«Ազատություն». «Մենք դեռ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք», – «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։
Չհստակեցնելով՝ դիմումը ստանալու դեպքում Բրյուսելը հավանություն կտա, թե ոչ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը միայն ընդգծել է՝ Երևանում հնչող այդ ցանկությունը ցույց է տալիս, թե որքան գրավիչ է այսօր եվրոպական ընտանիքը։
«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանում, ցույց է տալիս, որ Եվրամիության գրավչությունը հիմա ավելի բարձր է, քան նախկինում։ Ցանկացած երկրի համար Եվրամիության անդամակցությանը դիմելու համար երկու պայման կա՝ այն պետք է լինի պետություն և լինի Եվրոպայում։ Մենք Հայաստանից դիմում դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք, բայց, ինչպես ասացի, սա ցույց է տալիս, որ մենք հետաքրքիր ենք բազմաթիվ երկրների համար», – նշել է Մարտա Կոսը։
Անցած ամիս Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Միաժամանակ, պաշտոնական Երևանը հայտարարում է՝ թեև օրինագիծը համահունչ է Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ծրագրին և Հայաստանի որդեգրած՝ բալանսավորման արտաքին քաղաքականությանը, սակայն այն Եվրամիության անդամակցության հայտ չէ: «Այդ դիմումը ներկայացնելու համար Հայաստանը մի շարք ընթացակարգեր պետք է անցնի, երբ լինի, կդիտարկենք», – «Ազատությանն» ասել է Մարտա Կոսը։
Կարդացեք նաև
Թուրքիայի անդամակցության հնարավորության մասին
Վրաստանից բացի նաև Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններն են սառեցված՝ արդեն ավելի քան հինգ տարի, կրկին՝ ժողովրդավարության ուղղությամբ բացթողումների ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար։ Եվրամիության ընդարձակման հարցերով բարձրագույն հանձնակատարը, սակայն, «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում նշել է, որ Բրյուսելը հակված է վերանայել այդ դիրքորոշումը։
«Մենք հիմա բարձր մակարդակի երկխոսություն ենք սկսել՝ տնտեսության, հետո էլ կանցնենք միգրացիայի հարցերին։ Նաև գործարար շրջանակն է ուզում, որ մենք գնանք այդ ուղղությամբ», – ասել է Մարտա Կոսը, մանրամասնելով՝ այսօր Եվրամիության ու Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը հասնում է շուրջ 240 միլիարդ եվրոյի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: