Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոլիսը՝ Հին եւ Նոր»

Մայիս 01,2025 13:00

Այս խորագիրն է կրում անվանի գեղագետ, արվեստաբան եւ գծանկարիչ Լեւոն Լաճիկյանի նոր պատկերագիրքը, որը լույս է տեսել Կ.Պոլիս-Ստամբուլում՝ հովանավորությամբ Թուրքիայի Հայոց Պատրիարքարանի։ Իր Օրհնության խոսքում Ն.Ա.Տ. Սահակ Բ պատրիարքը բարձր է գնահատում հայաստանցի արվեստագետի դերն ու ներդրումը Պոլսո գեղեցկությունները ցուցադրելու եւ դրանք աշխարհին ծանոթացնելու գործում։

Նման առաքելությանն է լծված Լ. Լաճիկյանն արդեն երկու տասնամյակ՝ վայելելով քաղաքերգակ նկարչի բարի համբավ։ Մինչ այդ, իհարկե, արվեստասեր հանրությունը նրան առավելապես գիտեր իր մեկ տասնյակից ավելի գրքերով, գիտական ու արվեստաբանական բազմաթիվ հոդվածներով՝ սփռված հայագիտական հանդեսներում ու հանրագիտարաններում, ինչպես նաեւ հայրենի ու Սփյուռքի պարբերականներում։ Ավելին՝ 90-ականների նրա հրապարակումներով այսօր կարելի է պարզորոշ պատկերացում կազմել հետանկախության շրջանի Հայաստանի մշակութային կյանքի մասին։

Գալով Լ. Լաճիկյանի նկարչական գործունեությանը՝ նկատենք, որ նա արվեստաբանությունից սահուն անցում կատարելով գծանկարչության աշխարհ՝ ստեղծեց իր անշփոթելի ոճը, որով էլ կերտեց նուրբ նկարաշարեր։ Իհարկե, նրա տեսողական հետաքրքրությունների կիզակետում նախ իր ծննդավայր Գյումրին է, ապա եւ աշխարհի հայադրոշմ մյուս քաղաքները, որտեղ զարգացում է ապրել հայ արվեստն ու մշակույթն ընդհանրապես։ Այդ ծիրում բնականաբար չէր կարող չհայտնվել հայ Պոլիսն՝ իր պատմական կառույցներով ու քաղաքային անկրկնելի միջավայրով։ Այդ քաղաքն արտացոլող լաճիկյանական 100-ից ավելի գծանկարներն են կազմում «Պոլիսը՝ հին եւ նոր» պատկերագրքի հիմնական ատաղձը։

Օրերս ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում կայացած շնորհանդեսի ժամանակ գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը բացման խոսքում հակիրճ ներկայացրեց Լ. Լաճիկյանի ստեղծագործական կենսագրությունը։ Ակադեմիայի հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը ներկայացված հրատարակությունը երեւույթ համարեց հայ եւ ոչ միայն հայ արվեստի պատմության մեջ՝ ընդգծելով դրա պատմագեղարվեստական մեծ նշանակությունը։

Նշենք, որ այդ նորատիպ գրքի անդրանիկ շնորհանդեսը կայացել էր Ստամբուլին մերձակա Գնալը հայահոծ կղզում՝ ներկայությամբ պոլսահայ մտավորականության երեւելի ներկայացուցիչների։ Դրան մասնակցած հայրենի հրապարակագիր, «Ռոսլին» հանդեսի խմբագիր Մ. Հուրիխանյանը հանգամանորեն անդրադարձավ միջոցառման առանձնահատուկ մթնոլորտին եւ գրքի հեղինակի հանդեպ տեղի հայ համայնքի ջերմ վերաբերմունքին։ Այնուհետեւ գրադարանի աշխատակիցների պատրաստած գրական գեղեցիկ կոմպոզիցիայով երեւակվեց Լ. Լաճիկյան արվեստագետի տաղանդի բոլոր նիստերը։

Միջոցառման վերջում պատկերագրքի հեղինակը նախ խոսեց ալբոմի ստեղծման շարժառիթների ու դրդապատճառների մասին, ապա հանդես եկավ «Պոլիսը եւ հայերը. անցյալն ու ներկան» հետաքրքիր բանախոսությամբ։

Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

պատմագիտության թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
30.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031