Լրահոս
Օրվա լրահոսը

Կամայականության պտուղները եւ ինչու նա չի փոխհատուցում պետությանը հասցրած վնասը

Մայիս 01,2025 14:00

«Ինչքան կարող է առողջ եւ թույլ մարդը դիմակայել հավաքական խելագարությանը» հարցի պատասխանն ամփոփվում է «Ռնգեղջյուրը» հերոսի ճիչով. «Ես ուզում եմ մարդ մնալ»: Այդպե՞ս է այսօր

7 տարի է անցել իմ հեռացումից, բայց մեր առնչությունները չեն դադարել: Երեւանում գտնվելիս սովորության համաձայն քայլերս տանում են հարազատ հասցեով. Գրիգոր Լուսավորիչի 6, որտեղ աննկատ չեն անցել իմ կյանքի լավագույն տասնչորս տարիները: Լավատես եմ Մայր թատրոնի փոփոխությունների ու մտահոգ՝ անհաջողությունների համար:

Հաճախ չէ, որ կիսում եմ տանտերերի, երբեմն էլ՝ հրապարակային կարծիքները: Ահավասիկ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանի «Մարդը գերագույն արժեք է» թատերախոսությունը շահեկան վերնագիր է, մնացածը… Այդուհանդերձ, հիշողությունս թույլ չի տալիս շրջանցել. «Արդյոք, հեշտ է պահպանել սեփական դեմքն այն միջավայրում, որտեղ հաղթում է կոլեկտիվ հարմարվողականությունը» սթափեցնող միտքը, եւ ստիպում է տեղայնացնել այն: Իսկ դո՞ւք. «Ռնգեղջյուրը» պիեսի հարգարժան բեմադրիչ:

Եթե իրոք մարդը գերագույն արժեք է, հետեւապես, իսկ արժանապատվությունը՝ անձնագիր, հետաքրքիր է, սունդուկյանցիներից քանիսն են կիսում այդ փիլիսոփայությունը:

64-ը հազիվ լրացած Վարդան Աճեմյանի, Վահե Շահվերդյանի… «սպառված» համարողները պարզվում է, ոչ միայն ուղեգծում են, այլեւ թեւավորվում եւ լուրջ են ընդունում ցանկացած հաճոյախոսություն: Օրինակ, «ռեժիսորական ներկապնակի ամենախորիմաստ կտավը «Ռնգեղջյուրն» է»: Այստեղից էլ խոսքուզրույց, անհամաձայնություն ու կարծիքների բախում:

Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնը զբաղեցնողի հարաբերություններն, ասում են, այնքան էլ հարթ չեն: Չեմ չարախնդում: Որտեղ աշխատանք, այնտեղ էլ տարաձայնություն, որից անհրաժեշտ է միայն օգուտներ քաղել:

Էլբակյան Արմենին ճանաչել եմ մինչ համատեղ աշխատելը, նրան 2018-ից, ով հրապարակ եկավ անսպասելի եւ հաջողեց «փոխել» մթնոլորտը: Ամիսների կադրային կամայականությունները փոքր-ինչ զսպաշապիկվեցին, երբ մի քանի աշխատակիցներ իրենց իրավունքների պաշտպանության համար դիմեցին դատարաններ: Ինչեւէ:

Նրա մասին ունեցել ու հիմա էլ այն կարծիքին եմ, որ ձեռքերը ծալած նստողներից չէ: Մտմտող է, ճիշտ, թե սխալ: Լավ մենեջեր է, եւ նույնքան էլ… դիմացինի կարծիքը ստորադասող: Արդյունքը եղավ այն, ինչ եղավ: Այդ թվում եւ արժանապատվության, սկզբունքայնության ու հետեւողականության կշռաքարերի համադրումը: Դրա անդրանիկ ցուցադրությունը տեղի ունեցավ թատրոնի արհմիության փակ նիստի ժամանակ, երբ Էլբակյանը հեգնանքախառն միջամտեց. «Չհասկացանք, Վահե, դու ընդամենը աշխատող ես, իսկ Մկրտչյանը տնօրեն: Նա է որոշողը, դեմ ես՝ դիմիր դատարան»:

Պատասխանս չլսած՝ հետեւեց բեմի առաջատար դերասան Արմեն Մարությանի պարզաբանող հարցը. «Վարդան ջան, շատերս ենք նախանձում քո եւ Վահեի հարաբերություններին: Էտ ինչ սեւ կատու է անցել ձեր միջեւ»:

Վայրկենական լռության մեջ նա գրպանից հանեց հեռախոսա«փրկիչը», եւ թվացյալ մենախոսությամբ դուրս եկավ «քննասենյակից»՝ վերջակետելով խնդիրը:

Իրար հաջորդող հիմնազուրկ նկատողությունները գծագրեցին իմ անցնելիք ճանապարհը: Մինչ օրենքին դիմելը այն դառն էր ու նողկալի:

Աշխատանքը չկորցնելու համար ոմանք չէին բացում աշխատասենյակիս դուռը, չէին շփվում, լավագույն դեպքում բարեւում էին տարածության վրա, չորս կողմը զննելով:

Ներել ու ներում եմ բոլոր նրանց, այդ թվում եւ ընկերոջս, ովքեր այդ օրերին ճշմարտության փոխարեն նախընտրել էին հաշտվողականությունը: Ա. Մարությանի հարցը կախված մնաց, բայց դատական երեք ատյանները հօգուտ հայցվորիս, փաստեցին, որ ես ճիշտ էի, իսկ նա՝ սխալ, ես արդար էի, նա՝ անարդար, եւ ոչ միայն նա:

Հայաստանյան արդարադատությունը հաստատվեց նաեւ միջազգային ատյանում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով կայացրեց վճիռ: Սակայն հայրենի կառավարությունը փորձեց մատուցել նոր ուղեգիծ. «Դիմումն անընդունելի է, անհատական միջնորդության, իրավունքի չարաշահման եւ պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու համար»:

Ուսումնասիրելով կառավարության փաստարկները՝ «դատարանը բավարար հիմքեր չի տեսնում ընդունելու նրանց առարկությունները, որոնք, հետեւաբար, պետք է մերժվեն եւ պատասխանող ՀՀ-ն դիմողին պարտավոր է երեք ամսվա ընթացքում վճարել 4950 եվրո՝ բարոյական վնասի, եւ դատական ծախսերի համար»:

Խնդիրը գումար ստանալու կամ չափի մեջ չէ, այլ այն, թե երբ եւ ինչպիսի՞ գործիքակազմ է կիրառվելու, որ այլեւս ցանկացած գործատու իր գործառույթների շրջանակում չդրսեւորի քիմքայնություն, եւ մնա անպատիժ: Ցանկացած երկրում ցանկացած մարդ պատասխանատվություն է կրում իր արարքների համար: Անհաշվելի օրինակներ կան, երբ օրենքի հետ առերեսվող բարձրաստիճան պաշտոնյաներ, դատավորներ ու երկրի նախագահներ կրում են իրավաչափ պատիժ: Այդ դեպքում, Վարդան Մկրտչյանի ոչ պատահական սխալի համար ինչու պիտի պետությունը պատասխանատվություն կրի, տուժի ֆինանսապես եւ վնասի երկրի հեղինակությունը, երբ այդ օրերին նրա կողքին էր փաստաբանների մի ամբողջ թիմ: Ցավոք, սա միակ դեպքը չէ, եւ ոչ էլ վերջինը:

Մեզանում քիչ չեն այն գործատուներն ու պաշտոնյաները, ովքեր բանիմաց սկզբունքային, կամ իրենց անօրեն գործելաոճն ու տեսակետները չկիսող աշխատակիցներից ազատվելու համար դիմում են տարբեր միջոցների:

Տարածված ձեւերից է հաստիքների կրճատումը ու ցանկացած գնով, ճնշումների ներքո ազատման դիմում կորզելը: Կարծիքներիս կիսումը մասնագետների հետ արդյունավետ էր, իսկ փաստաբան Արթուր Ապիկյանը հարկ համարեց բարձրաձայնելը, ասելով. «Արատավոր երեւույթներին զուգահեռ այսօր նկատվում են աշխատանքային վեճերի ավելացում, պայմանավորված գործատու-աշխատող հարաբերություններով: Պատճառները բազմաշերտ են, բայց կա մի դրական կողմ, որը բացատրվում է աշխատողների իրավունքների վերաբերյալ իրազեկումների, եւ իրավական ոլորտում մարդկանց պարզունակ իմացության աճով:

Պարզաբանումների խնդրանքով սկսել են մեզ ավելի շատ դիմել: Նկատելի տոկոս են կազմում նրանք, ովքեր սպառիչ պատասխան ստանալուց հետո երկմտում են իրենց իրավունքների պաշտպանությունը տեսնե՞լ դատարանում, թե՞ գլխացավանքի մեջ չհայտնվել, հաշվի առնելով նաեւ ֆինանսական կողմը: Մի ցայտուն օրինակ բերեմ. Մայր թատրոնում աշխատանքից ազատվել էին մի տասնյակ սունդուկյանցիներ, բայց նրանցից չորսը դիմեցին դատարան: Տնօրենն ընտրելով հաստիքի կրճատման ճանապարհը, նպատակահարմար չէր գտել գեղարվեստական ղեկավարի կողքին ունենալ փորձառու ռեժիսոր, թեեւ պահել էր ռեժիսորի օգնականի եւ ասիստենտի հաստիքները: Իսկ օժանդակ կազմի դերասանախմբում ունենալով հինգ հաստիք, երկուսը՝ թափուր, աշխատանքից ազատել էր թատրոնի ստուդիան ավարտած երիտասարդ դերասաններին, այդ նույն ռեժիսորի կնոջը, անչափահաս երեխայի մայր Էռնա Ավետիսյանին ու Կարինե Հարությունյանին:

Դատական գործի շրջանակներում մենք փորձեցինք բարձրաձայնել խտրական վերաբերմունքի եւ վստահորդներիս, ընդհանրապես այլ հնարավորություն չտալու մասին: Ճիշտ է, դատարանն աշխատանքի վերականգնելու մասով հայցը չբավարարեց, բայց այլ ընթացակարգերից ելնելով նշեց, «Հաստիքները կրճատվել են ոչ օրենսդրական հիմնավորումներով» եւ, հետեւաբար, փոխհատուցում ստացան: Անձնակազմի կառավարման բաժնի պետի խնդիրն այլ էր եւ հաստատումն էր նրա, որ ցանկացած մեկը պաշտոնի գալով՝ լինի տնօրեն, թե այս կամ այլ կառույցի ղեկավար, փորձում է իր թիմով աշխատել: Անձնական մոտեցումների հիմքով կադրային քաղաքականություն իրականացնելը դառնում է խոցելի եւ գործատուն անտեսում է մասնագիտական կարողություններն ու փորձառությունը:

Երբեմն բացակայում է այն գիտակցությունը, որ անձնական ցանկությունն այլ բան է, օրենսդրական գործառույթները՝ մեկ այլ, որ գործատուն պարտավոր է կադրային փոփոխությունները կատարել բացառապես օրենքով սահմանված կարգով: Վահե Մովսիսյանի դեպքում Վարդան Մկրտչյանը ոչ համաչափ պարտավորություններ էր տվել, այն էլ ոչ իրատեսական ժամկետներում: Առաջին հանձնարարականի կատարումն ավարտվել էր նկատողությամբ, երկրորդը՝ խիստ նկատողությամբ, որին հաջորդել էր անժամկետ պայմանագրի լուծումը: Իսկ այդ ընթացքում աշխատողը հրամանների վրա դիրքորոշում էր հայտնել. դրանք հիմնազուրկ են: Գործատուի գործելաոճը դատարանը դիտարկեց ոչ իրավաչափ եւ հայցվորին վերականգնեց նախկին աշխատանքին, արձանագրելով, որ պայմանագրի լուծումը տեղի է ունեցել սխալ օրենսդրական պահանջներից ելնելով: Դատարանի վճիռը, սակայն, ԴԱՀԿ-ն կատարեց միայն հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար նախատեսված գումարի բռնագանձումով, վերականգնելու անհնարինությունը պատճառաբանելով հաստիքի կրճատման մասին թատրոնի տեղեկատվությունը:

Պայմանավորված նրանով, որ ՀՀ-ն իրավական պետություն է, եւ պարտավոր է հետամուտ լինել, որպեսզի դատարանի կողմից կայացված ցանկացած վճիռ ի կատար ածվի, դիմեցինք ՄԻԵԴ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման հիմքով: ՀՀ-ն մեզ առաջարկեց հաշտության համաձայնագիր, ընդունեցինք, բայց միաժամանակ նշել էր, որ սատարում է կատարել բոլոր դատական ակտերը եւ նման իրավախախտված իրավունքներով անձանց հնարավորություն է տալիս դիմել եւ գործատուից փոխհատուցում պահանջել: Այս ընթացակարգը, այո, գոյություն ունի, բայց ԵԴ-ն վերահաստատեց, որ անկախ փոխհատուցման հանգամանքի առկայությունից. «Պարտավոր եք ապահովել դատական ակտի կատարումը»:

Այսինքն, եթե ՀՀ-ն ի վիճակի չէ, դա արդեն իր խնդիրն է ու սահմանեց դրամական փոխհատուցում պետբյուջեի հաշվին»:

Զուգահեռներ անցկացնելով նշենք, որ արդեն քանի տարի է, ինչ ՀՀ-ում գործող Բարձրագույն դատական խորհուրդը քննում է նաեւ դատավորների լիազորության դադարեցման հարցը, կապված իր կողմից կայացրած ակտերը հետագայում ԵԴ-ում բեկանվելու հետ: Դա նշանակում է, դատավորի վրա պետական մարմինը դրել է կարգապահական տույժի միջոց, եւ որոշակի չափով պատասխանատվության ավելացում: Եվ եթե պետությունը պատասխանատվության ենթարկելու համար մշակել է որոշակի մեխանիզմ, ինչու չպետք է նույնը կիրառվի այն դեպքում, երբ գործատուն կամ պետական չինովնիկն է չիմացությամբ կամ մտացածին խախտում օրենքի պահանջը՝ թողնելով անցանկալի հետեւանք:

Ինչպես Մայր թատրոնի տնօրենը, ով բյուջեի վրա ավելորդ բեռի ավելացումից բացի, նպաստել է պետության վարկանիշի իջեցմանը ու մինչեւ հիմա չի կրում որեւէ պատասխանատվություն: Կարծում եմ՝ գլոբալ առումով խնդիրը լուծման կարիք ունի եւ օրենսդրական փոփոխություններն այլեւս օրախնդիր են:

Եթե ՀՀ-ն համարվում է դեմոկրատական երկիր, ու բռնել է Եվրոպա տանող ճանապարհը, պարտավոր ենք կատարել իրավական բարեփոխումներ, ոչ թե հատվածային ցուցադրություններ:

Ի դեպ, 2018-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության դեմ 18 վճիռ է կայացրել, 2019-ին՝ 15, 2020-ին` 10, 2021-ին` 141, որից 131 վճիռներով արձանագրվել են մարդու իրավունքի խախտումներ, 5 վճիռները վերաբերվել են փոխհատուցման հարցերին…

Դատական ակտի կատարման հարցում ԴԱՀԿ-ի 2019թ.-ի մոտեցումը վերջնական չէ, եւ այն թույլ է տալիս շարունակության:

Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

«Առավոտ». Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք ԴԱՀԿ ապրիլի 17-ի որոշման մասին. «Պարտավորեցնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին Վահե Մովսիսյանին վերականգնել նախկին աշխատանքում: Որոշումը ենթակա է կատարման ստանալուց հետո 20-օրյա ժամկետում»:

«Առավոտ» օրաթերթ
30.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031