«Փաստինֆո». Երևանում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը, որն, ըստ էության, Արցախի կառավարության սեփականությունն էր, անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ «Փաստինֆոյի» տեղեկություններով, դեռ 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր Արցախբանկում։
Ինչպես հայտնի է՝ նախորդ շաբաթ Ազգային ժողովը տևական քննարկումներից հետո լրացումներ կատարեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում։
Ըստ այդմ՝ ԼՂ-ում գրանցված կազմակերպություններին մինչև 2024 թ-ի դեկտեմբերի 31-ը ժամանակ էր տրված որպեսզի դրանք վերագրանցվեն ՀՀ-ում, իրենց աշխատանքը շարունակելու համար։
Հարց էր առաջացել այն գույքերի հետ կապված, որոնք ՀՀ-ում են և որևէ ձևով ծանրաբեռնված են գոյություն ունեցող պարտավորություններով։ Փոփոխությունների հիմնական թեզն այն է, որ հաշվի առնելով, որ ՀՀ-ում գտնվող գույքերը գույքերը շարունակում են մնալ գրավի առարկա, իսկ ՀՀ կառավարությունը գնել է որոշ պարտավորություններ, ապա այդ գույքերի գրավի տեսանկյունից գույքերի նկատմամբ իրավունքները փոխանցվում են կառավարությունը։
Կարդացեք նաև
#CivilNetCheck-ը գնացել է Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ տարածված լուրերի հետքերով։
Գրավադրված լինելու վերաբերյալ լուրերը հերքվել են
Արցախի ներկայացուցչության շենքը գտվում է Զարյան 17/2 հասցեում (նախկին հասցեն Նաիրի Զարյան 17ա):
Կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով՝ Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող շինությունները 2017-ից սեփականության իրավունքով պատկանում են Լեռնային Ղարաբաղի կառավարությանը։ Իսկ հողամասը՝ անհատույց օգտագործման իրավունքով։
Նույն հասցեում 33 քմ մակերեսով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրվել նաև «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ին։
Կադաստրի տվյալներում, սակայն, գույքի գրավադրման վերաբերյալ որևէ նշում չկա, իսկ «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է Արցախի կառավարության հիմնադրած «Արցախի ներդրումային ընկերության» կողմից։
#CivilNetCheck-ի հետ զրույցում հիփոթեքային ընկերությունից հայտնում են, որ ընկերությունն այս պահին փաստացի գործունեություն չի ծավալում։
«Արցախբանկը» ևս հերքել է Արցախի ներկայացուցչության շենքի՝ բանկում գրավադրված լինելու վերաբերյալ լուրը։
«Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը, որը գտնվում է ք.Երևան, Ն.Զարյան 17/2 հասցեում, Արցախբանկում գրավադրված չէ և երբևէ գրավադրված չի եղել որևէ պարտավորության դիմաց»,- նշված է բանկի հրապարակման մեջ:
Հայաստանի պետական կառույցները հերքում են շենքի՝ կառավարությանը փոխանցվելու վերաբերյալ լուրը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնում են, որ նախարարությունը տեղեկություններ չունի գույքի՝ կառավարության տնօրինմանն անցնելու վերաբերյալ։
Ըստ ՏԿԵՆ-ի՝ դրա հետ կապված որևէ նախագիծ լինելու դեպքում, այն պետք է Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացնի։ Պետական գույքի կառավարման կոմիտեից իրենց հերթին հայտնում են, որ ներկայացուցչության շենքն իրենց հաշվեկշռում չէ։
«Սովորաբար, եթե որևէ գույք է փոխանցվում ՀՀ-ին, ամրացվում է Պետգույքին, բայց այս պահին նման գույք փոխանցված չէ։ Նման նախագիծ չկա»,- #CivilNetCheck-ին հայտնում են կոմիտեից։
Փաստացի, գույքը դեռևս ԼՂ կառավարության սեփականությունն է և այն ՀՀ-ին փոխանցելու վերաբերյալ որևէ նախագիծ այս պահին չկա։