Լրահոս
Օրվա լրահոսը

Լիցենզիա չունենալով՝ ուղևորափոխադրումներ է իրականացնում․ ինչո՞ւ է աչք փակում ՊԵԿ-ը

Մայիս 01,2025 19:07

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում բարձրաձայնեց վարորդական իրավունքների համատարած կեղծ լինելու հարցը։ Վարչապետին հուզողը վթարների ու զոհերի մեծ քանակն էր։ Նրա խոսքերով՝ մենք անընդհատ կեղծիքի մեջ են։

«Գալիս է տարվա վերջ, աղմուկ է, ոստիկանությունը ձախողել է, էսքան վթար կա, էսքան զոհ կա, ոչ մեկ չի ասում, ժողովուրդ ջան, իսկ մենք ավտո քշել գիտե՞նք։ Մենք տարբեր տեղերում ատեստավորում ենք անում, ուզում ենք որակավորումը ստուգենք, դե եկեք, ասենք մեր մոտ հանրային պրոբլեմ է, անվտանգության պրոբլեմ է վթարների մեծ քանակը և զոհերի մեծ թիվը, եկեք վարորդների ատեստավորում անենք», -առաջարկեց վարչապետը։

Նկատենք, սակայն, որ այդ նույն կառավարությունը երբեմն աչք է փակում լիզենցիա չունեցող ու ապօրինի ձևով կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարող ընկերությունների գործունեության վրա։ Այս դեպքում բացարձակ չեն հետաքրքրվում ոչ միայն վարորդների՝ համապատասխան կարգ ունենալ-չունենալու, ամենօրյա բժշկական ստուգումներ անցնելու, այլ նաև օգտագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին։

Խոսենք փաստերով: Aravot.am-ը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ հետաքրքրվելով, թե «Սերգեյ Դալլաքյան ԱՁ-ի անվամբ /ՀՎՀՀ 83401957/, որը գործունեություն է իրականացնում «Էժան տրանսպորտ» անվան տակ՝ համաձայն իր ֆեյսբուքյան էջի, առկա՞ է արդյոք մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա, և եթե՝ այո, ապա ո՞ր ուղղություններով՝ միջմարզային, միջհամայնքային, թե՞ միջպետական»։

Ի պատասխան մեր հարցման, նախարարությունից տեղեկացրել էին, որ «նախարարության կողմից ԱՁ Սերգեյ Դալլաքյանին /ՀՎՀՀ 83401957 անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա չի տրամադրվել (Տես փաստաթղթում)։

ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունից էլ Aravot.am-ին տրամադրել էին «Սերգեյ Դալլաքյան» ԱՁ-ի գործունեության վերաբերյալ փաստաթուղթ, համաձայն որի ՝ անհատ ձեռնարկատերը պետական ռեգիստրում 30․05․2018թ․գրանցվել է զբոսաշրջային գործակալությունների գործունեություն իրականացնելու նպատակով։

ՊԵԿ-ի՝ մեզ տրամադրած տեղեկանքից էլ երևում է, որ գրանցումից մի քանի օր հետո այս ԱՁ-ն անցել է ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացմանը։

Սակայն խնդիրն այն է, որ վերոնշյալ ԱՁ-ն կանոնավոր միջմարզային ուղևորափոխադրումներ է իրականացնում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի իմաստով մարդատար-տաքսի ավտոմոբիլներով։ Ըստ օրենքի՝ թեթև մարդատար ավտոմոբիլը սահմանվում է հետևյալ կերպ․ «ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը»։

Իսկ ՀՀ «Լիցենզավորման մասին» օրենսդրության պահանջների համաձայն՝ տրանսպորտի բնագավառի «Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը» համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։

Իսկ «Սերգեյ Դալլաքյան» ԱՁ-ն փաստացի չունի այն, ՏԿԵՆ պաշտոնապես հաստատել է դա։ Նկատենք, որ լիցենզավորման գործընթացը բավականին բարդ է, լիցենզավորվող ընկերությանը ներկայացվող պահանջները խիստ են, հավանաբար լիզենցիա չունենալու պատճառը հենց դա է։

Մենք հարցում էին կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ տեղեկատվություն ստանալու խնդրանքով, թե քանի՞ անգամ է վերջինիս կողմից վերոնշյալ ընկերությունում ստուգումներ իրականացվել՝ սկսած հիմնադրման տարեթվից և ի՞նչ օրինախախտումների համար է տուգանվել։ Խնդրել էինք տրամադրել նաև գրանցված աշխատողների թվի վերաբերյալ տեղեկատվություն և վերոգրյալի համատեքստում առկա փաստաթղթերի պատճեները։

ՊԵԿ-ը, հղում տալով օրենսդրությանը, ոչ միայն չի տրամադրել փաստաթղթերի պատճեները՝ պատճառաբանելով, որ այն հարկային գաղտնիք համարվող տեղեկատվություն է, այլ նաև ակնհայտորեն խուսափել է տրամադրել իր կողմից կատարված ստուգումների արդյունքում «Սերգեյ Դալլաքյան» ԱՁ-ի օրինախախտումների համար կիրառված տուգանքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Մեր այն հարցին՝ եթե այդ օրինախախտումները կրել են հաճախակի բնույթ, ապա ձեր կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել վերջինիս գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու ուղղությամբ՝ ստացել ենք ոչինչ չասող պատասխան։

Փոխարենը ՊԵԿ-ի՝ համացանցում առկա տեղեկանքից տեղեկանում ենք, որ այս անհատ ձեռնարկատերը ՊԵԿ-ի կողմից տուգանվել է 500 հազար դրամի չափով՝ լիցենզավորման գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու (տես փաստաթղթում), մեկ այլ անգամ՝ չգրանցված վարձու աշխատողներ ունենալու համար։

Վերջինս փաստացի դեռ շարունակում է իր բացահայտ ապօրինի գործունեությունը՝ գովազդներ ներկայացնելով սոցցանցերում։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ՊԵԿ-ը տնտեսվարողներին տուգանելիս՝ դիմում երկակի ստանդարտների, օրինակ՝ վերջերս համատարած խոշոր չափի տուգանքների էր ենթարկել Գյումրու խոշոր խանութատերերին։ Պետությունից հարկեր թաքցնելու հիմնավորմամբ խանութներից մեկի տիրոջ նկատմամբ 180 միլիոն դրամի հարկային ակտ էին կազմել, մյուսին՝ 40 միլիոն դրամի, նույնիսկ քրեական վարույթներ էին նախաձեռնվել․ կա ձերբակալված, գրավով ազատ արձակված ու 1 միլիարդ 200 միլիոն դրամով տուգանված գործարար։

Իսկ տրանսպորտային ոլորտը, որտեղ անմիջականորեն գործ ունեն մարդկանց կյանքերի հետ, ինչո՞ւ է այսքան անվերահսկելի ու բարձիթողի։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031