Բլոգեր Արթուր Չախոյանն այսօր վաղ առավոտյան Նոր Նորք վարչական շրջան էր գնացել ՝ մասնակցելու վարչական շրջանում 18 հարկանի շենք կառուցելու մասին շինթույլտվություն տալ-չտալու վերաբերյալ հարցի քննարկմանը:
Բլոգերը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ է եւ ինչպես ավելի վաղ հայտնել էր, հենց իրենց բնակության շենքի հարեւանությամբ է նախատեսված 18 հարկանի շենքի կառուցումը:
Քննարկմանը մասնակցելու գնացած բլոգերին վարչական շրջանի աշխատակիցները դիմավորեցին շատ վատ, նրան ամոթանք տվեցին՝ անվանելով «վատ տղա»: Մեկ այլ աշխատակից էլ գործընկերոջ տված «վատ տղա» գնահատականին զուգահեռ հարվածեց բլոգերին, ինչից հետո Չախոյանը պատասխան հարված տվեց: Բլոգերին բռունցքներով վրա տվեցին վարչական շրջանի գրեթե բոլոր աշխատակիցները՝ այդ թվում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան-Տեր Մարգարյանը ու սկսվեց ծեծկռտուքը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք այսօրվա ծեծկռտուքին նախորդած իրադարձությունները:
Երեկ՝ ապրիլի 29-ին, Արթուր Չախոյանն ու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը Նոր Նորք վարչական շրջանում էին:
Ինչպես Արթուր Չախոյանն էր հայտարարել՝ այդ վարչական շրջանում մանկապարտեզի նորոգման հետքերով բացահայտած թալանի մասին տեսանյութի հրապարակումից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել էր ու սպառնացել իրեն եւ Երեւանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին, ինչպես նաեւ անհարգալից խոսել իրենց հասցեին, հայհոյել։
Բլոգերի ու ավագանու անդամի վարչական շրջան կատարած երեկվա այցին անդրադարձել է նաեւ իշխանական Civic.am- լրատվական կայքը, բայց վարչական շրջանի ղեկավարի դիտանկյունից:
«Պարոն Չախոյանն ու Մեսրոպը Մանուկյանը, շատ լավ իմանալով, որ ես այստեղ չեմ, սարքել են իրենց շոուն: Այո՛, ես հայհոյել եմ հեռախոսով, վերահաստատում եմ, չեմ հրաժարվում: Որովհետեւ Մանուկյանն ու Չախոյանը գնացել են մի մանկապարտեզ, որը դեռ հանձնված չէ, քաղաքապետարանը չի ընդունել ակտը, գումարը փոխանցված չէ, շինարարներն ունեն խնդիր, պետք է լուծեն, որից հետո կլինի մանկապարտեզի բացում, երեխաների վերադարձ: Մանիպուլյացիա անելով, ցույց տալով, թե իբր այնտեղ երեխաներ են մնում, որ քարերը կթափվեն երեխաների գլխին: Քար են վերցնում պատից, վիրավորական ասելով՝ խփեք ձեր գլխներին: Մեսրոպ Մանուկյանին ասում եմ՝ շարի քաղաքական թիմիդ, էդ քարը նվեր կտամ, հատ-հատ խփի քաղաքական թիմիդ բոլոր անդամների գլխին, վերջում էլ խփի ղեկավարիդ գլխին…»,- ասել էր վարչական շրջանի ղեկավարը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:
«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,- «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են քաղաքապետարանից: