում գնահատականների բացակայությունը կամ դրանց մատիտով նշումները՝ ենթադրում են հնարավոր բացթողում, բայց հաղորդման մեջ առկա տեղեկություններով չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին կարող է տրվել ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված իրավական գնահատական:
Նշենք, որ Հասմիկ Ավագյանի նշանակումը իրարանցում էր առաջացրել նաեւ սոցցանցերում: Նրա նշանակման մասին բոլոր լուրերի տակ, բացի նորանշանակ փոխնախարարի մտերիմների, ֆեյսբուքյան մյուս օգտատերերը տարբեր մեկնաբանություններ էին թողել, որ սպորտի ոլորտում անհայտ մեկը պետք է համակարգի ոլորտը, կամ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, մեկն էլ հեգնել էր՝ կարեւորը հեծանիվ քշել իմանա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ