ՄԱԿ-ի Ժնեւյան կենտրոնակայանում այսօր կայացել է Համընդհանուր պարբերական դիտարկման՝ Հայաստանի վերաբերյալ նիստը, որի ընթացքում ՀՀ կառավարությունը ներկայացրել է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների դրության մասին զեկույցը եւ լսել ՄԱԿ անդամների դիտարկումներն ու առաջարկությունները։
Ժնեւ մեկնած հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Հենց նա Կառավարության անունից հանդես եկավ բացման խոսքով։
Ըստ Աբիսողոմոնյանի՝ չնայած COVID-19 համաճարակին եւ ռազմական ագրեսիաների, Հայաստանը հավատարիմ է մնացել մարդու իրավունքների պաշտպանության օրակարգին։
Դիվանագետը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանն ուղղված Կառավարության գործունեությունն ու քայլերը՝ շեշտելով Հայաստանի կողմից ընդունված օրենքներն ու միջազգային փաստաթղթերը, այդ թվում՝ 2023-ին Հռոմի ստատուտի վավերացումը:
Կարդացեք նաև
Ադրբեջանը խոսեց ադրբեջանցիների վերադարձի մասին
Երբ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանմանը եւ ավելի քան 115 հազար հայերի ապաստանմանը Հայաստանում, Ադրբեջանի ներկայացուցիչը վարման կարգով ձայն է խնդրել եւ ընդհատել Աբիսողոմոնյանի ելույթը։
Ադրբեջանի ներկայացուցչին վրդովեցրել էր Հայաստանի կողմից «կեղծ նարատիվների տարածումը»։
ՀՀ փոխարտգործնախարարի բացման խոսքին հաջորդել են պետությունների պատվիրակությունների արձագանքներն ու առաջարկները։
Ադրբեջանի ներկայացուցիչը մեկնաբանել է Հայաստանի զեկույցը՝ Բաքվի ավանդական հռետորաբանությամբ մեղադրելով Հայաստանին «ադրբեջանցիների դեմ հանցագործությունների», ադրբեջանցիների նկատմամբ «էթնիկ ատելության տարածման», ինչպես նաեւ «նացիստ կոլաբորացիոնիստների հերոսացման» համար։ Ադրբեջանցի դիվանագետը ընդգծել է նաեւ «Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիների՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքը»։ Բաքվի ներկայացուցիչը նաեւ անընդունելի է որակել ՀՀ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղ» եզրի գործածումը՝ հավելելով, որ տարածքի ճշգրիտ անվանումը Ղարաբաղ է։
Իր եզրափակիչ խոսքում՝ փոխարտգործնախարար Աբիսողոմոնյանը անհիմն է որակել ադրբեջանական պատվիրակության շահարկումները։
Վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան
Մի շարք երկրներ իրենց արձագանքներում նշել են, որ կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում թերի է զարգացած։ Սլովենիան, Իսպանիան, Կանադան, Ավստրիան, Բելգիան, Շվեդիան, Կիպրոսը, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Իռլանդիան, Շվեյցարիան եւ այլ պետություններ Հայաստանին կոչ արեցին սեղմ ժամկետում վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան, որն ավելի հայտնի է «Ստամբուլյան կոնվենցիա» անվանմամբ։ Այն վիճահարույց է մնում հայաստանյան հանրությունում։ Երկրները կարեւոր համարեցին քայլերի ձեռնարկումն ուղղված կյանքի բոլոր ոլորտներում կանանց պատշաճ ներգրավվմանը։
Ուշադրություն դարձնել բռնի տեղահանվածներին
Սլովակիայի ներկայացուցիչն էլ իր խոսքում կոչ արեց բարելավել փախստականների եւ տեղահանված անձանց նկատմամբ վերաբերմունքը։ Բրազիլիան՝ անդրադառնալով Հայաստանում հանգրվանած 115 հազար փախստականներին, Հայաստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել հասարակական կյանքում նրանց լիարժեք ներգրավումն ապահովելու համար։ Նույնանման կոչով հանդես է եկել նաեւ Մեքսիկան։ Կիպրոսի ներկայացուցիչը եւս կարեւորել է պետության կողմից «Ղարաբաղի փախստականներին աջակցող ծրագրերի պահպանումն ու զարգացումը»։
Հակազդել ԼԳԲՏՔ համայնքի նկատմամբ խտրականությանը
Մի շարք պատվիրակություններ, օրինակ՝ Ուրուգվայը, Միացյալ Թագավորությունը, Շվեդիան, Բրազիլիան, Կանադան, Ֆինլանդիան, Գերմանիան, Կուբան, Ավստրալիան գնահատեցին Հայաստանի գրանցած առաջընթացը, բայց մտահոգիչ համարեցին մեր երկրում ԼԳԲՏՔ համայնքի նկատմամբ շարունակվող խտրականությունը, անհանդուրժողականությունը ու ատելության խոսքի տարածումը։ Նրանց դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է պատշաճ քայլեր, այդ թվում՝ օրենսդրական քայլեր, նախաձեռնի այս երեւույթներին հակազդելու համար։ Իսլանդիան այս համատեքստում կոչ է արել օրինականացնել նույնասեռական ամուսնությունը։
Այլ դիտարկումներ
Ավստրալիան եւ Կանադան էլ իրենց հերթին Հայաստանին խրախուսում են խուսափել կալանքը որպես խափանման միջոցի կիրառման շահագործումից։ Ավստրալիացի պատվիրակը նաեւ կոչ արեց փոփոխել Քաղաքացիական օրենսգիրքը, որը բարձր տուգանք է սահմանում վիրավորանքի համար, «ինչը սահմանափակում է լրագրողների գործունեությունը»։
Հնչել են մտքեր նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ հասարակական կյանքում նրանց ներգրավվման մասին։ Ներկա միջոցներն անբավարար են եւ անհրաժեշտ են հավելյալ աշխատանքներ, արձանագրեցին մի շարք պատվիրակներ։
Մոտ մեկ տասնյակ պետություններ ողջունել են Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը։ Էստոնիայի ներկայացուցիչը, մասնավորապես, բարձր գնահատեց ՀՀ-ի այդ քայլը՝ ի հեճուկս «դա կանխելու՝ արտաքին դերակատարների ջանքերին»։
Հետաքրքրական է, որ մի շարք երկրներ գոհունակությամբ արձանագրում էին, որ Հայաստանը՝ 2023 թվականին վավերացնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը, հրաժարվել է մահապատժից։ Սա այն դեպքում, երբ Հայաստանը մահապատիժն արգելեր դեռեւս 2005-ին ընդունված Սահմանադրությամբ։ Ավելին, անկախ Հայաստանում մահապատիժ երբեւէ չի կիրառվել։
Ռոբերտ Աբիսողոմոնյանից բացի, ոլորտային զեկույցներով հանդես են եկել նաեւ ՀՀ կառավարության գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ։
Նիստն ամբողջությամբ՝ հղմամբ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Արսեն Այվազյան– թիվ 13 արձանագրությունը ունի առանձնահատկություն, այն վավերացրած երկրները այլևս իրվունք չեն ունենում նորից վերադռանալ մահապատիժ սահմանելուն։ Քանի դեռ 13 արձանագրությունը վավերացված չէ, միշտ վտանգ կա մահապատժի վերականգնման։