Լրահոս
Մեկ բրոնզե մեդալ
Օրվա լրահոսը

«Վարչապետն արդեն 7 տարի է՝ կառավարում է, մեկ անգամ հանդիպե՞լ է արհմիությունների ղեկավարների հետ, ոչ։ Այնինչ, մենք ենք աշխատողների ներկայացուցիչները»

Մայիս 01,2025 14:15

«Պետական աշխատողների վարձատրության բարձրացում», «Մարդը շահույթից վեր է», «Մարդը գերագույն արժեք է». այս եւ այլ կոչերով Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի եւ հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիությունն Աշխատանքի օրվա կապակցությամբ այսօր խաղաղ հավաք անցկացրեց՝ բարձրաձայնելով աշխատանքային ոլորտում առկա խնդիրները։   

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի եւ հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ կառավարության հետ համագործակցության խնդիր ունեն։ Հայաստանը վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաները, որոնք պարտադրում են, որպեսզի երկրում գործի եռակողմ խորհրդատվական համակարգ՝ կառավարություն, արհմիություններ եւ Գործատուների միություն ձեւաչափով։ Բացի դրանից, պետք է լինի նաեւ ճյուղային մակարդակի համագործակցությունը, որը պետական աշխատողների դեպքում խնդիր է, որովհետեւ օրենսդրական բաց կա։ Նա նշեց, որ արդեն 6 տարի է՝ կառավարությանն առաջարկություններ են ներկայացում այս մասին, միայն վերջերս են արձագանքել, որ խնդիրը հասկացել են։ Անահիտ Ասատրյանի խոսքով՝ կառավարությունը պետք է մի մարմին ստեղծի կամ լիազորի որեւէ մարմնի, որպեսզի լինեն ճյուղային արհմիության գործընկերը՝ լուծելու առկա խնդիրները

«Մենք հիմա չենք կարողանում այդ ձեւաչափով բանակցել եւ արձանագրած խնդիրները գրավոր ենք ներկայացնում կառավարությանը։ Օրինակ՝ վերջերս որոշ գերատեսչությունների աշխատողների զրկել են ծառայողական ավտոբուսներից, ոչ մեկի հետ չեն խորհրդակցել։ Օրենքն ասում է, որ գործատուն պիտի արհմիության հետ քննարկի նման փոփոխությունների հարցը։ Աշխատողները եկել են անակնկալի, որովհետեւ իրենց վիճակը վատացել է, ստիպված են տաքսիներով կամ տրանսպորտով երթեւեկել։ Շատ այսպիսի հարցեր կան, աշխատողներ կան, որոնց դրդում են աշխատանքից հեռանալ, դիմում գրել ու գնալ։ Նույնիսկ դեպքեր ունենք, երբ արհմիության նախագահին են աշխատանքից անօրինական ազատել, բայց ինքը դատարանում շահել է։ Պետության գումարների վատնում է տեղի ունենում, երբ մարդկանց անօրինական ազատում են աշխատանքից, իսկ նրանք դիմում են դատարան։ Ինչ-որ մարդկանց քմահաճույքի պատճառով պետությունը միլիոններ է վճարում։ Եվ ոչ մի բանակցային գործընթաց չկա։ Արհմիությունը միջնորդագիր ներկայացնելու իրավունք ունի, ներկայացնում է այդ միջնորդագիրը, բայց եթե այդ միջնորդագիրը բանի տեղ չեն դնում, մենք ոչինչ անել չենք կարողանում։ Իրենք թղթի հետեւում են, մենք չենք տեսնում՝ ով է պատասխանել, ինչ դրդապատճառներով է այդպես պատասխանել», – նշեց Անահիտ Ասատրյանը։

Նա հավելեց, որ կառավարությանն առաջարկել են նաեւ լուծել տոնական օրերի հետ կապված հարցը։ Արհմիություններն առաջարկել են, որ եթե տոնական օրը շաբաթ-կիրակի օրերին են, հաջորդ երկուշաբթին նույնպես լինի ոչ աշխատանքային օր։ Քննարկման ժամանակ այդ նախագծին կողմ են քվեարկել անգամ փոխնախարարները, բայց ասել են, որ վարչապետի աշխատակազմում այն մերժվել է։

Ըստ նրա՝ երկրի վարկանիշի համար էլ է կարեւոր, որպեսզի եռակողմ համագործակցության համակարգը ներդրվի, որովհետեւ երկրի վարկանիշը չի բարձրանում միջազգային կազմակերպությունների սահմանած ինդեքսներում. Հայաստանը հիմա միջին տեղում է գտնվում այսօր։

Մեր զրուցակիցը կարեւորում է նաեւ պետական համակարգում ցածր աշխատավարձերի խնդիրը։ «Աշխատավարձերը ցածր են, մանավանդ երիտասարդների աշխատավարձն ավելի ցածր է, քանի որ իրենք փորձ չունեն, իսկ աշխատավարձերն ինդեքսավորված են։ Երիտասարդները գալիս՝ տեսնում են 150 հազար դրամ աշխատավարձ, իսկ աշխատանքը ծանրաբեռնված է, հրապուրիչ չէ իրենց համար։ Եվ թողնում ու գնում են»,- ասաց նա։

Հարցին, թե արցախցիներից ահազանգեր ստացե՞լ են պետական համակարգում աշխատանքի ընդունվելու դժվարությունների հարցով, Անահիտ Ասատրյանն ասաց, որ պետական համակարգում հրահանգ եղել է, որպեսզի արցախցիներին ընդունեն աշխատանքի։ Այլ հարց է, որ աշխատավարձերը ցածր են, եւ վարձով ապրող արցախցիների համար դժվարությունները շատ են։ «Մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն իրենք, հիմնական խնդիրն այն է, որ վարձով են ապրում, մեծ ծախսեր ունեն։ Հոգեբանական խնդիրներ ունեն նրանք նաեւ, իրենց ապագան չեն պատկերացնում»,- հավելեց նա։

Անահիտ Ասատրյանի խոսքով՝ պետությունը՝ ի դեմս կառավարության, պետք է հասկանա, որ աշխատողներն են այս երկիրը կառուցողը, շենացնողն ու զարգացնողը։ «Տնտեսությունն առանց աշխատողի չի կարող զարգանալ։ Ներդրողը ներդրում է անում, բայց եթե աշխատող չունենա, ո՞նց է շահույթ ստանալու։ Երկրորդ, ինչքան աշխատավարձերը բարձր լինեն, այնքան տնտեսությունն ակտիվ կլինի, որովհետեւ մարդիկ ծախս են անում, այդ գումարները պտտվում են տնտեսությունում։ Կարեւոր է, որ առողջապահական համապարփակ ապահովագրությունը լինի, որ յուրաքանչյուր մարդ այս երկրում ապահովագրված լինի, բայց այնպես չէ, որ ամբողջ բեռը միշտ դրվի աշխատողի վրա։ Ստացվում է, որ աշխատողն է մեղավոր այս երկրում։ Այսինքն՝ պետությունը պետք է աշխատողին առանձնահատուկ ուշադրություն դարձնի։ Վարչապետն արդեն 7 տարի է՝ կառավարում է, մեկ անգամ հանդիպե՞լ է արհմիությունների ղեկավարների հետ, ոչ։ Այնինչ, մենք ենք աշխատողների ներկայացուցիչները»,- ասաց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031