Լրահոս
Օրվա լրահոսը

9 ծառայող ազատվել է աշխատանքից, կիրառվել է 206 կարգապահական տույժ. ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թ. առաջին եռամսյակի գործունեության արդյունքները

Ապրիլ 30,2025 16:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։

Մասնավորապես՝

✔️Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 187 կարգապահական տույժ, այդ թվում՝
119-ը «Նկատողություն»,
19-ը «Խիստ նկատողություն»,
38 աշխատակցի պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով,
2 ծառայողի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով,
9-ը ազատվել են ոստիկանությունում ծառայությունից։

Միաժամանակ, ոստիկանության 10 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 9.1-րդ կետերի, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։

✔️Փրկարար ծառայության 9 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժը։

✔️ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներից 6-ի նկատմամբ կիրառվել են «Նկատողություն», 2-ի՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։

✔️Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական մեկ ծառայողի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն»։

✔️ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական մեկ ծառայողի նկատմամբ կիրառվել է «Նկատողություն»։

Նշված ժամանակահատվածում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ է ուղարկվել ծառայողական քննության 12 նյութ, որոնցով նախաձեռնվել է 11 քրեական վարույթ․ 10-ը ոստիկանության ծառայողների, 1-ը՝ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։
Դրանք հիմնականում պարունակել են հանրային ծառայության շահերի դեմ ուղղված, այդ թվում՝ կաշառք ստանալու հանցակազմի հատկանիշներ։

Նույն ժամանակահատվածում Ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի մեկ նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 6 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին՝ ոստիկանության 5 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 3 ծառայողի նկատմամբ՝ «Ոստիկանությունից ազատում» և 2 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժերը, իսկ մեկ ծառայողի մասով քննարկումը հետաձգվել է:

Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային են հանրային հաշվետվողականությունն ու վերահսկողության ապահովումը։ Այդ համատեքստում, նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է թափանցիկության, հանրային հաշվետվողականության և վստահության ամրապնդման գործում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930