«Փաստինֆո». Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործով կան կալանավորվածներ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կալանավորված երկու անձանցից մեկը դատավորի օգնականն է, որը մեղադրվում է կաշառքի օժանդակության մեջ, իսկ կալանավորված մյուս անձն, ըստ քրեական գործի, կաշառք տվողն է։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 2 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նշենք, որ քրեական գործի համաձայն՝ դատավորը կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։
Այժմ ԲԴԽ-ում քննվում են Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունները։ Արտուշ Գաբրիելյանն ինքը դեռևս զերծ է մնում մեկնաբանություններ տալ՝ գործի և մեղադրանքների առնչությամբ։
Հիշեցնենք, որ ՀԿԿ-ում քննվող վարույթի շրջանակներում երեկ խուզարկություններ են իրականացվել դատարանում, ինչից հետո Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել հենց դատարանից և, ըստ լուրերի, դատավորին բերման ենթարկելիս անգամ ոլորել են ձեռքերը և պառկեցրել։ Բերման ենթարկվելու և ուժի կիրառման մասին լուրերը փաստաբանները, սակայն, հերքել են։
Կարդացեք նաև
Այժմ դատախազը դիմել է ԲԴԽ՝ Գաբրիելյանի անձեռնմխելիության հաղթահարման հարցով։ Քրեական գործը, որով պատրաստվում են քրեական հետապնդում հարուցել Գաբրիելյանի նկատմամբ և կալանավորել նրան, առնչվում է կաշառքին։ Գործով անցնում է նաև նրա օգնականը։
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը նաև առաջին դատավորն է, որն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ և 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար:
Իզաբել Սահակյան