Սահմանադրական դատարանը երեկ մերժեց Վազգեն Աբրահամյանի անհատական դիմումով գործի քննությունը: Նա խնդրել էր. «ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի նորմի կիրառումն այն մեկնաբանությամբ, որ ապրանքը տաբատի գրպանում եւ գոտկատեղից կախված լինելը համարվում է գաղտնարանների օգտագործում, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոց, որը մաքսային մարմնի աշխատակիցների համար ոչ տեսանելի վայր է դիտարկվում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր»:
Ըստ դիմողի՝ տաբատի գրպանը որեւէ կերպ հնարավոր չէ համարել գաղտնարան, եթե դրանում երկտակ կտորով կամ այլ հատուկ միջոցներով առանձին հատված չի ձեւավորվել, կամ այնպիսի վայր, որտեղ գտնվող իրը դժվար է հայտնաբերել։
Մինչդեռ՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտով լրացրել է վարչական ակտի հիմնավորումները՝ որպես հայցվորի կողմից օրենսգրքի 201-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված մաքսային կանոնների խախտման դրսեւորում վարչական մարմնի փոխարեն արձանագրելով «ապրանքի տեղափոխումը՝ դրա հայտնաբերումը դժվարացնող եղանակով՝ ապրանքները գրպանում եւ գոտկատեղում կախված կամ կապված վիճակում լինելու հանգամանքով, որպիսի հիմնավորում դիմումատուի տեղեկացմամբ, նշված չէ «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ։
«Առավոտ» օրաթերթ
30.04.2025