«Իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանը փոխանցել է, որ զբաղվեմ ոչ միայն իր, այլ նաև մյուս քաղբանտարկյալների պաշտպանությամբ»,- այս մասին ասել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, ամերիկացի հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերը՝ ապրիլի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում տեղի ունեցած՝ COP29-ից հետո Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ:
Նա նշել է, որ ավելի քան 18 ամիս է, ինչ Ռուբեն Վարդանյանը ձերբակալված է Ադրբեջանի կողմից: «Նրա իրական հանցանքն այն է, որ փորձել է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաների արժանապատվությունը և ինքնորոշման իրավունքը»,- ասել է Ջարեդ Գենսերը՝ հավելելով, որ Ռուբեն Վարդանյանի շարունակվող բանտարկությունը Ալիևի բարբարոսության վառ արտահայտությունն է: «Առաջադրված 40-ից ավելի մտացածին մեղադրանքներով նրան ցմահ ազատազրկում է սպառնում: Ընդ որում, այդ մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ են: Մեկ օրինակ բերեմ. Ռուբեն Վարդանյանը համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, մի անկախ ՀԿ, որն օգնում է կարիքավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Սակայն Ադրբեջանը պնդել է, որ այս կազմակերպությունը, որն անկախ աուդիտի է ենթարկվում, եղել է Ռուբենի կողմից ահաբեկչությունը ֆինանսավորելու միջոց»:
Գենսերը նշել է, որ Վարդանյանի դատավարությունը արդարադատության ծաղր է, որն անցկացվում է կոպիտ ընթացակարգային չարաշահումներով. «Ներառյալ ռազմական դատարանում անօրինական դատավարությունը, մեղադրական եզրակացության և բոլոր ենթադրյալ ապացույցների ամբողջական թարգմանությունների բացակայությունը, հանրությունից փակ գաղտնի լսումները, և ինձ՝ որպես նրա միջազգային փաստաբանի, մերժումը»:
Փաստաբանն ընդգծել է, որ չնայած Ալիևի պնդմանը, թե Վարդանյանը «ահաբեկիչ» է, և որ նրա բանտարկությունը կապ չունի նրա հայ քրիստոնյա լինելու հետ, Վարդանյանին մերժել են Աստվածաշունչ տալ, նա ենթարկվել է խոշտանգումների երկու հացադուլներից առաջինի ընթացքում:
Կարդացեք նաև
Փաստաբանը չափազանց մտահոգիչ է համարել նաև Ադրբեջանի իշխանությունների՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երկրից դուրս բերման պահանջը՝ նշելով, որ այն միակ կառույցն էր, որ հասանելիություն ուներ հայ գերիներին:
«Նախագահ Թրամփը քարոզարշավի ժամանակ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտմանը և ասել, որ եթե ընտրվի, կկանգնի հալածված քրիստոնյաների կողքին: Նախագահ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ հայ քրիստոնյա բանտարկյալները պետք է ազատ արձակվեն կամ մինչև խաղաղության համաձայնագիրը, կամ դրա շրջանակում: Սակայն պետք է հաշվի առնել, որ բռնապետները բանտարկյալներին երբեք իրենց կամքով չեն ազատում, հետևաբար, պետք է նրանց հարկադրել, որ դա անեն»: