Լրահոս
Օրվա լրահոսը

«Խտրականություն եմ տեսնում՝ ինչո՞ւ պետք է որակյալ օնլայն մեդիաները չկարողանան պետական աջակցությունից օգտվել»․ Աշոտ Մելիքյան

Ապրիլ 30,2025 16:15

«Վերգետնյա հեռարձակումը մեզ մոտ Աստծո պարգևի նման բան չպետք է լիներ»,- Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված «Մեդիա ոլորտի զարգացման մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Ըստ նրա՝ իրականացվող քայլերը՝ որպես քաղաքականության մի մաս, հենց այն մասին են, որ պետք է ամեն գնով վերգետնյա հեռարձակումը պահպանել․ «Օրինակ՝ ինդուստրիալ կոմիտեի ձևավորումը ենթադրում է, որ միայն վերգետնյա հեռարձակողները պետք է այնտեղ լինեն։ Մոտ ապագայում արհեստական դարձող բաժանումը խորացվում է քաղաքականության միջոցով։ Այդ կոմիտեն, ըստ օրենքի՝ ընտրելու է չափող կառույց, որը չափելու է լսարանները և չափելու է միայն Ինդուստրիալ կոմիտեի անդամ վերգետնյա հեռարձակում իրականացնող լրատվամիջոցների: Դա նշանակում է, որ գովազդատուն, որը չի ուզում խորանալ սեփական չափումների մեջ, ասելու է՝ ունե՞ս չափման արդյունք, այն էլ օրենքով հաստատված չափող ընկերության կողմից, բեր, քեզ գովազդ կտամ, չես բերելու, չես ստանալու։ Հիմնադրամի ձևավորումը հերթական քայլն է, որն իր ժամանակն ապրած վերգետնյա հեռարձակում իրականացնելու միտումը կամ իներցիան պահպանում է այն դեպքում, երբ մեր քաղաքականությունը պետք է հակառակ ուղղությամբ գնար, դրա նպատակով պետք էր անել ամեն ինչ։ Վերգետնյա հեռարձակումը Աստծո պարգևի նման բան չպետք է լիներ մեզ մոտ։ Մեզ մոտ հակառակն է ստացվում՝ Հիմնադրամ, Ինդուստրիալ կոմիտե»։

Բորիս Նավասարդյանը փաստեց՝ հիմնականում վերգետնյա հեռարձակողներն ունեն լուրջ քաղաքական հովանավորներ, և նրանք շահագրգռված չեն անել ինչ-որ բան, որ արտադրեն այնպիսի բովանդակություն, որը կխրախուսվի նաև դրամաշնորհների միջոցով։ Եվ նման հեռուստաընկերություններ պարզապես չեն դիմում դրամաշնորհների, կամ դրա կարիքը չունեն, կամ չեն ուզում հարմարեցնել իրենց գործունեությունը դրամաշնորհի՝ ենթադրվող պահանջներին։ Այն վերգետնյա հեռարձակողը, որը շահագրգռված է նման հրապարակում տալ, շատ լավ օգտվում է դրամաշնորհների հնարավորություններից»։

Խոսելով ինքնակարգավորման ոլորտում գոյություն ունեցող խնդիրների մասին՝ Բորիս Նավասարդյանն ասաց․ «Այն հանգամանքը, որ հենց կառավարությունը որոշեց, որ ինքը նպաստում է ինքնակարգավորման զարգացմանը, մենք ունեցել ենք առաջին հայեցակարգը՝ կառավարության կողմից ձևավորված, որը ենթադրում էր պետության լուրջ միջամտության գործընթաց, մենք էն գլխից պետք է հասկանայինք, որ կան լրատվամիջոցներ ՀՀ-ում, ում պետք չէ ինքնակարգավորումը, պատասխանատվությունը, հաշվետվողականությունը հասարակության նկատմամբ։ Եթե դա մեզ կանգնեցնելու էր այդ ճանապարհին, ուրեմն պետք է չսկսեինք։ Մենք էլ էինք ի վերջո պատրաստ շարունակել աշխատել այնպես, ինչպես աշխատում էինք՝ առանց ներդաշնակեցման ինքնակարգավորումը և օրենսդրական կարգավորումը, բայց դա կառավարության որոշումն էր։ Մենք փորձեցինք նպաստել, որ այդ որոշումը հնարավորինս լավ ծառայի որակյալ լրատվամիջոցների զարգացմանը։ Իսկ, եթե որոշում կայացնողները համարում են, որ դա այլևս պետք չէ, եկեք հրաժարվենք, թող կառավարությունն ասի՝ ժամանակին այն որոշումը և ծրագիր, որ կազմել ենք, այս հարցում սխալվել ենք, չեղարկում ենք, և թողնենք, որ ինքնակարգավորումն իր հունով՝ ինչպես եղել է 2007-2021-ը, զարգանա»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ կարծում է՝ մասնավոր մուլտիպլեքս և հանրային մուլտիպլեքս հասկացություններն այսօրվա տեխնոլոգիական զարգացման պարագայում ավելորդ են․ «Եթե մի կողմ ենք դնում, հանրայինն էլ պետք է մի կողմ դրվի և, բնականաբար, մասնավորի մասին ավելորդ կլինի խոսել։ Երբ հանրային մուլտիպլեքսը դառնում է չափորոշիչ, և պետական ֆոնդ է ստեղծվում հենց այդ չափորոշիչով ֆինանսական աջակցություն ստանալ՝ այն պարագայում, որ ասենք՝ հեղինակազորված, բայց լիցենզիա չստացած ԶԼՄ-ներ կան, որոնք իրենց ազդեցությամբ, լսարանի թվով շատ ավելի մեծ են և ազդեցիկ, քան մասնավոր մուլտիպլեքսում գործող շատ հեռուստաընկերություններ, ի՞նչ մոտեցում է դա, հասկանալի չէ։ Առհասարակ անձամբ խտրականություն եմ տեսնում՝ ինչո՞ւ պետք է որակյալ օնլայն մեդիաները, որոնք հենց էդպիսին են էությամբ, չկարողանան պետական աջակցությունից օգտվեն, պիտի օգտվի միայն այն լրատվամիջոցը, որը հանրային մուլտիպլեքսում տեղ ունի։ Ի՞նչ մոտեցում է սա, ես որպես փորձագետ չեմ կարողանում հիմնավորում գտնել և համարում եմ, որ հում որոշում է կայացվել կառավարության կողմից՝ ինչ-որ կարծիքներ հաշվի առնելով, որոնք այդքան էլ անկեղծ ու օբյեկտիվ չեն եղել»։

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ լավ կլինի հիմնադրամի իրագործումն այժմ կասեցվի։

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հնչեցված մտահոգություններին արձագանքեց․ «Հիմնադրամի մասով երկու կարևոր բան կա՝ որևէ օնլայն լրատվամիջոց պարտավոր չէ հանրօգուտ կոնտենտ տալ։ Որևէ օնլայն լրատվամիջոցի, որն իրեն կհամարի լրատվամիջոց, լրագրող, բլոգեր, որևէ մեկը պարտավորություն չունի ստեղծել հանրօգուտ բովանդակություն։ Վերգետնյա հեռարձակողներն ունեն այդ պարտավորությունը․ պետությունն ասում է՝ այսքան տոկոս հանրօգուտ հաղորդումներ պետք է հեռարձակես, և ինքը որոշակի սուբսիդավորում ունենա։ Էլի չի բացառվում, որ նույն օնլայն լրատվամիջոցը կարող է այդ նույն կոնտենտը ստեղծել, հեռարձակողը գնի, ցուցադրի։ Եթե որևէ օնլայն լրատվամիջոց կա, որն ուզում է հանրօգուտ հաղորդում ստեղծել, է, պատրաստեք։ Ձեզ թվում է հեռուստաընկերություններում բոլոր մասնագետները ազատ նստած, սպասում են ժամ առաջ հանրօգուտ կոնտենտ ստեղծե՞լ»։

Սիսակ Գաբրիելյանն ասաց՝ չի հասկանում Ինդուստրիալ կոմիտեն ինչո՞ւ պետք է տարածվեր օնլայն մեդիայի վրա։ Արձագանքելով Բորիս Նավասարդյանի՝ գովազդատուների հետ կապված մտահոգությանը, ասաց․ «Այո, ոչ միայն գովազդատուն կարող էր ասել, այլ գովազդատուն հենց այդպես էլ ասում է՝ եղբայր, եթե դու չունես չափում, ես իրավունք չունեմ, չեմ կարող գովազդ տալ քեզ։ Դրա համար էլ կոմիտեն չափում է։ Ո՞նց եք պատկերացնում՝ ինդուստրիալ կոմիտեում ներառվեն նաև օնլայն լրատվականները։ Ամենալավ չափման գործիքակազմը օնլայն դաշտում կա։ Ինդուստրիալ կոմիտեն նրա համար է, որ այդ հանրային մուլտիպլեքսը չունի այդ հնարավորությունը, այնտեղ չես կարող, դրա համար որոշակի ինստիտուտ է ներդրվում, որ չափի»։

Սիսակ Գաբրիելյանի կարծիքով՝ հանրային մուլտիպլեքսը ունի նաև ռազմավարական նշանակություն․ «Ես չեմ տեսել տենց մի մարդ, որն ուզում է մասնավոր մուլտիպլեքսի մեջ ներդրում անել։ Եթե կա տենց մարդ, ժողովուրդ, ասեք՝ որպես նմուշ հետը հանդիպենք, հարցնենք՝ ինչի՞ ես ուզում տենց ներդրում անել։ Իսկ ինչ վերաբերում է հանրային մուլտիպլեքսին, դա պետք է լինի, որովհետև եթե մեր երկիր մտնող ինտերնետ կաբելն անցնում է այլ երկրով, եթե դա վնասվի, ու մեր քաղաքացիներին, եթե մի բան ուզենք փոխանցել, ի՞նչ անենք, ասենք՝ դե մենք ժամանակին որոշեցինք, որ այս հանրային մուլտիպլեքսը պետք չէր, քանդեցինք։ Եթե անգամ ծախս է պետությունն անում, պետք է հասկանա՝ այդ հաղորդակցության միջոցն ինքը միշտ պետք է ունենա։ Աշխարհի բոլոր պետություններն ունեն սենց մի կապի միջոց, որ եթե հանկարծ Իլոն Մասկն էլ որոշի՝ ՀՀ-ում էլ է անջատում ինտերնետը, կաբելն էլ է վնասվում, մի բան ունենանք հաղորդակցվելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930