Լրահոս
Օրվա լրահոսը

Իմփիչմենթ. հավատարմության ստուգատես

Ապրիլ 30,2025 10:00

Եթե ես հակված լինեի դավադրապաշտությանը, ապա կենթադրեի, որ Փաշինյանի «իմփիչմենթի» թեման բարձրացրել է… Փաշինյանը: Դա դարերի ընթացքում թե՛ Արեւմուտքում եւ թե՛, հատկապես, Արեւելքում «փորձարկված» սխեմա է. «Ձեւ անեմ, որ իմ հեռանալը, գոնե տեսականորեն, հնարավոր է եւ տեսնեմ, թե ինչ արձագանք են տալիս իմ պալատականները»: Նրանք, ովքեր մարմնի կասկածելի շարժումներ էին անում, միանգամից գլխատվում էին: Պատմությանը հայտնի են մի քանի տասնյակ դեպքեր, երբ այդ պարզ սխեմայի միջոցով միապետը ստուգում էր իր պալատականների հավատարմությունը:

Դիմել ՔՊ-ական պատգամավորներին Փաշինյանի «իմփիչմենթի» առաջարկով՝ նույնն է, թե դիմել որեւէ սուլթանի նազիր-վեզիրներին՝ միապետին պաշտոնանկ անելու հարցով: Բնական է, որ պալատականներն ի պատասխան պետք է հավատարմության երդումներ տան իրենց շեֆին: Մեր ժամանակները, բարեբախտաբար, ավելի «հումանիստական» են, եւ հավատարմության երդում չտվող կամ ոչ պաթետիկ ոճով երդում տվող ՔՊ-ականներին բառիս ֆիզիկական իմաստով չեն գլխատի, բայց Աննա Վարդապետյանը կարող է գալ նրանց հետեւից, ինչպես գնաց Հովիկ Աղազարյանի հետեւից:

Ես գիտեմ, թե ինչ առարկություն կհնչի իշխանության ներկայացուցիչների եւ կողմնակիցների շուրթերից՝ Փաշինյանը սուլթան չէ, նա ընտրված է ազատ-արդար ընտրությունների միջոցով: Նախ՝ մեր նման երկրների դեպքում «ազատ-արդարի» վերաբերյալ ես խիստ կասկածներ ունեմ. կարեւոր չէ, թե ինչպես են անցնում ընտրությունները, կարեւոր չէ անգամ, թե ով է հաշվում ձայները (ինչպես կարծում էր Ստալինը), կարեւոր է՝ «հաստատվո՞ւմ» են, արդյոք, այդ ընտրությունների արդյունքները համապատասխան կառույցների կողմից, թե՝ ոչ: 2018 եւ 2021 թվականների ընտրությունները «հաստատվել են» Արեւմուտքի եւ Պուտինի կողմից: Իսկ, օրինակ, անցած տարվա Վրաստանի խորհրդարանի ընտրությունները, որոնք ավելի վատ չեն անցել, քան մերը, Արեւմուտքի կողմից չեն «հաստատվել»: Կարծում եմ, պետք չէ երկար բացատրել, թե ինչու են նման բաներ տեղի ունենում:

Բայց դա էլ մի կողմ: Ընդունենք, որ Ռիչարդ Նիքսոնը 1969 եւ 1973 թվականերին «ազատ-արդար» ընտրություններով հռչակվել էր ԱՄՆ նախագահ: Ի հեճուկս այդ հանգամանքի՝ 1974 թվականին նա հրաժարական տվեց Ուոթերգեյթի պատճառով: Հակառակ դեպքում նա, շատ մեծ հավանականությամբ, իմփիչմենթի կենթարկվեր, եւ դրա օգտին հաստատ կքվեարկեին ոչ միայն դեմոկրատները, այլեւ հանրապետականները՝ Նիքսոնի կուսակցության անդամները:

ԱՄՆ սենատորներն ու կոնգրեսականները կախված են նախեւառաջ իրենց ընտրողներից: Իսկ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները ոտքով-գլխով կախված են միայն Փաշինյանից: Նրանք հաջորդ անգամ պատգամավոր չեն դառնա, եթե Փաշինյանը նրանց անունները ցուցակի մեջ չգրի, եւ այսօր էլ նրանք պատգամավոր կմնան, միայն, եթե Փաշինյանը դա ցանկանա: Ահա թե ինչի մասին է պետք մտածել:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ «Արթուն ենք» հանրային շարժման անդամներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը խորհրդարան ապրիլի 28-ին մուտք են անում ԱԺ պատգամավորներին ուղղված նամակներ՝ Նիկոլ Փաշինյանին` 10 օրվա ընթացքում անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930