Ինչն է հիշվում՝ արվեստագետի գործե՞րը, թե՞ նրա «քաղաքացիական դիրքորոշումը»
1977 թվականին Փարիզի օպերայի ղեկավարությունը հրավիրել էր մոսկովյան «Տագանկա« թատրոնի գլխավոր ռեժիսոր Յուրի Լյուբիմովին բեմադրել Չայկովսկու «Ագռավի թագուհին» օպերայի նոր տարբերակը: 20-րդ դարի նշանավոր կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն, որն այդ ժամանակ դեռ ապրում էր Խորհրդային Միությունում, առաջարկել էր բավականին լուրջ փոփոխություններ մտցնել պարտիտուրի մեջ: Շնիտկեի խմբագրած տարբերակում որեւէ անհարգալից վերաբերմունք Չայկովսկու գլուխգործոցի հանդեպ, կարծում եմ, չկար: Հիմնական մտահղացումը կրճատումներ իրականացնելն էր, դրամատիկ գործողության հետ «կապ չունեցող» դրվագներից հրաժարվելը: Որքանով է այդ մոտեցումն արդարացված՝ քննարկելու հարց է:
1978-ի գարնանը Մեծ թատրոնի դիրիժոր Ալգիս Ժյուրայտիսը նամակ հրապարակեց «Պրավդայում»՝ «Ի պաշտպանություն «Սպադերի տիկնոջ», որտեղ խորհրդային մատնագրերի ոճով «ջախջախեց» այդ նախագիծը: Ճնշումների արդյունքում Փարիզում բեմադրությունը տապալվեց:
Ժյուրայտիսը կայացած դիրիժոր էր, նա միանգամայն վաստակած դրական համբավ ուներ թե՛ ԽՍՀՄ-ում, թե՛ դրա սահմաններից դուրս: Բայց այսօր՝ գրեթե կես դար անց, շատերը հիշում են ոչ թե նրա բարձրարվեստ կատարումները, այլ այդ չարաբաստիկ նամակը: Արդյո՞ք նման մոտեցումն արդար է: Եթե ինձ հարցնեք՝ ոչ:
Կարդացեք նաև
Ինձ համար կարեւոր չէ, թե քաղաքական թեմաներով ինչ հարցազրույցներ է տալիս Ռուբեն Հախվերդյանը՝ մանավանդ, որ դրանք բավականին հախուռն են եւ հակասական: Բայց նա այն արվեստագետն է, որը խորհրդային՝ բավականին գորշ իրականության մեջ իմ եւ հետագա սերունդներին պայծառություն եւ ջերմություն էր պարգեւում՝ իր ազատ մտածողությամբ, իր անկեղծությամբ եւ իր տաղանդով:
Ես որեւէ նշանակություն չեմ տալիս այն հանգամանքին, թե որտեղից է հիմա աշխատավարձ ստանում եւ Փաշինյանին սատարող ինչ ելույթներ է ունենում Հակոբ Մովսեսը: Ես հիշելու եմ նրա բանաստեղծությունները եւ թարգմանությունները: Ուսանող ժամանակ, ինչպես եւ շատերը, տարված էի ավստրիացի բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեով՝ կարդալով նրա գործերը, բնականաբար, ռուսերեն թարգմանությամբ: Հետագայում ծանոթացա նաեւ գերմաներեն բնագրերին (ի դեպ, նա գրում էր նաեւ ֆրանսերեն եւ նույնիսկ մի քիչ՝ ռուսերեն): Եվ արդեն 21-րդ դարում կարդացի Հակոբ Մովսեսի թարգմանությունները, որոնք ինձ համար բացահայտում էին` հայ բանաստեղծն այնքան խորն էր թափանցել ավստրիացու տեքստերի մեջ:
…Լրագրողն, իհարկե, իրավունք ունի հարցնելու արվեստագետին, գիտնականին կամ եռակցող բանվորին, օրինակ՝ «ինչպե՞ս եք դուք վերաբերվում այն հանգամանքին, որ հայերը հազարամյակներով ապրել են Արցախում, իսկ հիմա մենք հայրենիքի այդ մասը կորցրել ենք»: Համապատասխան մասնագիտության քաղաքացին կարող է պատասխանել՝ «ոչ մի կերպ չեմ վերաբերվում» կամ «ցավ եմ ապրում», կամ «մեղավոր են սրանք», կամ «մեղավոր են նրանք»:
Պատասխանից ելնելով՝ մենք չպիտի եզրակացություն անենք, թե ինչպիսի սիմֆոնիաներ է այդ քաղաքացին գրում, ինչպես է լուծում դարերով չլուծվող մաթեմատիկական խնդիրները կամ ինչպես է «սվառկա» անում:
Ինչ մնում է նրան, թե այս կամ այն մարդու խոսքը, իր մասնագիտությունից դուրս, «հեղինակավոր» է, ես այսօր դրան բացարձակապես չեմ հավատում: Այն պայմաններում, երբ բոլորը մեկնաբանում են, բոլորը գնահատական են տալիս, բոլորը կարծիք են հայտնում, եւ այդ մեկնաբանությունների, գնահատականների եւ կարծիքների մեջ իրականում որեւէ հիերարխիա գոյություն չունի, «հեղինակությունների» մասին խոսելն ավելորդ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.04.2025
Պարոն խմբագիր, այդ ո՞վ է «Ագռավի Թագուհին» թարգմանել «Սպադերի տիկին»․ Էդ մարդուն տվեք Պուշկին կարդա։ «Пиковая Дама»-ի շատ լավ հայերեն թարգմանությունը կա։