Sputnik Արմենիա, Դավիթ Գալստյան․ Հայաստանը մտադիր չէ հայ խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից՝ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Սա պարզ է դառնում ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից Sputnik Արմենիային տրված գրավոր պատասխանից։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու: Ապրիլի 15-ին ելույթ ունենալով ԱԺ–ում՝ Փաշինյանը կրկնեց այս արտահայտությունը՝ նշելով, որ հայկական բանակը ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի և չի ունենալու:
Վարչապետի առաջին հայտարարության հետ կապված հարցում էինք ուղարկել ՀՀ ԱԳՆ ՝ հետաքրքրվելով, թե ինչ խնդիր են լուծում ՀՀ ԶՈւ խաղաղապահները Կոսովոյում, և արդյոք Երևանը (հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունը) նախատեսում է խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են, որ միջազգային խաղաղապահ ուժերի առաքելությունը խաղաղության ապահովումն է, և Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, ընդ որում՝ այդ հավատարմությունը վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև համաշխարհային հանրությանը:
Կարդացեք նաև
«Մասնակցելով Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը՝ Հայաստանի Հանրապետությունը իր ներդրումն է բերում Բալկանյան տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանն ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին», – հայտնել են ԱԳՆ-ից:
Ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է շարունակել մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը՝ իր ներդրումն ունենալով Բալկանյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարում՝ ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ (KFOR) առաքելության հրամանատարությունն այցելել է առաքելության կազմում Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը: Ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Թիմ Դայլին և ԿՖՈՐ առաքելության շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոն Բոզիցևիչը պարգևատրել են զորախմբի հրամանատար, կապիտան Վարդան Ամիրյանին և մի շարք զինծառայողների։