Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցով ընդդիմության հետ համագործակցել ցանկացող ՔՊ-ականներ էլ կան․ Նարեկ Մալյան

Ապրիլ 28,2025 15:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եթե ինչ-որ լուրջ գործընթաց է գնում, ինձ համար անտեսանելի է։ Գործընթացներից ես միայն վերջերս տեսա, որ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ, մեր ընդդիմադիր պատգամավորները, ովքեր լրջության կոչեր են անում, ԱԺ այգում սակուրաներից ինչ-որ թիթեռներ էին կախում։ Եթե նկատի ունեք, որ մենք այդ գործընթացից ենք իրենց շեղում, ապա՝ միգուցե»,-խորհրդարանի շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏO շարժման համակարգող Նարեկ Մալյանը՝ պատասխանելով մեղադրանքներին, որ իրենք անլրջացնում են Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը։

Հիշեցնենք, այսօր ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի եւ մի խումբ այլ ընդդիմադիրների կողմից ձեւավորված «Արթուն ենք» հանրային շարժման անդամները խորհրդարան մուտք արեցին ԱԺ պատգամավորներին ուղղված նամակներ՝ Նիկոլ Փաշինյանին` 10 օրվա ընթացքում անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով։ Նամակներն անհատական են։ Դրանք գցվեցին խորհրդարանի ընդունարանի մուտքում տեղադրված արկղի մեջ։

 

Նարեկ Մալյանը հայտարարեց, որ ցանկացած մարդ, որը դեմ է արտահայտվում իմպիչմենտի գործընթացին, նպաստում է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը։ Իսկ նման մարդիկ, ըստ նրա, առայժմ երկուսն են՝ Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Իմպիչմենտը, Նարեկ Մալյանի համոզմամբ, առայժմ միակ տարբերակն է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու։ Ավելին, ԱԺ պատգամավորները այլ գործիքներ չունեն, միակ գործիքը սա է։

Հարցին՝ ՔՊ-ն կմիանա՞ իրենց նախաձեռնությանը, Նարեկ Մալյանն արձագանքեց, թե վստահ է՝ այո, քանի որ անցած տարի Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժման ժամանակ, նույնիսկ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ էլ, ՔՊ-ական պատգամավորներ են եղել, ովքեր իր միջոցով ազդակներ են հղել՝ ընդդիմության նախաձեռնությանը միանալու, եթե կպահպանվի իրենց պատգամավորի կարգավիճակը, աշխատավարձը, ծառայողական մեքենան։ Ըստ Նարեկ Մալյանի, Նիկոլ Փաշինյանի շրջապատում մարդիկ երկու բանի համար են հավաքված՝ վախի եւ շահի եւ եթե կլինի համազգային շարժում, մարդիկ վախից կձերբազատվեն։

Իր բնութագրմամբ, այս քայլով փորձում են Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը կոլեկտիվ անպատասխանատվության դաշտից տեղափոխել անհատական պատասխանատվության դաշտ։

Նարեկ Մալյանը տեղեկացրեց, որ «Արթուն ենք» շարժման անդամներն այսօրվանից հանդիպումներ են նախաձեռնելու ՀՀ երեք նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, նաեւ՝ քաղաքական միավորների հետ՝ խորհրդակցական առաքելությամբ, որպեսզի փողոցում գործընթաց նախաձեռնելուց առաջ, հստակեցնեն մոտեցումները եւ անելիքները։

Մանրամասները՝ տեսանյութում

Նարեկ Մալյանի համոզմամբ, խորհրդարանում իմպիչմենտի գործընթացի գեներացումն՝ առանց փողոցում համազգային ցույցերի գեներացման եւ հակառակը, անիմաստ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930