Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ մոտ տպավորություն է, որ ժամանակին մենք տենց ոչ բևեռացված լրատվամիջոցներով հանրությունում էինք ապրում, մեկ էլ ստացվեց՝ բևեռացո՞ւմ»․ Սիսակ Գաբրիելյան

Ապրիլ 30,2025 19:11

«2010-ին, երբ ապաքրեականացվեց վիրավորանքն ու զրպարտությունը, 2011-ին, երբ 17 դեպք եղավ, դրանից հետո ավելացավ դատական հայցերի թիվը, ասում էինք՝ էս ինչ ալիք է, էս ինչ երևույթ է, ինչո՞ւ են այդքան ակտիվ օգտագործվում դատական մեխանիզմները։ Բայց եթե այսօր տարվա ընթացքում 17 գործ լինի, մենք կզարմանանք, կասենք՝ կարգին իջել է ալիքը և պակասել են դատական գործերը»,- «Մեդիա ոլորտի զարգացման մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ այսպիսի համեմատություն արեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նա շեշտեց՝ հատկապես այս քաղաքական-հասարակական, լրատվական դաշտի բևեռացման պայմաններում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ասենք՝ պրոիշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչները շատ մեծ դժվարությամբ են կարողանում աշխատել ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ և հակառակը՝ ընդդիմադիր ԶԼՄ-ները շատ հաճախ խնդիրներ են ունենում իշխանության ներկայացուցիչների հետ շփվելիս․ «Կարծում եմ՝ այս իրավիճակը հատկապես վերջին ամիսներին ու կես տարվա ընթացքում իր գագաթնակետին հասավ։ Մենք նույնիսկ, անկեղծ ասեմ, հոգնում էինք հայտարարություններ գրել ու ասել, թե այդ ինչ է կատարվում խորհրդարանում։ Այս առճակատման և բևեռացման մի դրսևորում էլ հենց դատական հայցերի ավելացումն է։ Իհարկե, այստեղ էլ ալիքաձև զարգացումներ են տեղի ունենում, բայց ընդհանուր հոսքը բավականին բարձր է»։

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն, արձագանքելով բևեռացման հետ կապված դիտարկմանն, ասաց․ «Ինձ մոտ տպավորություն է, որ ժամանակին մենք տենց ոչ բևեռացված լրատվամիջոցներով հանրությունում էինք ապրում, մեկ էլ ստացվեց՝ բևեռացում։ Ու հիշեցի, որ երբ որևէ պաշտոնատար անձ մի տեղ էր գնում, հետո երեկոյան, որ նայում էիր, տեսնում էիր՝ միայն յուրային լրատվամիջոցներն էին ներկա։ Եկեք տպավորություն չլինի, որ ամեն ինչ իդեալական էր, լավ էր։ Հիշում եմ, որ մենք՝ կոնկրետ լրատվամիջոցներով, լավ էլ թիրախավորված էինք։ Ոչ թե արդարացնում եմ ներկա վիճակը, այլ հիշեցի»։

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանն էլ, դիմելով Սիսակ Գաբրիելյանին, ասաց․ «Դուք, որ ասում եք՝ առաջ էլ կար բևեռացում, մի քիչ համաձայն չեմ Ձեզ հետ, որովհետև հիմա էդ բևեռացումը բոլորի աչքի առաջ է՝ ուղիղ եթերով 24 ժամ շարունակ։ Առաջ հեռուստաընկերությունները պետական վերահսկողության տակ էին, ազատ խոսքը տեղափոխվել էր առցանց հարթակ, առցանց լրատվամիջոցները համարվում էին ազատ խոսքի հարթակներ, իսկ հեռուստաընկերությունները համարում էինք պետական վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներ։ Հիմա բոլորն են օնլայնում, վարչապետն է ակտիվ բլոգերություն անում։ Այս իրավիճակում բևեռացումն ավելի ակնհայտ է, քանի որ դրա վրա աշխատում են բոլոր։ Առաջ ոչ մի կուսակցական ղեկավար նախկին իշխանություններից այդքան ակտիվ չէր արձագանքում ընդհանուր հանրային խոսքին, ինչպես այսօր ՔՊ ներկայացուցիչները»։

Սիսակ Գաբրիելյանն ասաց՝ ի՞նչն է խնդիրը, թող արձագանքեն։ Լաուրա Բաղդասարյանն էլ պատասխանեց․ «Ուղղակի արձագանքում են նույն տոնով և նույն գործելաոճով։ Սա է խնդիրը»։

Ի պատասխան Սիսակ Գաբրիելյանի այն հիշեցմանը, թե նախկինում թիրախավորում էին կոնկրետ լրատվամիջոցների և շատ միջոցառումների միայն յուրային լրատվամիջոցների էին հրավիրում, քննարկմանը մասնակից մեդիադաշտի ներկայացուցիչները փաստեցին՝ վերջերս Արդարադատության ֆորում անցկացվեց, որ իշխանությունն ասում էր՝ մեծ աշխատանք է արված, բայց լրատվամիջոցների հրավեր ուղարկված չէր՝ միայն երեք ԶԼՄ-ի՝ ընտրովի։

Լրագրողները, դիմելով նախկին գործընկեր, այժմ ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, նշեցին, որ կարծում էին՝ այս իշխանության շարքերում, քանի որ շատ են նախկին լրագրողները, վատ բարքերը չպիտի կրկնվեին, բայց նկատեցին, որ այժմ տեսնում ենք «ավելի կուլտուրական մարտեր՝ առանց կանոնների, երբ հոգեբանական տեռոր է կազմակերպվում լրագրողների ընտանիքի անդամների, անչափահաս երեխաների նկատմամբ։

Սիսակ Գաբրիելյանը, արձագանքելով մտահոգություններին, ասաց․ «Համեմատության այլ եղանակ չգիտեմ։ Երբ ասում եք՝ նախկինը մի հիշեք, չափման միավոր, գնահատական տալու այլ մեթոդ ես տրամաբանություն առարկայից չեմ անցել։ Եթե գիտեք նոր գիտական ճյուղ, որ կարող ես ինչ-որ բան համարել՝ լավն է, թե վատը առանց համեմատության, կարող ենք նոր ճյուղ բացել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930