Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ թե ովքեր էին վատ դատավորները, ստացվում է, որ ընտրելու էր նախարարը». Դավիթ Հարությունյան

Ապրիլ 30,2025 12:30

ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչեց «Դատական օրենսգրքի» այն դրույթը, ըստ որի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ որոշումն ընդունվում է առանց հաշվարկելու դատական նիստին մասնակցած խորհրդի անդամների ձայները:

Ապրիլի 25-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արթուր Ստեփանյանի գործով որոշումը: 2025 թվականի հունվարի 10-ին Սահմանադրական դատարան դիմած դատավոր Արթուր Ստեփանյանը վիճարկում էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մասնավորապես 94-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Սահմանադրական դատարանը 26 էջանոց որոշմամբ, արձանագրեց, որ Խորհրդի կողմից դատավորի նկատմամբ «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման ընդունման՝ օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված ընթացակարգը պետք է համահունչ լինի Սահմանադրության 75-րդ հոդվածին՝ չվտանգելով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի արդյունավետ իրացումը:

ՍԴ-ն արձանագրեց նաեւ, որ այն դեպքում, երբ դատավորի նկատմամբ կիրառվում է «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժը՝ ի հաշիվ վերջինիս իրավասահմանափակիչ ներուժի խիստ ինտենսիվ բնույթի, սահմանափակվում է նրա՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքը: Այլ կերպ՝ կարգապահական տույժերի տեսակներից «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» տույժի կիրառման հետեւանքային ազդեցության շրջանակի մեջ ներառվում է նաեւ հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանափակումը. հետեւաբար՝ անհրաժեշտ է, որ նշված կարգապահական տույժի կիրառումը յուրաքանչյուր դեպքում ուղեկցվի ինչպես նյութաիրավական, այնպես էլ ընթացակարգային այնպիսի երաշխիքներով, որոնց առկայությունը կբացառի վերոնշյալ սահմանադրական իրավունքի անհամաչափ սահմանափակման հնարավորությունը:

«Առավոտը» փորձեց զուգահեռներ անցկացնել ԲԴԽ-ի մեկ այլ կարգապահական վարույթի կապակցությամբ կայացրած որոշման` Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի գործի հետ, ով նույնպես հաղթել էր ՍԴ-ում, դիմելով նրան: Ըստ Դ. Հարությունյանի. «Ստեփանյանի որոշումն առանցքային նշանակություն ունի ոչ միայն դատավոր Ստեփանյանի, այլեւ նախկինում իրավիճակին բախված եւ հետագայում նաեւ մյուս դատավորների` անկախության, անօրինական հետապնդումներից զերծ մնալու առումով: Երբ Սահմանադրական փոփոխությունների հիման վրա ընդունվել էր նոր դատական օրենսգիրքը, դրա մասին նաեւ Վենետիկի հանձնաժողովն էր հստակ դիրքորոշում հայտնել եւ դատավորին հեռացնելու համար անհրաժեշտ էր 7 ձայն: Նույն կարգավորումը ողջամտորեն առկա է նաեւ սահմանադրական դատավորների դեպքում: Հետագայում` 2022 թվականի փետրվարի սկզբին արդարադատության նախարարը ԱԺ էր ներկայացրել ոչ այդքան կոպիտ ձեւակերպումներով նախագիծ, որն առաջին ընթերցումից երկրորդ ընթերցման ընթացքում` ժամերի ընթացքում, վերափոխվեց եւ նույն օրն ընդունվեց այն տեսքով փոփոխությունը, որը ապրիլի 22-ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչվեց: Այսինքն, այս բիրտ միջամտության մասին, որեւէ դատավոր կամ մասնագիտական հանրույթը նույնիսկ կարծիք հայտնելու հնարավորություն չէին ունեցել: Արդեն ընդունված փոփոխություններով սահմանվել է, որ ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու դեպքում իրավազորութունը (քվորումը) ապահովված է խորհրդի 6 անդամների ներկայության դեպքում, իսկ որոշումների ընդունման համար շեմը խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ի փոխարեն իջեցվել էր մինչեւ պարզ մեծամասնություն: Սա նշանակում էր, որ ցանկացած դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար բավարար կլինի խորհրդի անդամների օրինակ 5 կողմ քվե (ինչը դատավոր Ստեփանյանի դեպքում էր) սկզբում նախանշված 7-ի փոխարեն։ Այդ օրենքը չեզոքացրել էր դատավորների անկախության լուրջ սահմանադրական երաշխիքներից մեկը։

Պատճառաբանություններից մեկը իբր ԲԴԽ լիազորությունների հստակեցումն էր։ Միայն ԲԴԽ առանձին անդամներ էին նախապես այդ մասին տեղյակ եղել: Իրականում այդ ժամանակ անկեղծ էր միայն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ով չէր թաքցնում դրա նպատակը` փետրվարի 10-ին կառավարության նիստում հնչեցրած հայտարարությամբ. «Այս խստացումը արվում է վատ դատավորներին համակարգից դուրս բերելու համար»։ Այսինքն, «Ոչ ոք չէր թաքցնում նպատակը, երբ համադրում էինք պատգամավորների ու նախարարի հայտարարությունները, ստացվում է, որ այս օրենքի նպատակը ԲԴԽ լիազորությունների հստակեցման միջոցով դատավորներից ազատվելն է կամ նրանց պատասխանատվության ենթարկելը։ Ես հակված էի հավատալ արդարադատության նախարարին ու նրա հնչեցրած խոսքին, որի մասին բարձրաձայնել էինք։ Իսկ թե ովքեր էին վատ դատավորները, ստացվում է, որ ընտրելու էր նախարարը»: Այն ժամանակ էլ էր բարձրաձայնել. Նախ ընտրում էին դատավորներին, ապա փնտրում խախտումներ։ Հարցին պատասխանելով` պետք է նշեմ, որ ի տարբերություն իմ վերաբերյալ կայացված որոշման, այս դեպքում կարծում եմ ԲԴԽ-ն չի կարող այլեւս սխալ իրավակիրառ պրակտիկա կիրառել կամ օրենսդրական ձեւակերպումները յուրովի մեկնաբանել ու նոր հանգամանքը` ՍԴ որոշումն անտեսել եւ չվերանայել նախկինում կայացրած իր որոշումը: Չեմ կարծում, թե կարողանան կամ նախկին ԲԴԽ նախագահի բացակայության պայմաններում ցանկություն լինի նոր հանգամանքը, որ ՍԴ կամ ՄԻԵԴ որոշումն է ըստ օրենքի, քննեն նոր երեւան եկած հանգամանքի ընթացակարգով` կողմի վրա լրացուցիչ ապացուցման բեռ դնելով: Ամեն դեպքում նույն Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված է Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն որոշման վերանայման պարտադիր լինելու հանգամանքը»:

Ըստ ՍԴ դիմած Ա. Ստեփանյանի. «2024 թվականի հունիսի 17-ին կայացած Բարձրագույն դատական խորհրդի նիստին մասնակցել են ԲԴԽ բոլոր 10 անդամները: Սակայն, դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման քվեարկության ընթացքում հաշվի են առնվել միայն 8 անդամների ձայները: Ավելին, դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման բովանդակությունից հետեւում է, որ ԲԴԽ-ն այդ որոշումը կայացրել է ամբողջական կազմով, ԲԴԽ բոլոր 10 անդամների մասնակցությամբ: Թեեւ դատական նիստին մասնակցել են 10 անդամները, օգտվելով դատավորին վերապահված բոլոր իրավունքներից, այդ թվում՝ հարցեր տալու, ինչը կարող էր ազդել նրանց դիրքորոշումների ձեւավորման վրա, ձայների հաշվարկի հիմքում դրվել է 8-ը: Բացի այդ, ԲԴԽ-ն քվեարկությանը նիստին մասնակցած բոլոր անդամների մասնակցությունն ապահովելու հնարավորություն ունենալով, չի ստեղծել նման պայման, իսկ ձայների հաշվարկի նպատակով անտեսել է դատական նիստին մասնակցած 2 դատավորներին, ինչը խախտում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասն ու 63-րդ հոդվածի 1-ին մասը՝ հաշվի առնելով ԲԴԽ-ի կողմից նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Որպիսի պայմաններում դատավորի լիազորությունները դադարեցվել են ոչ թե պահանջվող՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, որն առնվազն 6 ձայն է, այլ՝ 5 կողմ ձայնով»:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ այս գործին վերաբերելի է Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-1613 որոշման մեջ արտացոլված արձանագրումն առ այն, որ «Դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ կանոնակարգումներում սահմանված պաշտպանական լրացուցիչ երաշխիքները դատավորին տրամադրված ոչ թե արտոնություն է, այլ նրանց անկախության ինստիտուցիոնալ երաշխիք»:

Նշեմ, որ դիմողի ներկայացուցիչն էր փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

ՍԴ-ն որոշեց. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման համար այնպիսի կարգավորում նախատեսելու մասով, որի պայմաններում որոշումը կարող է ընդունվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի, այսինքն՝ հինգ կողմ ձայներով, ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, 164-րդ հոդվածի 1-ին մասին, 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերին, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին եւ 2-րդ մասին հակասող:

Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետին, 19-րդ մասին եւ 69-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ Սահմանադրական դատարանի սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով՝ դրանում նշված օրենսդրական կարգավորման մասով, Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի հուլիսի 1-ը՝ հնարավորություն ընձեռելով Ազգային ժողովին այն համապատասխանեցնելու սույն որոշմանը:

Հիշեցնեմ, որ դատավորի կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել արդարադատության նախարարին 2023 թվականի դեկտեմբերի 22-ին հասցեագրված եւ արդարադատության նախարարությունում 2023 թվականի դեկտեմբերի 26-ին ստացված «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգողի հաղորդումը։ Ի լրումն հաղորդման՝ հաղորդում ներկայացնողի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 29-ի գրությամբ ներկայացվել են համապատասխան փաստաբանի դիմումները՝ ուղղված Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։ Արդարադատության նախարարի՝ 2024 թվականի փետրվարի 13-ի թիվ 18-Ա որոշմամբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իսկ 2024 թվականի ապրիլի 11-ի թիվ 33-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է: Արդարադատության նախարարի՝ 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ)՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Խորհրդի՝ 2024 թվականի հունիսի 11-ի որոշմամբ նշանակվել է դատական նիստ: 2024 թվականի հունիսի 17-ին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է: 2024 թվականի հուլիսի 9-ին հրապարակվել է Խորհրդի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշման եզրափակիչ մասը, որով Խորհուրդը որոշել է. «Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930