Սկիզբը՝ այստեղ:
«Խաղաղությանն այլընտրանք չկա» քաղաքական գիծը դարձել է Բաքվի բոլոր պահանջները օրակարգային հարց դարձնելը
Անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։ Վերջինս Բաքվում ընդգծել է, որ Հարավային Կովկասը ԵԱՀԿ օրակարգի ամենակարեւոր տարածաշրջաններից մեկն է։ Սինիրլիօղլուն իր շնորհավորանքներն է փոխանցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման կապակցությամբ։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Բաքվում կայացած հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացրել է հերթական նախապայմանները, պնդելով, թե վաղուց ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել է, որ այդ կառույցը «լիովին ձախողվել է հայ-ադրբեջանական անցյալի հակամարտության կարգավորման գործում»: «Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այս հարցում», պահանջել է նա։ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ղեկավարի հետ զրույցում Ալիեւը վերստին հայտարարել է՝ Ադրբեջանն իր «տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը լիովին ապահովել է», այդ թվում՝ ռազմական միջոցով։
Կարդացեք նաև
Նախքան Բաքու մեկնելը Ֆերիդուն Սինիրլիօղլուն Հայաստանում էր։ Նա Երեւանում քննարկել էր տարածաշրջանային հարցեր։ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել էր, Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն եւ կառույցը շարունակելու է նպաստել խաղաղության օրակարգի առաջմղմանը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել էր այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովման նպատակով: Այս համատեքստում, Փաշինյանն ու Սինիրլիօղլուն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս էին հայտնել: Իր հերթին, Սինիրլիօղլուն նշել էր, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորություններ կան եւ պետք է դրանք իրացնել:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել էին տարածաշրջանային հարցեր, անդրադարձել էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, այդ թվում՝ կարեւորելով երկու երկրների միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Միրզոյանը շեշտել էր համաձայնագրի ստորագրման կարեւորությունը, անդրադարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ Հայաստանի կողմից հնչեցված մոտեցմանը։
Հանդիպմանն, ըստ հաղորդագրության, ընդգծվել է Հարավային Կովկասի՝ որպես յուրահատուկ խաչմերուկի՝ մեծ ներուժն ու տարանցիկ հնարավորություններից օգտվելու ժամանակի հրամայականը: «Հենց այս ընկալումն է դրված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում»,- հավելել էր Միրզոյանը։ Միրզոյանը ու Սինիրլիօղլուն մտքեր էին փոխանակել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Պաշտոնական Բաքուն եւ Երեւանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երեւանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ շարունակում է պայմաններ առաջ քաշել՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսել: Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ԼՂ հակամարտության կարգավորման կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու Խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ:
Այս տարվա փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուի հետ։ Նրանք քննարկել էին Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ համագործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները, կարեւորել էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը, որի հաջողությունն էական դեր կունենա տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել էր կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության եւ կայունության հաստատման ջանքերին։
Ի դեպ, մարտին ՌԴ ԱԳ նախարարն էր ընդունել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին: Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ քննարկել են ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններին ինտեգրման եւ անվտանգության նոր ճարտարապետության մաս դառնալու՝ ԵԱՀԿ-ի կարողությունը: Լավրովը կարծիք էր հայտնել, որ կազմակերպությունը խոր ճգնաժամի մեջ է, եւ դրա պատճառը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի երկրներն են։ Լավրովը բարձր էր գնահատել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Մոսկվա՝ բողոքելով, որ վերջին տարիներին կառույցի ղեկավարները տարբեր պատրվակներ են բերել ռուսական կողմի հետ երկխոսելուց խուսափելու համար։ Սինիրլիօղլուն վստահեցրել էր, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել պատերազմը դադարեցնելու ջանքերին:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի սահմանին Ադրբեջանի կողմից կամաց-կամաց լարվածությանն «ընտելացնող» վարքագիծը Ֆրանսիայից բացի, որեւէ այլ երկրի ու կազմակերպության, կարծես, չի հետաքրքրում: Հարաբերական խաղաղության պայմաններում Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության արդյունքն է սա: Ու բնավ էլ հարկավոր չէ «փոփոխվող աշխարհի», «փլուզվող աշխարհակարգի» մասին դատողություններով շարունակաբար էլ ավելի խարխլել Հայաստանի պետության հիմնասյուները, արդարացնելու համար «խաղաղությանն այլընտրանք չկա» քաղաքական գիծը, որն իրականում դարձել է Բաքվի բոլոր պահանջները օրակարգային հարց դարձնելը:
Աշխարհն ի՞նչ է լսում Հայաստանից… ՀՀ իշխանությունը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել թեկուզ այս պահին, այն երկրի հետ, որը դաշնակիցների հետ Հայաստանի ոչնչացման է ձգտում:
ՀՀ պաշտպանության փոխնախարարն ասում է. «Այս պահին սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է… կրակոցները, որոնք երբեմն լինում են, ոչ նշանառու եւ անհասցե կրակոցներ են…»։ Իսկ ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը վստահեցնում է, որ Սյունիքում իրավիճակը նորմալ է։ «Կրակոցները ոչ թե մեր գյուղերի վրա են, այլ սահմանից այն կողմ են»: Նա ասում է` կարող են եւ կրակել, բայց «վնաս չեն հասցնում չէ՞ մեզ»։ Ապա հավելում է. «Պետք է Ադրբեջանին ստիպենք, որ կնքի խաղաղության պայմանագիրը»։
Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունն օրերս հայտարարություն էր տարածել, որում Խոզնավարում արձանագրել էր կրակոցի հետեւանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների մասին: «Զատիկի տոների ընթացքում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իրականացրել է 27 շուրջօրյա պարեկություն իր գործունեության տարածքում, ներառյալ Խոզնավար, Խնածախ եւ Արավուս գյուղերը։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչները Խոզնավարում արձանագրել են երկու կրակոցի հետեւանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասներ։ Ըստ նախնական տվյալների, կրակահերթն իրականացվել է տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերից»,- ասվում էր առաքելության հաղորդագրության մեջ։
Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել էր գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արեւային ջրատաքացուցիչը: Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:
Ահա, այս պայմաններում, Բաքուն Հայաստանին ու Ֆրանսիային իր պայմաններն է ներկայացնում: Ադրբեջանի ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ դատապարտել է Երեւանում եւ Փարիզում ջահերով երթի ընթացքում ադրբեջանական դրոշի այրումը։ Պաշտոնական Բաքուն Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարություններից պահանջել է կանխել նման արշավները, որոնք «արտացոլում են ազգամիջյան ատելություն», եւ անվտանգային համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Սա հայտարարում է մի երկրի ԱԳՆ-ն, որի ղեկավարը քայլում էր Արցախի դրոշի վրայով ու այդ կադրերը հպարտորեն ցուցադրում էին:
«Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունները պետք է պատասխանատության ենթարկեն այդ գործողությունների մեղավորներին», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։ Գերատեսչությունը պնդել էր, որ տեղի ունեցածը «ռեւանշիզմի եւ էթնիկ ատելության դրսեւորում է, որը մինչ օրս լայնորեն տարածված է Հայաստանում»։ Նույնաբովանդակ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Վերջինս պահանջել էր դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն: «Հայաստանում ռեւանշիստական տրամադրությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս», – ասել է նա:
«Հայաստանի Սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխությունները պետք է արվեն», «ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի», «Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկեն դրոշներն այրողներին» եւ այսպես շարունակ, Բաքվից «կարգադրությունների» շարքը չի ավարտվում:
Հայաստանի իշխանությունների հարմարվողական կեցվածքի արդյունքում միջազգային հանրությունն էլ կամաց-կամաց Ադրբեջանի պահանջները համարելու է լեգիտիմ ու Հայաստանից են պահանջելու Բաքվի բոլոր պահանջների կատարումը:
Ամեն ինչ առայժմ հենց այդ հունով է առաջ ընթանում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
30.04.2025