Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 29-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Մարզպետը շնորհակալություն է հայտնել հերթական այցի ու Սյունիքի հանդեպ ուշադրության համար և դեսպանին ներկայացրել մարզային կյանքի տարբեր ոլորտներում իրենց վերջին հանդիպումից հետո տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները։
Պատրիկ Սվենսոնին, մասնավորապես, հետաքրքրում էին սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերն ու առաջընթացը, որոնք ապահովվում են պետական, մասնավոր ու միջազգային ներդրումների միջոցով։
Ռոբերտ Ղուկասյանը բարձրաստիճան դիվանագետի հետ խոսել է տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ու նորերի ստեղծմանն ուղղված աշխատանքների մասին ևս, որոնցից ամենախոշորը Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Սյունիքով անցնող հատվածների կառուցումն է։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու կողմի համար հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, որոնք վերաբերում էին ներքաղաքական, արտաքին կապերի, անվտանգային, վերջնական կայուն խաղաղության հաստատման և այլ հարցերի։
Պատրիկ Սվենսոնը ներկայացրել է առաջիկայում շվեդական տարբեր գործակալությունների կողմից նախատեսվող ծրագրերը։
Նա հավելել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանն աջակցելը շարունակում է մնալ իր երկրի կառավարության առաջնահերթությունների շարքում։
ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ