Վերջերս Մարզահամերգային համալիրում կայացած Թաթուլ Ավոյանի մեծ մենահամերգի պատճառով հասարակությունը բաժանվել էր մասերի. մի մասը Թաթուլի երկրպագուներն էին, մի մասը ազգային երգ-երաժշտության ջատագովները, եւ կար մի ստվար հատված, որ քննադատում էր Թաթուլ Ավոյանի երկրպագուներին քննադատողներին ու ասում, որ ամեն ուղղություն այս արեւի տակ ապրելու իրավունք ունի, նրանք նաեւ հեգնում էին՝ հարսանիքների ու ուրախությունների ժամանակ Կոմիտասի, Մոցարտի ու Վիվալդիի երաժշտության տա՞կ եք պարում:
«Մեծ մասը թուրքական, ադրբեջանական կամ ընդհանուր արեւելյան եղանակներ են, խառնաշփոթ է: Ես դեմ չեմ, որ երգեն իրենց բառերով, եթե թուրքական երգ է, թուրքերեն երգեն, արաբական երգ է՝ արաբերեն, կամ դրանց լեզվով: Բայց անընդունելի եմ համարում դա հայերեն երգելը, այն էլ աղավաղված: Այդ փորձանքը ցավոք, նոր չէ, միշտ էլ եղել է: Կոմիտասը նույնիսկ հոդված ունի այն մասին, որ հայ հարուստները ժամանակին ֆինանսավորում էին հոգեւորականներին, որպեսզի նրանք պատարագը մուղամով երգեն… Ասում էր՝ հայ ամիրաները ֆինանսավորում էին, հիմա էլ այս մարդկանց էլ են հայ հարուստները ֆինանսավորում, թե չէ իրենց ո՞վ բանի տեղ կդնի…
Ցավոք սրտի, մեր հարուստների մեծ մասը, ի տարբերություն աշխարհի շատ հարուստների, տգետ է, ինտելեկտ չունի, նման երգիչներին մեծ գումարներ են տալիս: Ես գները գիտեմ, ասենք մեկ երգ երգելու համար կարող է 7000 դոլար տան, ինչը խայտառակություն է: Խորհրդային Միության ժամանակ էլ միացնում էին ռադիոյով էին հայտնի ալիքը ու լսում:
Կարդացեք նաև
Դրա դեմն առնելու համար մենք ամեն ինչ անում ենք՝ մանկապարտեզում, դպրոցում; Ամեն տարի 2000 երեխա հավաքվում եւ Կոմիտաս է երգում Մխիթար Սեբաստացիում՝ տարբեր դպրոցներից, ես էլ ղեկավարում եմ: Հունիսի 1-ին կրկին կհավաքվեն, կգնամ կղեկավարեմ: Ուսուցիչները սովորեցնում են, երեխաները երգում են: Նաեւ գյուղերում ենք տարածում: Դա, իհարկե, չի քարոզվում, բայց մեր նոր սերունդը շատ նախանձախնդիր է»,- Aravot.am-ի հետ թեմայի վերաբերյալ զրույցում նշեց կոմպոզիտոր, կոմիտասագետ, խազագետ, մշակութաբան Արթուր Շահնազարյանը:
Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ իր ծանոթներից մեկին Թաթուլ Ավոյանի համերգի 1000 տոմս են առաջարկել անվճար բաժանելու համար. «Որքանով տեղյակ եմ՝ տոմսերն ամբողջությամբ չեն վաճառվել, հատուկ տարածել են, ասել են՝ միայն դահլիճը լիքը լինի, դպրոցներին, շատերին առաջարկել են՝ եկեք անվճար լսեք: Ցավոք, երկար տարիներ այս ամենը շարունակվում է, եւ հեռուստատեսություններն էլ են այդ գործին լծված:
Մի բան էլ եմ ուզում ասել՝ երբ ժամանակակից կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը մահացավ, իր մարմինը չտարան կամերայինից, ոչ էլ Օպերայի շենքից, բայց ռաբիզ երգիչներին մեկ էլ տեսար՝ տանում են օպերայից, Ֆիլհարմոնիայի շենքից թաղելու: Մի խումբ լծված է դա պրոպագանդելուն: Իհարկե, ցավալի է այս ամենը, բայց մեկ է՝ չեն կարող եղանակ ստեղծել, մեր ազգային երաժշտությունն էլ է տարածվում, կամաց-կամաց դեմը կառնենք:
Օրինակ, ժամանակին Արթուր Ջանիբեկյանը ֆինանսավորեց, եւ ստեղծվեց առցանց երաժշտական ձայնադարան, տեսադարան եւ գրադարան` www.armenianmusic.am հասցեով, որտեղ զետեղված են հայ ժողովրդական, հոգեւոր, աշուղական երաժշտության հարյուրավոր գոհարները, բոլոր ստեղծագործությունները ներկայացված են նաեւ համապատասխան նոտաներով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ