Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրեր՝ 1 մլրդ 682 մլն դրամի չափով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր: «Այս որոշման հաստատմամբ կունենանք ՀՀ 2025 թվականին պետական բյուջեից 4 մլրդ 75 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասել է նախարարը:
Վարչապետը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերը: Այսպիսով՝ Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրի նախադպրոցական հաստատության կառուցում (կատարված շինաշխատանքները՝ 45%, կառուցվում է 412 քմ մակերեսով մանկապարտեզ՝ 90 սանի համար), Արարատ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում/2-րդ փուլ (կատարված շինաշխատանքները՝ 95%, կառուցվել է 2 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգ), Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում (կատարված շինաշխատանքները՝ 40%, իրականացվում են առկա մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներ՝ ընդհանուր 3207 քմ, սաների թիվը՝ 300), Արմավիր համայնքի Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում (կատարված շինաշխատանքները՝ 83%, իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ մանկապարտեզի երեք մասնաշենքերում՝ 1555քմ ընդհանուր մակերեսով, սաների թիվը՝ 90), Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրի Մ5 ճանապարհ 1-ին փողոցի 53շ. հասցե (Մշակույթի տուն) հատվածի հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է 0․56 կմ երկարությամբ ճանապարհ), Արաքս համայնքի Գրիբոյեդով բնակավայրի կենտրոնական փողոցի ճանապարհի մի հատվածի տանող ճանապարհի հիմնանորոգում՝ լրացուցիչ աշխատանքներ (ավարտված, կատարվել է 960 մ երկարությամբ փողոցի ասֆալտապատում), Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազիֆիկացում (կատարված շինաշխատանքները՝ 85%, կառուցվել է 17,75 կմ երկարությամբ գազատար, շահառուների թիվը՝ 580 տնտեսություն), Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի գազիֆիկացման աշխատանքներ (ավարտված, կառուցվել է 3,52 կմ երկարությամբ գազատար, շահառուների թիվը՝ 1050), Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի համար նոր մանկապարտեզի կառուցում /2-րդ փուլ/ (կատարված շինաշխատանքները՝ 80%, կառուցվում է 1865 քմ մակերեսով, 90 սանի համար նախատեսված մանկապարտեզ), Մարտունի համայնքի Աստղաշեն, Վաղաշեն, Գեղհովիտ բնակավայրերի գազիֆիկացում (կատարված շինաշխատանքները՝ 95%, կառուցվել է 2.9 կմ գազատար, շահառուները՝ 165 տնտեսություն), Մարտունի համայնքի Վարդաձոր և Երանոս բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում (կատարված շինաշխատանքները՝ 90%, կառուցվել է 2.59 կմ ջրատար, ոռոգվող հողատարածքը՝ 150 հա, շահառուները՝ 300 տնտեսություն), Լոռի մարզի Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է 1.1 կմ երկարությամբ ճանապարհ), Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր բնակավայրի լուսավորության համակարգի արդիականացում (ավարտված, կառուցվել է 2,45 կմ լուսավորության ցանց, տեղադրվել է 79 հենասյուն, 79 լեդ լուսատու), Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն, Բանդիվան, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ, Աղվորիկ, Արեգնադեմ, Գտաշեն և Մեղրաշատ բնակավայրերի փողոցային լուսավորության անցկացում (ավարտված, կառուցվել է 11,7 կմ լուսավորության ցանց, տեղադրվել է 391 հենասյուն, 391 լեդ լուսատու), Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում (ավարտված, հիմնանորոգվել է 1.8 կմ երկարությամբ ճանապարհ), Արթիկ համայնքի թվով 12 բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցում (ավարտված, կառուցվել է 16,7 կմ լուսավորության ցանց, տեղադրվել է 561 հենասյուն, 561 լեդ լուսատու), Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրում մանկապարտեզի կառուցում (կատարված շինաշխատանքները՝ 66%, կառուցվում է 700 քմ մակերեսով, 60 սանի համար նախատեսված մանկապարտեզ), Տավուշի մարզի Բերդ համայնքի Բերդ, Նավուր, Այգեպար բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում (կատարված շինաշխատանքները՝ 95%, վերանորոգվել է 10 000 քմ բակային տարածք, իրականացվել է 200 գծմ բետոնե հենապատի հիմնանորոգում), Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Բլբուլյան 73, Բլբուլյան 79, Անկախության 21, Այգեհովիտ բնակավայրի Կայան ավան թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում (կատարված շինաշխատանքները՝ 95%, հիմնանորոգվել է 4 բազմաբնակարան շենքի տանիք՝ 3097 քմ ընդհանուր մակերեսով), Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում (կատարված շինաշխատանքները՝ 99%, հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, սաների թիվը՝ 60):
Նախկինում օտարված Դիլիջանի մանկապարտեզը վերադարձվել է համայնքին
Կարդացեք նաև
Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավագանու՝ 2006 թվականի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող 891 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցող անձին փոխկապակցված մեկ այլ անձի հետ: Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին մանրամասներ է ներկայացրել գործի ընթացքի վերաբերյալ: «Դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա 2024 թ. սեպտեմբերի 12-ին Քննչական կոմիտեի՝ Տավուշի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և այդ վարույթի հետ զուգահեռ պրոցեսներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է Դիլիջան համայնքի ղեկավարի և նշված կազմակերպության միջև հաշտության համաձայնություն:
Հաշտության համաձայնության արդյունքում Դիլիջան համայնքի վերը նշված մանկապարտեզը վերադարձվել է համայնքին, վճիռը հրապարակման պահից մտել է ուժի մեջ: Այսինքն՝ մեր պրոցեսների շրջանակում մանկապարտեզը, որը նախկինում համայնքից օտարվել է, արդեն իսկ վերջնականորեն վերադարձվել է համայնքին: Այնպես որ, համայնքը և մենք կարող ենք մտածել նաև այդ մանկապարտեզը նորոգելու և երեխաներին վերադարձնելու մասին»,- ասել է վարչապետը:
Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերի հետ կապված որոշ հարաբերությունների կարգավորման նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը հայտարարատուին փոխհատուցվում են նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի դիմաց փաստացի վճարումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով: Անցումային ժամանակահատվածի ավարտից հետո սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսը անմիջականորեն կատարվել է հայտարարատու ֆիզիկական անձի կողմից: Համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների մասով հաշվարկային փաստաթղթերը կարող են համայնքների անունից դուրս գրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները: Եթե առողջության ապահովագրության փաթեթի պայմանագիրը կնքվել է գործատուի կողմից, սակայն ամբողջությամբ հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձի հաշվին և անունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքը ծագում է հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձի մոտ, և այդ դեպքում ապահովագրական փաթեթի մասով հաշվարկային փաստաթուղթը ապահովագրական ընկերության կողմից դուրս է գրվում ապահովադիր անձի անունով՝ որպես սոցիալական ծախս կատարող նշելով հայտարարատու հանդիսացող աշխատողի տվյալները: Կսահմանվի նաև, որ լիազոր մարմինների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտե է ներկայացվում ատամնաբուժական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող, առողջության ապահովագրություն կատարելու իրավունք ունեցող, կրթական ծառայություններ մատուցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շարունակվում է ընդհանուր հայտարարագրման գործընթացի լավարկումը: «Մենք էլ ենք ստրնեղում, թե ինչու այս նրբություններն ի սկզբանե չենք նկատում, բայց երբ օբյեկտիվորեն նայում ես, նաև այս համոզմունքն ինձ մոտ առաջացել է Էստոնիա կատարած այցից հետո, որ, միևնույն է՝ բանաձևը ճշգրիտ է, որ ցանկացած բարեփոխում պետք է գնա, իր պրոբլեմին հանդիպի, որպեսզի այդ պրոբլեմը լուծվի: Ի սկզբանե չկա այդպիսի մի մեխանիզմ, որ բոլոր հնարավոր խութերը և նրբությունները կարողանա նկարագրել»,- ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ երկուշաբթի օրվա դրությամբ ՀՀ 37 հազար 737 քաղաքացի համընդհանուր նոր հայտարարագրման համակարգով հայտարարագիր է լրացրել: Նրանցից 17 000-ը պետք է ստանան սոցիալական կրեդիտ, 16 271-ն արդեն ստացել են սոցիալական կրեդիտները: «Եվ, ընդհանուր առմամբ, պետական բյուջեից քաղաքացիները ստացել են 1 մլրդ 482 մլն դրամ, այսինքն՝ մոտ 1,5 մլրդ քաղաքացիներն արդեն հետ են ստացել»-ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հավելել է՝ գեներացվել է 1 մլրդ դրամի հարկ. «Դա վատ չէ, բայց ամեն դեպքում, այս պահի դրությամբ ավելի շատ վերադարձվել է քաղաքացիներին, քան գեներացվել է»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Էստոնիա կատարած այցի արդյունքում արված եզրահանգումներին, մասնավորապես՝ թվայնացմանը վերաբերող: Վարչապետն այդ համատեքստում անդրադարձել է այն քննադատություններին, թե Հայաստանում թվայնացման գործընթացը երկար է տևում. «Էստոնիայում 2002 թվականից նույնականացման քարտ ունենալը պարտադիր է: Այսինքն՝ եթե չունես ID քարտ, ոչ մի գործարք չես կարող անել: Հայաստանում քանի դեռ քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացումը չի կարող տեղի ունենալ: Այսինքն՝ թվայնացման անկյունաքարը ID քարտն է: Եթե քաղաքացիների շոշափելի տոկոսը չունի ID քարտ, թվայնացումը հնարավոր չէ: Դրա համար որպես կիրառական գործիք պարտադիր է ունենալ ID քարտ: Էստոնիայում անցյալ տարի թվայնացրել են իրենց վերջին ծառայությունը։ Այնտեղ թվայնացումը տևել է ուղիղ 35 տարի. սա նույնպես կարևոր արձանագրում է։ Մենք չենք ավարտել, որովհետև ովքեր ավարտել են, սկսել են 40 տարի առաջ»:
Թեմայի առնչությամբ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ապրիլի 30-ի դրությամբ ստացվել է 96 900 դիմում՝ նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված, և արդեն իսկ տպագրված է 81 900 նույնականացման քարտ: «Սրանք ընդամենը մուտք եղած դիմումներն են: Կան նաև հերթագրման համակարգում սպասող քաղաքացիներ, որոնք դեռ չեն ներկայացրել դիմումները, որ տպագրության պրոցեսն իրականացվի: Ըստ այդմ՝ Երևանում և մարզերում ընդհանուր հաշվարկով ևս 54 261 անձ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանա մոտենալ անձնագրային համապատասխան ստորաբաժանում և դիմում ներկայացնել՝ նույնականացման քարտ ստանալու հետ կապված: Եթե ընդհանուր հանրագումարով նայենք՝ ստացվում է շուրջ 151 հազար անձ արդեն իսկ ստացել է նույնականացման քարտ կամ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանանք քարտերի տպագրություն իրականացնենք»,- ասել է ՆԳ նախարարը:
Արփինե Սարգսյանը նշել է, որ այսօր օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող են իրականացնել, բայց առաջիկայում թիվը կկրկնապատկվի. «Մենք ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա նույնականացման քարտերի՝ ավելի արագ տպագրություն իրականացնել, ըստ այդմ՝ թողունակությունն ավելի մեծացնել»:
Նախարարը ներկայացրել է նաև վիճակագրություն, ըստ որի՝ 2023 թվականին տրամադրվել է շուրջ 64 հազար նույնականացման քարտ, 2024 թվականին՝ 161 հազար, իսկ 2025 թվականին 4 ամիսների կտրվածքով տրամադրված նույնականացման քարտերի թիվը մոտենում է նախորդ տարվա ծավալին:
Անդրադառնալով նույնականացման քարտերի հետ կապված գործընթացի, հայտարարագրման համակարգի ու մյուս ծրագրերի հնարավոր հետաձգումների մասին խոսակցություններին՝ Նիկոլ Փաշինյան նշել է՝ այս պահին ինչ ուժի մեջ է, հետաձգում չի լինելու:
Կապահովվեն Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսերը
Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, որով կապահովվի Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության, նստավայրը՝ Մասկատ, պահպանման ծախսերը: Գումարից հիմնական մասը կհատկացվի ԱԳՆ բյուջեից, իսկ մնացածը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։ Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը: Այն կնպաստի երկու երկրների քաղաքացիների և հասարակությունների միջև փոխճանաչելիության աճին, խթան կհանդիսանա Հայաստանի և Արևելյան Աֆրիկայի ու Հնդկական օվկիանոսի մի շարք երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ հիմք ընդունելով այդ երկրների և Օմանի միջև առկա պատմական և մշակութային կապերը:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետն ընդգծել է, որ այն կարևոր է արտաքին քաղաքականության ակտիվացման տեսակետից. «Մեր դեսպանատների ցանցն աշխարհում ընդլայնվում է, ինչը կարևոր է մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կիրառման տեսակետից»:
Արձագանքելով՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ արդեն Կիպրոսում է բացվել դեսպանություն, իսկ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում կբացվի դեսպանություն Հունգարիայում՝ Բուդապեշտում:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանում օտարերկրյա դեսպանատների թիվն աճում է, ինչը նույնպես շատ կարևոր է երկրի միջազգային տեսանելիությունը մեծացնելու առումով:
Կկառուցվի շուրջ 27,1 կմ երկարությամբ ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը
Կառավարությունը հավանություն է տվել 2025 թ. մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ 3 ենթահատվածների՝ Հյուսիսային ենթահատված, Բարգուշատի թունելի ենթահատված, Հարավային ենթահատված: Ըստ նախարարի համաձայնագիրը վերաբերում է Հյուսիսային ենթահատվածին, որի ընդհանուր արժեքը 335 մլն եվրո է, որից 236-ը համաֆինանսավորվելու է Ասիական զարգացման բանկի հետ, այս համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը: Արդյունքում՝ 1,5-2 ժամ կկրճատի այս ճանապարհահատվածի տևողությունը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033թ․ նոյեմբերին:
Անդրադառնալով որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին 1 ամսվա ընթացքում եղել է Մեղրիում ու Թալինում և ունի զգացողություն, որ Հյուսիս-հարավ ճանապարհը շատ արագ տեմպով ընթանում է. «Ես զգացողություն ունեմ, որ Հյուսիս-հարավի հետ կապված մեր պլաններն արդեն գոնե 70-80 տոկոսով առարկայական են դառնում, և արդեն իսկ ունենք շանս՝ լրջագույն և վերջնական իրագործման փուլ մտնելու»:
Ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է՝ եթե մինչև այս տարվա վերջ մրցույթի արդյունքում կարողանան կապալառու ներգրավել, ապա Քաջարանից հետո ընկած թունելի և ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ևս կամբողջանան իրենց համար նախատեսված 7 տարվա ժամկետում:
Կապահովվի Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի իրականացումը
Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում՝ Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված: Նախատեսվում է, ՀՀ սեփականություն հանդիսացող Արարատի մարզի Արարատ համայնքի Շահումյան 62/2 հասցեում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ մարզահամալիրի կառուցման նպատակով: Մարզադահլիճի կառուցման աշխատանքների ավարտից հետո, սահմանված կարգով վերջինիս նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է մասնավոր գործընկերության շրջանակներում՝ ներդրումների ներգրավմամբ սիրողական սպորտում ստեղծել կայուն և արդյունավետ համագործակցություն պետական և մասնավոր հատվածների միջև՝ նպաստելով առողջ ապրելակերպի տարածմանը, մասնավոր հատվածի կառավարման հմտությունների և նորարարական մոտեցումների օգտագործմամբ սպորտային ծրագրերի արդյունավետ բարձրացմանը:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշումներով մի շարք ընկերությունների տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու թույլտվություն:
«Եղոյան շին» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պոլիէթիլենային խողովակների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Արարատի մարզում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 60 մլն դրամի ներդրում սարքավորումների և 2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 6 աշխատատեղ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2028 թվականը, նախատեսվում է ստեղծել 1 նոր աշխատատեղ՝ 240 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 100 մլն դրամ։
«Գետնառյուծ» ընկերությունը ներմուծվող սարքավորումը նախատեսվում է օգտագործել սև և գունավոր մետաղական ճշգրիտ ձուլվածքների՝ թվային ծրագրավորմամբ, մեխանիկական մշակում իրականացնելու համար։ Գործունեությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 33.4 մլն դրամի ներդրում հիմնական և 16.7 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 5 աշխատատեղ 93 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 7 նոր աշխատատեղ՝ 100 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 15 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 752 հազ դրամ։
«Ֆեմլի գարդեն» ընկերությունը Արմավիրի մարզի, Բաղրամյան համայնքի Տալվորիկ գյուղին կից տարածքում հիմնում է 182,74 հա մակերեսով դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգի, աշխատանքները գտնվում են ավարտման փուլում։ Ծրագրով նախատեսվում է շարունակել ներդրումների գործընթացը, մասնավորապես՝ այգու մշակման և ընթացիկ սպասարկման արդյունավետության բարձրացման ուղղություններով։ Ընկերությունը նախատեսում է ձեռք բերել անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկաներ ու սարքավորումներ՝ իրականացնելով 110 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 12 աշխատատեղ՝ 208 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 25-ի 208 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 110 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 11 մլն դրամ։
«Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ընկերության կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցները նախատեսվում է օգտագործել թողարկված արտադրանքը տեղափոխելու համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 74․4 մլն դրամի ներդրում, որից 60․9 մլն-ը՝ սարքավորումների ձեռքբերման, իսկ մնացած 13․5 մլն-ը՝ աշխատավարձային ֆոնդի համար։ Ներկայումս առկա է 264 աշխատատեղ 528 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ 545 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 60.9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 9 մլն դրամ։
Միջազգային հարաբերություններ
Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. ապրիլի 15-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար։ Համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում է կողմերի միջև համագործակցություն միգրացիայի ոլորտում, այդ թվում՝ նաև տեղեկատվական համագործակցություն, մասնավորապես՝ վիճակագրական, իրավական և գիտամեթոդական տեղեկատվության փոխանակում, կողմ պետությունների տարածքում գտնվող կողմ պետությունների քաղաքացիների մասին տեղեկությունների փոխանակում, փորձի փոխանակում և գործնական օգնության ցուցաբերում համագործակցության գործընթացում՝ ի հայտ եկող հարցերում, կողմ պետությունների քաղաքացիների իրավունքների, այդ թվում՝ իրենց ընտանիքների անդամների բնակության իրավունքի պաշտպանություն՝ բնակության համար տրված թույլտվության ժամկետների ընթացքում, կողմ պետությունների տարածքում գտնվելու կացության հիմքեր ունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցերի քննարկում։
Հավանություն է տրվել «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» (ԱԴԵԿ) կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: ԱԴԵԿ գլոբալ գործընկերություն է, որը նպատակ ունի բարելավել ենթակառուցվածքային համակարգերի դիմակայունությունը կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի հանդեպ, ինչն ուղղակիորեն կապված է աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրի իրագործման հետ։ ԱԴԵԿ-ն իրականացնում է տարբեր ծրագրեր՝ ներառյալ տեխնիկական աջակցության, հետազոտությունների, քարոզչական արշավների և գործընկերային համագործակցությունների խթանում։ Այս գործողությունները նպատակ ունեն մեծացնել դիմակայունությունն աղետների դեմ և աջակցել անդամ երկրներին ենթակառուցվածքի կայունացման գործում։
Այլ որոշումներ
Գործադիրն ընդունել է «Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4 շենքի, Երևանի Մոլդովական փողոց, 29/1 շենքի, Երևանի Շիրակի փողոց 2/32 շենք հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրելու համար:
Ոռոգման և խմելու ջրի ոլորտներում առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացմամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Մասնավորապես՝ ոռոգման համակարգում առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքների թվում են Տավուշի մարզի Այգեձորի և Շիրակի մարզի Սառնաղբյուր ջրամբարների վերականգնման և վերազինման գործընթացները։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ