Տպավորություն է՝ մինչեւ 2020 թվականը կոռուպցիան լավ բան էր, Հայաստանում բոլորին ասում էին՝ գնացեք, զբաղվեք կոռուպցիայով: Այսօր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը. Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովի ժամանակ հեգնեց փաստաբան Արամ Օրբելյանը:
Ըստ նրա՝ 2005-ից ՀՀ-ն միացել է ԵԽ-ի կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվենցիային, որտեղ սահմանված է, որ վաղեմության ժամկետները պետք է լինեն գործարքի պահից 10 տարի. «Տպավորություն է ստեղծվում, որ կոռուպցիայի դեմ պայքարը սկսվել է 2020 թվականից. 2018, 2019 թվականից չէ, 2020-ից: Մինչեւ 2020 թվականը կոռուպցիան լավ բան էր եւ կոռուպցիայի դեմ պայքար տեղի չի ունեցել»:
Ըստ նրա՝ երբ քննարկում ենք՝ արդյոք պե՞տք է ժամկետ լինի, որից հետո ապօրինի գույքը չենք կարող բռնագանձել, որեւէ ողջամիտ մարդ չի ասելու՝ ապօրինի գույքը թող դառնա օրինական.
«Ապօրինի բառի փոխարեն օգտագործենք այն տերմինը, որը գրված է օրենքի մեջ: Այսինքն՝ արդյոք պետք է ժամկետ լինի, որից հետո պարտավոր չլինես փաստաթղթերով, կտրոններով ու մնացած այլ թղթերով ապացուցես քո մոտ առկա գույքի ձեռքբերման օրինականությունը: Բոլորի մոտ հարց է առաջանում, որ այո՛, ինչ-որ ժամկետ հետո պետք է խնդիր չլինի»:
Կարդացեք նաև
Նա նկատեց, որ 90-ականներին ոչ մեկը չէր կարող ենթադրել, որ հետագայում խնդիր կառաջանա իր գույքի ձեռքբերման օրինականությունն ապացուցելու առումով, որ պետք է պահի աշխատանքային, ծառայության բոլոր պայմանագրերը, փոխանցումները հավաստող կտրոնները:
Փաստաբանը կատակեց, որ ոչ մեկի մտքով չի անցել նաեւ նվեր ստանալիս նվիրատուի հետ նկարվել կամ պայմանագիր կապել, որ այսօր օրինականության հարցն ապացուցելու խնդրին չբախվեր. «Շատ ավելի լուրջ խնդիրներ են առաջանում: Յուրաքանչյուր զավակ, որ իր ծնողից ստացել է նվեր, եւ ծնողը մահացել է, հիմա ստիպված չպետք է լինի ապացուցել, որ ծնողի եկամուտները եղել են օրինական ու այդ օրինական եկամուտներով ծնողը ձեռք է բերել բնակարան ու նվիրել իրեն: Ստիպված չպետք է լինի նվեր ստանալուց 20 տարի հետո ռիսկ ունենալ զրկվել այդ նվեր ստացած բնակարանից: Հետեւաբար, վաղեմության հարցով հստակ է մոտեցումը, որ պետք է լինի 10 տարի, որովհետեւ Հայաստանն այդ մոդելը 2005-ից ներդրել է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ