ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով օրերս սահմանին հերթական զինվորի մահվան դեպքի մասին, նշեց, որ զոհված զինծառայողը ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է եւ այդ դժբախտությունը տեղի է ունեցել հենց Սահմանապահի օրը: «Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ այցելել է սահմանապահ զորքեր՝ հանդիսավոր միջոցառման: Եվ ունենալով տեղեկություն սահմանապահի մահվան մասին՝ նույնիսկ չեն չեղարկել տոնական միջոցառումը: Տեղեկություններն էլ հակասական են: Մեկ ասում են, թե իրեն ամրացված ինքնաձիգից է կրակոց եղել, մեկ տեղեկություն եղավ, որ նույն Սյունիքի մարզում, այնտեղ, որտեղ բանակը հետ են քաշել եւ պետական սահմանի պահպանությունը թողել են սահմանապահ զորքերին, ականի պայթյունից է եղել:
Դեռեւս հանգամանքները չեն պարզվել, վարույթ է նախաձեռնվել: Եվ ցանկացած վարկած կարելի է դիտարկել, որոնցից մեկն էլ կարող է լինել թշնամու կրակոցից տեղի ունեցած սպանությունը: Ու պարզ է, որ ի պատասխան որեւէ գործողություն չի արվել, քանի որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է երբեւէ որեւէ կրակոց չարձակել անկախ նրանից՝ ադրբեջանցիները կրակո՞ւմ են, թե՝ չէ: Նույնը եղավ մի քանի օր առաջ, երբ որ պաշտոնապես հաստատվեց տեղեկությունը, որ նույն Սյունիքի մարզում ադրբեջանցիները կրակ են արձակել բնակելի տան ուղղությամբ եւ բնակելի տունը վնասվել է այդ կրակոցից: Բարեբախտաբար, զոհ, մարդկային կորուստ չի եղել, բայց գնդակը հայտնվել է բնակելի տան մեջ: Ու մարդիկ այդ պայմաններում շարունակվում են բնակվել:
Եվ պատասխան գործողություն չի արվում: Մի քանի օր առաջ կրակի տակ է եղել Սյունիքի սահմանամերձ գյուղերից մեկի մշակույթի տունը, դրանից առաջ էլ՝ ինտենսիվ կրակոցներ: Հանրայինի եթերում ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին հարցնում են, թե ինչ է կատարվում սահմանին, անընդհատ կրկնում է. «կրակում են, կրակում են»: Ու ոչ մի պատասխան չկա: Մի ժամանակ՝ մինչեւ 2018 թվի ադրբեջանաթուրքական հեղափոխությունը, ասում էին. «Մեր զինված ուժերի պատասխան գործողություններից հետո թշնամու կրակը լռեցվել է եւ իրավիճակը վերահսկում են հայոց զինված ուժերը»: Հիմա այդպիսի հաղորդագրություններ չկան: Հիմա կա. «Հայաստանի վարչապետի աշխատակազմը վաղուց է առաջարկել Ադրբեջանին, որ ստեղծվի սահմանային միջադեպերի քննության հանձնաժողով, բայց Ադրբեջանի իշխանությունները…»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ