«Մարտի 29-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո իշխանությանը ներկայացված է եղել 12 կետից բաղկացած պահանջ՝ սկսած սոցիալական հարցերից, վերջացրած գերիների վերադարձով, մեր իրավունքներով, Արցախի հիմնախնդրով, Մինսկի խմբի չլուծարելով »,- «Հայելի» ակումբում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը:
Նրա խոսքով` «Սկզբնական շրջանում եղան արձագանքներ, սակայն հաջորդ հանդիպումներին մեր կամ իրենց կողմից ներկայացված ձեւաչափը եւ մոտեցումները դրական արդյունքներ չունեցան, դրանից հետո շարունակական հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երկու ամսով սոցիալական օգնությունը կառավարության կողմից շարունակվելու է, ու ամենակարեւորը՝ իրենք ընդունեցին մեր պահանջները… Մասնագիտական խմբերը ձեւավորելով՝ պետք է հանդիպումներ իրականացնեն մեր ներկայացրած պահանջները քննարկելու, կառուցողական լուծումներ գտնելու համար:
Այս ընթացքում բավականին շատ հանդիպումներ ենք ունեցել, հանդիպման են եկել թե հասարակ ժողովուրդը, թե կուսակցությունների, ՀԿ-ների ղեկավարները, ու բոլորի կողմից միանշանակ եղել են արձագանքներ, որ արցախահայությունը մենակ չէ, սա միայն Արցախի հայության հարցը չէ, եւ կարեւորել են այս նախաձեռնության եւ պահանջների բովանդակային իմաստը»:
Անաստաս Իսրայելյանը հավելեց, ունեն որոշակի արդյունքներ. «Կառավարությունը 2 ամսով երկարաձգել է արցախցիների սոցիալական աջակցությունը՝ մինչեւ այդ ընթացքում մեզ հետ միասին կամ մեր խմբերի մասնակցությամբ ձեւավորվեն մնացած հարցերի պատասխանները»: Ասաց նաեւ, որ այժմ որոշել են հանել Ազատության հրապարակի վրանը ՝ անցնելով գործողությունների հաջորդ փուլին:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց. «Եթե իշխանության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները այս ընթացքում չտան արդյունքներ, հաջողություն չունենանք, փորձեն մանիպուլացնել կամ խաբել մեզ, դադարեցնելու ենք իշխանությունների հետ բանակցությունը, ու մի վրանի փոխարեն 10 վրան է տեղադրվելու Ազատության հրապարակում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ