Կալլասը Բաքվում լռեց ՀՀ սահմանին լարվածության, ԵՄ առաքելության վերաբերյալ Բաքվի կեղծ մեղադրանքների մասին
Անցյալ շաբաթ Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը Բաքվում էր:
Նախ նա բանակցություններ էր վարել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում Կալլասը նշել էր. «Լավ քննարկում ունեցանք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Մենք ակտիվորեն աջակցում ենք երկու երկրների միջեւ կապերի, կայունության ապահովմանը եւ խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Ես գոհունակությամբ ողջունում եմ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը։ Հուսով եմ, որ հաջորդ քայլերը կլինեն ավելի արդյունավետ»:
Կալլասն այնուհետեւ նկատել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում կարեւոր գործընկեր է ԵՄ-ի համար եւ ակնկալում են հարաբերությունների ամրապնդում։ Ըստ Կալլասի՝ Եվրամիությունը եւ Ադրբեջանը համաձայնության են եկել՝ վերսկսել բանակցությունները նոր գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի շուրջ. «Այս գործընկերությունը պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի վրա, ներառյալ՝ ԵՄ անդամ պետությունների նկատմամբ հարգանքը, ինչպես նաեւ հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները»։
Կարդացեք նաև
Կալլաս-Բայրամով հանդիպմանը քննարկվել էին Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների ներկա վիճակը եւ հեռանկարները, այդ թվում՝ համագործակցությունը էներգետիկայի, առեւտրի, տրանսպորտի եւ կանաչ անցման ոլորտներում, ինչպես նաեւ Ադրբեջանի ներդրումը տարածաշրջանային հարաբերություններում եւ մաքուր էներգիայի մատակարարման գործում։ Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ «հետհակամարտային շրջանում»։ «Բայրամովը կրկին ընդգծել է պաշտոնական Բաքվի երկարաժամկետ եւ սկզբունքային դիրքորոշումը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը եւ Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ պահանջների վերացումը խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանն է»,- ասվում էր պաշտոնական Բաքվի տարածած մամլո հաղորդագրությունում։
Բանակցություններին հետեւած մամուլի ասուլիսում Բայրամովը նշել է. «Իմ գործընկերոջը տեղեկացրեցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին իրավիճակի մասին։ Ադրբեջանի ակնկալիքները Հայաստանից կրկին մանրամասն բացատրվեցին։ ԵՄ-ի մեր գործընկերները լավ գիտեն Ադրբեջանի դիրքորոշման մասին։ Սա նոր դիրքորոշում չէ, այն քննարկվում է արդեն երկու տարի»: Ադրբեջանի ԱԳ նախարարն այնուհետեւ հավելել է, որ ներկայում «Հայաստանից ակնկալվում է համապատասխան քայլերի ձեռնարկում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման ուղղությամբ»։
Բայրամովը նաեւ դժգոհել է Հայաստանի սպառազինումից. «Հայաստանի արագ սպառազինումը մնում է սպառնալիքի աղբյուր»։ Նա նաեւ ասել է, թե տարածաշրջանում «հայկական ռեւանշիստական միտումների շարունակականությունը լուրջ մտահոգության առարկա է». «Ռեւանշիստական միտումների մասին խոսելով՝ կցանկանայի անդրադառնալ ադրբեջանական եւ թուրքական դրոշների այրման վերջին դեպքին։ Նույնը, ցավոք, տեղի է ունեցել Ֆրանսիայում։ Մեր սպասումն այն է, որ այս երկրների համապատասխան կառույցները լուրջ քայլեր ձեռնարկեն՝ մեկ այլ երկրի ատրիբուտների այրումը որպես քրեական արարք համարելու համար»։
Կալլասն Ալիեւի հետ հանդիմանը Ադրբեջանի հասցեին դրական խոսքեր է շռայլել: Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները եւ հետաքրքրված է դրանց հետագա զարգացմամբ, նշել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։ Ընդգծելով Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկայի ոլորտում շատ հաջող համագործակցությունը՝ նա նկատել է, թե երկիրը հանդես է գալիս որպես հուսալի գործընկեր Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Ալիեւն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է, անդրադարձել արդեն 4 տարի գործող Հարավային գազային միջանցքի նշանակալի դերին Եվրոպա գազ մատակարարելու գործում։ Ալիեւն ընդգծել է՝ Բաքուն արդեն գազ է մատակարարում 10 եվրոպական երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամ 8 երկրների, ապա հավելել է, որ գազի մատակարարման աշխարհագրական ծածկույթի առումով Ադրբեջանը եվրոպական տարածք գազով մատակարարող առաջին երկրներից մեկն է։ Նշելով, որ Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի շրջանակներում հաստատվել է հաջող եւ արդյունավետ երկխոսություն, Ալիեւը նաեւ ընդգծել է վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության մեծ հնարավորությունների առկայությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ունի քամու էներգիայի հարուստ պաշարներ։ Ալիեւը նաեւ ընդգծել է՝ Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի երկրների հետ միասին, կարեւոր դեր է խաղում վերականգնվող էներգիայի անդրկասպյան միջանցքի զարգացման եւ Սեւ ծովի ուղղությամբ նախագծերի իրականացման գործում, որոնց միացել են նաեւ Վրաստանը, Ռումինիան, Հունգարիան, վերջերս՝ Բուլղարիան։
Նշվում էր, որ Կալլաս-Ալիեւ հանդիպմանը քննարկվել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների հարցը։ Մասնավորապես, ըստ ադրբեջանական կողմի հաղորդա գրության, մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատեւ կայունության ապահովման հարցերի շուրջ։ Ալիեւը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմանի հիմքով քայլեր են ձեռնարկվում եւ քննարկումներ են ընթանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Կայա Կալլասի գնահատականները մի երկրում, որտեղ Հայաստանում ԵՄ առաքելությանը «լրտեսության» մեջ են մեղադրում` առնվազն տարօրինակ է: Կալլասը մի երկրում էր, որի իշխանությունը Արցախը հայաթափել է, այսօր Բաքվի բանտերում գերիներ է պահում, իսկ Հայաստանի հասցեին Ադրբեջանում ատելության քարոզչություն է վարվում պետական մակարդակով, հայատյացությունը պետական քաղաքականության բաղկացուցիչ մաս է, գումարած այս ամենին` Ադրբեջանը հետեւողականորեն Հայաստանի սահմանին լարվածություն է հրահրում: Իսկ այս մասին եվրոպացի պաշտոնյան ոչինչ չխոսեց:
Հատկանշականն այն է, որ Կալլասի` Բաքու կատարած այցի նախօրեին Ադրբեջանում դարձյալ «հիշեցին» ԵՄ առաքելության գործունեությունը…
Եվրոպական միության առաքելության գործունեության մեկնարկից հետո Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին կառուցվել են բազմաթիվ ռազմական օբյեկտներ, հայտարարել է արտաքին միջամտությունների եւ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի Միլի Մեջլիսի Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը: Նա հավելել է, թե իբր այդ փաստերը հիմնված են դիտարկումների վրա. «Արտաքին միջամտությունների եւ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովը պատերազմի ավարտից հետո իրականացրել է վերլուծություն՝ օգտագործելով արբանյակային լուսանկարներ Ադրբեջանի եւ Հայաստանի պայմանական սահմանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Իրանի սահմանի երկայնքով՝ ընդգրկելով ԵՄ առաքելության ժամանման նախորդ եւ հետագա ժամանակահատվածները։ 2020-2022թթ. Հայաստանը սահմանին կառուցել է մոտ 20 ռազմական նշանակության օբյեկտ։ 2022-ից՝ ԵՄ առաքելության ժամանումից հետո, սահմանամերձ տարածքներում կառուցվել է շուրջ 70 ռազմական օբյեկտ։ Դրանց մեծ մասը գտնվում է Սյունիքում, Տավուշում, Արարատում եւ այլ սահմանամերձ շրջաններում»։
Ըստ նրա՝ ԵՄ դիտորդների ժամանումից հետո Հայաստանում ստեղծվել են խրամատներ, ապաստարաններ։ Բաքվի թեզերին համահունչ՝ Նամազովը նկատել է նաեւ, որ «Եվրամիության առաքելությունը ձգտում է Հայաստանում ստեղծել լրտեսական ցանց՝ տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար»։ «Առաքելության անդամները հանդիպումներ են անցկացնում երիտասարդների հետ հայկական դպրոցներում եւ հետախուզական գործողություններ իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Միեւնույն ժամանակ, իրենց հայտարարություններում նրանք պնդում են, թե իրենք անզեն, քաղաքացիական առաքելություն են եւ որեւէ գործողություն չեն ձեռնարկում Ադրբեջանի դեմ»,- ասել է պատգամավորը։
Նամազովը նաեւ հավելել է, որ ԵՄ առաքելության ժամանումից հետո տարածաշրջանում ռազմական գործողությունների թիվը աճել է 3,5 անգամ։ Նա նշել է, որ հաշվի առնելով ԵՄ առաքելության անձնակազմի հաճախակի այցերը սահմանամերձ շրջաններ եւ Ֆրանսիայի նման երկրների կողմից տրամադրված ռազմական աջակցությունը, իրականացվող աշխատանքները կատարվում են եվրոպացի ռազմական փորձագետների հսկողության ներքո՝ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան։ «Արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ Արեւմուտքի աջակցությամբ Հայաստանը նմանատիպ գործողություններ է իրականացնում նաեւ Իրանի ուղղությամբ»,- հավելել է նա։ Նամազովի խոսքով՝ «միայն մեկ առաքելություն է» ստեղծվել օրինական հիմքերի վրա. «Մյուս երկու առաքելությունները սպառնալիք էին Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ֆրանսիան առաջատար դեր է խաղում ԵՄ առաքելության մեջ Հայաստանում»։
Այսինքն, Կալլասի այցի նախօրեին, պաշտոնական Բաքուն, որը Հայաստանում ԵՄ դիտորդներին տեւական ժամանակ է, ինչ մեղադրում էր «լրտեսական գործունեության մեջ», ՀՀ-ում դիտորդների տեղաշարժին վերաբերող տարբեր անհեթեթ «վերլուծություններ» էր պարբերաբար հրապարակում, այժմ այդ մեղադրանքներն ավելի «պատկերավոր» ներկայացրեց` Կալլասի այցից առաջ: Մինչդեռ եվրոպացի պաշտոնյան Բաքվում հարկ էլ չհամարեց արձագանքել Բաքվի անհեթեթ հայտարարություններին ու չդադարող մեղադրանքներին:
Ի դեպ, Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահի` Բաքու կատարած այցից ընդամենը մի քանի օր առաջ Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հայտարարություն էր տարածել, որում անդրադարձել էր Խոզնավարում ադրբեջանական կրակոցների հետեւանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասներին:
«Զատիկի տոների ընթացքում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իրականացրել է 27 շուրջօրյա պարեկություն իր գործունեության տարածքում, ներառյալ Խոզնավար, Խնածախ եւ Արավուս գյուղերը։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչները Խոզնավարում արձանագրել են երկու կրակոցի հետեւանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասներ։ Ըստ նախնական տվյալների, կրակահերթն իրականացվել է տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերից»,- ասվում էր առաքելության հաղորդագրության մեջ։
Սա եւս փաստ էր, որին Կալլասը Բաքվում որեւէ ձեւով կարող էր անդրադառնալ եւ կոչ աներ Ադրբեջանին` դադարեցնել սրել իրավիճակը Հայաստանի սահմանին:
Նկատենք նաեւ, որ Բաքու կատարած Կալլասի այցի ֆոնին հնչեցին քննադատություններ: Ֆրանսիացի պատգամավոր Կոնստանս Լե Գրիպը, մասնավորապես, X-ում մեկնաբանել էր Կալլասի գրառումը, ըստ որի՝ վերջինս Ադրբեջանն անվանել էր «կարեւոր գործընկեր տարածաշրջանում»: «Իսկ ի՞նչ կասեք 23 հայ քաղբանտարկյալների մասին, որոնք դեռեւս գտնվում են Ադրբեջանի բանտում, տիկին գերագույն ներկայացուցիչ։ Քննարկե՞լ եք նրանց գործը ձեր գործընկերների հետ։ Եվրոպական Միությունը պետք է համարձակություն ունենա բարձրաձայն խոսելու ազատության եւ ժողովրդավարության մասին՝ ընդդեմ ավտորիտար ռեժիմների», նկատել էր նա։
Սպասվում է Կայա Կալլասի այցը Հայաստան: «Հռոմում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկել եմ Հայաստան կատարելիք այցս»,- X-ում օրերս նշեց Կալլասը: «Ես վերահաստատեցի ԵՄ-ի՝ կապերը խորացնելու ամուր հանձնառությունը եւ մտքեր փոխանակեցի Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, ներառյալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի եւ տարածաշրջանում խաղաղության վերաբերյալ»,- նշել էր եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
29.04.2025