Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաքցրած քարտեզը». Ռիչարդ Հովհաննէսեանի դստեր՝ կորուսյալ հայրենիքի մասին պատմող ֆիլմը ցուցադրվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Մայիս 01,2025 14:06

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 27-ին տեղի ունեցավ Անի Հովհաննէսեանի «Թաքցրած քարտեզը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը։

Կորուսյալ հայրենիքի մասին պատմող ֆիլմը դիտելու եկած հանդիսատեսին ողջունեց ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը։ Արժևորելով Անի Հովհաննէսեանի ստեղծած ֆիլմը՝ Գզոյանը մատնանշեց այն հանգամանքը, որ Անիի հայրը՝ աշխարհահռչակ գիտնական, պատմաբան Ռիչարդ Հովհաննէսեանը, մեծապես կապված է եղել ՀՑԹԻ-ի հետ, մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և հանրային ելույթներ ունեցել, իսկ 2019-ին արժանացել ՀՑԹԻ-ի Հենրի Մորգենթաուի հուշամեդալին:

Անի Հովհաննէսեանի ֆիլմը հեղինակի՝ իր պապերի երկիր կատարած ուխտագնացության մասին է։ Երկար ու ձիգ տարիներ նվիրելով ֆիլմի ստեղծմանը՝ հենց օտարերկրացու միջոցով էլ Անին ներկայացնում է Հայոց ցեղասպանության, հայրենազրկության, մշակութային ժառանգության ոչնչացման մանրամասները և ընդհանրապես Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակման դրսևորումները։ Ֆիլմը բազմիցս ցուցադրվել է ԱՄՆ-ի և շատ այլ երկրների հեղինակավոր հեռուստաալիքներով, այդ թվում՝ հայաստանյան։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրված «Թաքցրած քարտեզը» ֆիլմը կարոտի անսահման ու անմար զգացում արթնացրեց՝ ներկաներին վերստին հիշեցնելով կորսված հայրենիքի և անցյալի անջնջելի հետքերի մասին։

Ֆիլմի դիտումից և քննարկումից հետո հեղինակը Հովհաննէսեանների ընտանեկան արխիվից գրքեր նվիրաբերեց ՀՑԹԻ-ի գրադարանին:

Ֆիլմի ցուցադրությամբ ամփոփվեց «Գոյատևման արձագանքներ, իրականության եռագրություն» նախագիծը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031