Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Եկեղեցին, որպես Սահմանադրությամբ առանձնահատուկ կարգավիճակով օժտված կառույց, պետական այրերի հետ հաղորդակցությունը ամբողջությամբ չի կարող խզել

Ապրիլ 29,2025 13:05

Հայաստանի վարչապետը ապրիլի 28-ին Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել էր Տալլինի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ նրան դիմավորեց Հայ Առաքելական Եկեղեցու Բալթյան երկրների թեմի նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

Ինչպես և սպասվում էր, սրբազանի այդ քայլը, մեղմ ասած, չողջունվեց հասարակության ընդդիմադիր հատվածի որոշ ներկայացուցիչների կողմից, սակայն, կարծում եմ, Վազգեն սրբազանին քննադատողներ կլինեին նաև այն դեպքում, եթե նա արհամարհեր վարչապետի այցն ու խուսափեր նրա հետ հանդիպելուց, ընդ որում, նույն ընդդիմության մեջ կարող էին լինել նման մարդիկ, որովհետև որոշ մարդկանց համար պարզապես առիթ է պետք, որպեսզի քննադատեն Հայ Եկեղեցուն ու նրա սպասավորներին։ Դա երևում էր քննադատությունների մեջ նրանց օգտագործած բառամթերքից, ինչը երբեք իրեն թույլ չի տա ՀԱԵ բարեպաշտ հետևորդը։

Գենադի Մնացականյան

Ասեմ ինչու էին անտեղի այդ քննադատությունները։ Օրինակ, եթե վարչապետը վաղը գնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այդ քննադատողները ի՞նչ են կարծում, Վեհափառ Հայրապետը կամ թեկուզ որևէ հոգևորական նրան չպե՞տք է դիմավորի։ Իհարկե, պետք է դիմավորի, ինչը և արել է Վազգեն սրբազանը իր թեմի շրջանակներում։ Ուստի ոչ միայն անտեղի, այլ նաև շատ անարդար է սրբազան հորը իր բարեխիղճ ծառայության համար քննադատելը։

Պետք է մի ակնհայտ փաստ նույնպես նկատի ունենալ, որ անկախ նրանից, թե ով է երկրի ղեկավարը կամ ովքեր են իշխանության ներկայացուցիչները, Հայոց Եկեղեցին, որպես Սահմանադրությամբ առանձնահատուկ կարգավիճակով օժտված կառույց, պետական այրերի հետ հաղորդակցությունը ամբողջությամբ չի կարող խզել, որովհետև ուզի թե չուզի՝ պարզ արարողակարգային գործառույթները պետք է պահպանի, իհարկե, այն դեպքերում, երբ իշխանությունները իրենք չեն հրաժարվում նման գործառույթներից։

Վազգեն սրբազանի վարչապետին դիմավորելն ու միասնական աղոթք հնչեցնելը Տալլինի Եկեղեցում իր մեջ պարունակում էր այն ուղերձը, որ Հայ Առաքելական Եկեղեցին պետության առաջ բաց է պահում ազգանվեր ծրագրերը միասնաբար իրականացնելու գործում համագործակցության դուռը։ Պետք է խոստովանեմ, որ մինչ այդ, թվում էր ՀՀ իշխանությունների կապը Եկեղեցու հետ այլևս անդառնալիորեն խզված է, սակայն վարչապետը իր Եկեղեցի այցելությամբ այդ կարծիքը վերանայելու առիթ տվեց։

Կարծում եմ Հայաստանի իշխանությունները պետք է շատ ավելի լուրջ վերաբերվեն Եկեղեցուն։ Իզուր են ՀՀ իշխանությունները թերագնահատում Եկեղեցու կարևորությունն ու հնարավորությունները։ Եթե, ավելի քան 1720-ամյա Հայոց Եկեղեցին նպատակահարմար գտնի ազգային-ազատագրական շարժում նախաձեռնել ու առաջնորդել, ապա ոչ մի կռապաշտ կառավարություն չի դիմանա այդ շարժմանը, հեղեղի նման կքշի կտանի ամեն ապազգային բան։ Իհարկե, Եկեղեցին ավելի սառնասրտորեն ու համբերությամբ է վերաբերվում հարցերին, բայց չի կարելի բացառել, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում նման որոշում Եկեղեցին կարող է կայացնել։

Հետևաբար, Վազգեն սրբազանի քայլը շատ կառուցողական էր ու հուսադրող, որ այդուհանդերձ, Եկեղեցի-Պետություն համագործակցության խարխլված կամուրջը ենթակա է վերանորոգման։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930