Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամների հետ։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի վերջին կարգավորումները և նախատեսվող բարեփոխումները, որոնք հետաքրքրում են ակումբի անդամ կառուցապատողներին։
Կոմիտեի նախագահն առանձնացրել է բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ կարևորելով մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունն առաջնահերթությունների սահմանման և առաջարկների ներկայացման առումով։ «Մենք հստակ քայլերով գնում ենք դեպի քաղաքաշինության ոլորտի թվայնացում՝ նպատակ ունենալով պարզեցնել, արագացնել, թափանցիկ և հետագծելի դարձնել գործընթացները։ Զուգահեռաբար մշակում ենք մեխանիզմներ, որոնք կնպաստեն քաղաքաշինական գործունեության որակի բարձրացմանը և դաշտում նոր նշաձողի սահմանմանը»,-շեշտել է Եղիազար Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ կոմիտեն մշակում է ոլորտում գործող կազմակերպությունների վարկանիշավորման կարգ։
Թվայնացման կարևոր քայլերից առանձնացվել է կառուցապատման թույլտվությունների տրամադրումը urban.e-gov.am հարթակի միջոցով, որը կիրառմանը զուգահեռ կատարելագործվում է։ Հաջորդելու են հողի նպատակային նշանակության փոփոխության և համալիր փորձաքննության թվայնացումը, ինչպես նաև քաղաքաշինական կադաստրի ձևավորումը։
«Մանթաշյանց» գործարարների ակումբի ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտային մի քանի խնդիրներ՝ կապված քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրերը խթանելու, կառուցապատման համար կանխատեսելի դաշտ ձևավորելու, քաղաքաշինական նորմերով սահմանված կառուցապատման մակերեսները վերանայելու հետ։ Կոմիտեի նախագահը հայտնել է, որ տնամերձ հողամասերով բնակելի տների կառուցապատման առավել ճկուն մոտեցում նախատեսող և մի շարք հարցեր կարգավորող որոշումների նախագծերն առաջիկայում կներկայացվեն կառավարություն։
Կարդացեք նաև
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ ոլորտային հարցերը քննարկելու հնարավորության համար և պատրաստակամություն հայտնել՝ ներկայացնելու նախատեսվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրենց առաջարկները։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե