Երբ որ տեսնում ենք՝ ավարտված քրեական դատավարությամբ որքան գույք է հանվում անօրինական շրջանառությունից, շատ ցածր արդյունքներ են ստացվում: Այսօր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը. Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովի ժամանակ ասաց փաստաբան Արա Ղազարյանը:
«Առավել հեշտ է քաղդատավարությամբ գույքը հանել, որովհետեւ, ի վերջո, նպատակը չէ անձին դատապարտել, այլ քաղաքացիական պատասխանատվության ենթարկել: Սահմանադրական դատարանը ստիպված էր սա ասել, բայց սա այլ գլոբալ քաղաքականություն է: Այդ գլոբալ քաղաքականությունը չի կարողանում մերվել մարդու հիմնական իրավունքների հետ: Սա տեսնում ենք եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում: Նույնիսկ 10 տարվա կտրվածքով նախադեպային որոշումներով տեսնում ենք՝ անպայման պետք է ցույց տալ հանցավորության կապը, բայց չի նշվում, որ պետք է մեղադրական դատավճիռ լինի»,- ասաց Ղազարյանը:
Ըստ նրա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշտապես շեշտում է, որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով, ի սկզբանե, պետությունը դոմինանտ վիճակում է գտնվում իր ահռելի քրեադատավարական եւ այլ գործիքներով, թեկուզ անունը դնում են քաղդատավարություն, բայց այստեղ պետությունն է դուրս գալիս քաղաքացու դեմ. «Շատ կարեւոր է ու Սահմանադրական դատարանն էլ շեշտել է՝ ինչպես պետք է ապացուցել այդ հավաստիությունը, պետք է ուշադրություն դարձնել՝ արդյոք պատասխանողների դատավարական իրավունքները հարգվե՞լ են, թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ