Լրահոս
Օրվա լրահոսը

Այո՛, առողջապահության նախարարության տարբեր պաշտոնյաների և իմ փոխհարաբերությունները եղել են «լարված» և ոչ գործընկերային. Սուրեն Նազինյան

Ապրիլ 30,2025 17:12

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգարժան լրատվամիջոցներ,

Հարգելի՛ լրագրող գործընկերներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն հայտնել եմ, որ 2025 թվականի մայիսի 4-ին լրանում է իմ և Առողջապահության նախարարության միջև 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրի ժամկետը։

Այս ժամանակահատվածում Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն) հատուկ ուշադրության է արժանացրել լրատվամիջոցների հետ համագործակցությանը՝ կարևորելով թմրամիջոցների հիմնախնդրի ճշգրիտ լուսաբանումը։

Օրեր առաջ լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց իմ՝ Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանիս և Առողջապահության նախարարի միջև առկա «լարված փոխհարաբերությունների» մասին։ Հաշվի առնելով, որ այս թեմայով հնարավոր են տարբեր սպեկուլյացիաներ, նաև հաշվի առնելով, որ իմ բարի համբավն արդեն երկու տարուց ավելի է՝ նախարարության տարբեր պաշտոնյաների կողմից շարունակաբար վարկաբեկվում է, և իմ անձի շուրջ բամբասանքներն արդեն դուրս են եկել նախարարության պատերից, կփորձեմ հնարավորինս մանրամասն և մատչելիորեն ներկայացնել՝ ինչ է տեղի ունեցել իրականում։

Այո՛, Առողջապահության նախարարության տարբեր պաշտոնյաների և իմ փոխհարաբերությունները եղել են «լարված» և ոչ գործընկերային՝ սկսած դեռևս 2022 թվականի երկրորդ կեսից։ Եվ դրա պատճառը եղել է դեռևս 2022 թվականի հուլիսին Առողջապահության նախարարի հրամանով Կենտրոնում Պետական առողջապահական գործակալության (այսուհետ՝ ՊԱԳ) կողմից իրականացված «ստուգումը» և այդ «ստուգման» արդյունքում իրականության հետ աղերս չունեցող՝ ընդհանուր առմամբ ավելի քան 260 միլիոն ՀՀ դրամի «խախտումների» «արձանագրումը»։ Հատկանշական է, որ հրամանով, որպես «ստուգման» ենթակա ժամանակահատված, սահմանված էր միայն իմ տնօրեն աշխատելու ժամանակահատվածը՝ 2020 թվականից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

2022 թվականի օգոստոսին ծավալուն, մանրակրկիտ և խիստ հիմնավորված առարկություններ ենք ներկայացնում, որով հիմնավորվում էր, որ «ստուգման» արդյունքում գրված եզրակացությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Առարկություններով համաձայնվել էինք պետական պատվերի մասով 2,5 տարվա ընթացքում ընդամենը շուրջ 3 միլիոն ՀՀ դրամի խախտումների առկայության փաստի հետ։

Երկարատև «պատերազմներից», նաև նախարարի մասնակցությամբ քննարկումից հետո՝ արդեն սեպտեմբերի վերջին, «ի հայտ է գալիս» առաջին եզրակացությունից բովանդակությամբ խիստ տարբերվող մեկ այլ եզրակացություն՝ ՊԱԳ-ի արդեն երկրորդ եզրակացությունը, ըստ որի՝ «խախտումներն» ընդհանուր առմամբ կազմում էին ոչ թե 260 միլիոն ՀՀ դրամ, այլ արդեն շուրջ 87 միլիոն ՀՀ դրամ։

Բայց 87 միլիոն ՀՀ դրամի «խախտումների» մասին եզրակացությունն էլ, մեղմ ասած, իրականությանը չէր համապատասխանում։ Շատ չմանրամասնելով՝ նշեմ, որ բնականաբար երկրորդ եզրակացության հետ նույնպես անհամաձայնություն եմ հայտնում, ինչին հաջորդում է անվերջ թվացող մի իսկական «մղձավանջ»։

Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, նաև ՊԱԳ-ի ղեկավար կազմը երկու ամիս շարունակ ամեն գնով փորձում էին ինձ պարտադրել ստորագրել երկրորդ եզրակացությունը, այսինքն՝ համաձայնվել գոյություն չունեցող «խախտումների» հետ։

2022 թվականի հուլիսից մեկնարկած այս «ոդիսականն» ավարտվեց մոտ հինգ ամիս անց՝ նոյեմբերին, երբ նախարարին և նրա ենթականերին հասկանալի դարձավ, որ ես որևէ դեպքում չեմ զիջելու։ Ավարտվեց նախարարի գրավոր դիրքորոշմամբ, ըստ որի՝ Կենտրոնն իրավական առումով ճիշտ էր։

Այսպես, իմ կողմից նկարագրված դեպքերին հաջորդող ողջ ժամանակաշրջանում Կենտրոնի և իմ նկատմամբ շարունակաբար կիրառվել են տարաբնույթ ճնշումներ, արհեստականորեն ստեղծվել են Կենտրոնի բնականոն գործունեությանը խանգարող խոչընդոտներ և ամենակարևորը՝ նախարարության կողմից շարունակաբար նվազեցվել է Կենտրոնի ֆինանսավորումը։

Արդեն 2024 թվականից նկատելի էր, որ նախարարությունը փորձում է խոչընդոտել նաև հանրային տիրույթում իմ և Կենտրոնի մասնագետների ակտիվությանը։ Բնության բոլոր օրինաչափությունների և տրամաբանական կանոնների համաձայն՝ թմրամիջոցներին նվիրված հանրային քննարկումների և ասուլիսների մասնակիցներն առնվազն պետք է լինեն ոլորտում գործունեություն ծավալող անձինք։

Ի դեպ, առնվազն վերջին երկու տարիներին լրատվամիջոցների հետ Կենտրոնի համագործակցությունը, որի արդյունքում պատրաստվել են թմրամիջոցների վնասների վերաբերյալ ազգաբնակչությանն իրազեկող բազմաթիվ որակյալ տեսանյութեր և հոդվածներ, գերազանցապես կայացել է իմ ու լրագրողների ուղիղ և անմիջական կապի շնորհիվ՝ առանց նախարարության գործուն մասնակցության։

Չզարմանաք՝ կից ներկայացնում եմ ոչ թե իմ կամ Կենտրոնի աշխատակիցների հարցազրույցների ցանկը, այլ Կենտրոնի եկամուտների դինամիկայի վերաբերյալ գծապատկերը. այն լավագույնն է արտահայտում հիմնադրի՝ նախարարության կողմից իր ենթակայության Կենտրոնի նկատմամբ վերաբերմունքը։

Կարմիր գույնով Առողջապահության նախարարության ֆինանսավորման չափն է յուրաքանչյուր տարի՝ սկսած 2016 թվականից։ Կենտրոնի ֆինանսավորումը մեծ աճ է ունեցել 2020 և 2021 թվականներին: 2022 թվականից նախարարության կողմից տրամադրվող ֆինանսավորումն արդեն էականորեն նվազեցվել է։

Առավել լավ պատկերացնելու համար նախարարության գործելաոճն ու վերաբերմունքը Կենտրոնի նկատմամբ՝ հարկ եմ համարում փաստել, որ 2023 թվականի տարեսկզբին նախարարության կողմից Կենտրոնին առաջարկվել էր շուրջ 228 միլիոն ՀՀ դրամի պայմանագիր, ինչը գրեթե 70 միլիոն ՀՀ դրամով պակաս էր, քան անգամ 2018 թվականին նախարարության կողմից տրամադրված ֆինանսավորումը։ Առաջարկված պայմանագիրն իմ կողմից չի ստորագրվել՝ հաշվի առնելով, որ ստորագրելու դեպքում լրջագույն ֆինանսական խնդիրներ են առաջանալու Կենտրոնի գործունության համար։ Դա իհարկե քինախնդրության դրսևորում էր՝ «պատիժ» նախորդ տարվա իմ սկզբունքայնության համար։

Շուրջ մեկ ամիս տևած բանակցություններից հետո նախարարությունը նոր պայմանագիր է առաջարկում, որով Կենտրոնի 2023 թվականի ֆինանսավորումը փոխվում է՝ կազմելով մոտ 330 միլիոն ՀՀ դրամ։ Սակայն փաստացիորեն 2023 թվականին նախորդ՝ 2022 թվականի համեմատությամբ Կենտրոնի ֆինանսավորումը դարձյալ նվազեցվում է։ Այն ընդամենը 12 տոկոսով էր գերազանցում 2018 թվականի ֆինանսավորմանը, թեև առողջապահության բյուջեն 2018 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել էր։

2023 թվականի հունվարի 1-ից Առողջապահության նախարարությունը դադարեցնում է մեր երկրի համար խիստ կարևոր՝ Կենտրոնում և մարզային հոգեկան առողջության կենտրոններում իրականացվող փոխարինող բուժման ծառայության ֆինանսավորումը։ Պացիենտների ընդհանուր թիվը ներկայումս ավելի քան 600 է։

Շուրջ մեկ ու կես տարի տևած բացատրություններից, խնդրանքներից և զեկուցագրերից հետո 2024 թվականի օգոստոսին փոխարինող բուժման ծառայության ֆինանսավորումը մասնակիորեն վերականգնվում է, այն էլ՝ միայն մեր Կենտրոնի մասով։ Մարզային հոգեկան առողջության կենտրոնները չեն ֆինանսավորվում մինչև օրս։

2024 թվականի ֆինանսավորման աճը պայմանավորված է եղել փոխարինող բուժման ծառայության մասնակի ֆինանսավորմամբ և Կենտրոնում բուժվող պացիենտներին օրական երկանգամյա սննդով ապահովելու հանգամանքով, որն, ի դեպ, մասնակիորեն է փոխհատուցում նաև սննդի մատակարարման համար անհրաժեշտ ծախսերը։

Կապույտ գույնով վճարովի ծառայություններից գոյացած եկամուտներն են։ Ինչպես տեսնում եք՝ վճարովի ծառայություններից եկամուտները տարեցտարի մեծ տեմպերով շարունակաբար աճել են՝ 2024 թվականին հավասարվելով նախարարության կողմից ֆինանսավորման չափին։ Եվ դա միայն ու միայն մեր թիմի՝ Կենտրոնի աշխատակիցների ազնիվ, անշահախնդիր և նվիրված աշխատանքի արդյունքն է։

Սիրելի՛ լրագրող գործընկերներ, որևէ մեկի համար նորություն չէ, որ վերջին հինգ տարիների ընթացքում ես և Կենտրոնի աշխատակիցները անհաշվելի թվով ասուլիսների և հարցազրույցների ենք մասնակցել, Կենտրոնն իր ուժերով նկարահանել է տասնյակ տեսանյութեր, մշտապես ակտիվ ենք եղել հանրային տիրույթում, գրեթե բոլոր սոցիալական հարթակներում՝ ապահովելով հարյուր հազարավոր դիտումներ։ Այդ ակտիվության նպատակներն են եղել.

1) Թմրամիջոցների և այլ հոգեներգործուն նյութերի չարաշահման կանխարգելմանն ուղղված արդյունավետ իրազեկման իրականացումը՝ ազգաբնակչության շրջանում թմրամիջոցների վտանգների, առաջացրած վնասների վերաբերյալ կայուն և հիմնավոր գիտելիքների ձևավորումը.

2) Վերջին հինգ տարիներին իրականացված բարեփոխումների ընթացքում Կենտրոնի նկատմամբ հասարակությունում նախկինում առկա բացասական վերաբերմունքի բացառումը և տրամադրվող օգնության նկատմամբ վստահության բարձրացումը։

2018 թվականից լինելով Առողջապահության նախարարության թմրաբանության գծով խորհրդատուն, իսկ 2019 թվականի հոկտեմբերից՝ Կենտրոնի ղեկավարը, ինքս մասնակցել եմ բազմաթիվ հարցազրույցների, ասուլիսների և պոդքասթների՝ փայլուն համագործակցային հարաբերություններ հաստատելով հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցների հետ։

Սիրելի՛ լրագրող գործընկերներ, վստահ եմ՝ դուք ինձ և Կենտրոնի մասնագետներին բավականին լավ եք ճանաչում, լավ տեղեկացված եք նաև վերջին տարիներին Կենտրոնում իրականացված բարեփոխումների մասին։ Ես ընդամենը պաշտպանել եմ Կենտրոնի՝ մեր աշխատակիցների և մեր պացիենտների իրավունքներն ու շահերը։

Շնորհակալություն հայտնելով թմրամիջոցների դեմ պայքարի կարևորագույն գործում ձեր անուրանալի ավանդի համար՝ ներողություն եմ խնդրում, եթե հանկարծ հայտարարությանս տեքստում մոռանամ և չնշեմ բոլոր գործընկեր լրատվամիջոցներին։

ՏՆՕՐԵՆ՝

ՍՈՒՐԵՆ ՆԱԶԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930