Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

«Լավ է ծախվում էս թեման»․ Վահե Հովհաննիսյանը՝ ՀՀ պետական պարտքի եւ եվրոբոնդերի գործարքով ՀՀ տնտեսության մեջ թուրքական կապիտալի ներգրավման մասին

Մայիս 02,2025 12:20

2025 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ․ այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքն աճել է 4,4 տոկոսով, ԱՄՆ դոլարով արտահայտված՝ 5,8 տոկոսով։ 2024-ի արդյունքներով՝ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի հարաբերակցությամբ նվազել է 0,1-ով՝ կազմելով 13 միլիարդ 581 միլիոն դրամ։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ներքին պարտքի ծավալն ընդհանուր պարտքի մեջ աճել է՝ հասնելով 50 տոկոս մակարդակի, ինչը նախարարը դրական է բնութագրում, քանի որ որոշակիորեն մեղմանում են արտարժութային ռիսկերը։

Վահե Հովհաննիսյանը հայտարարեց՝ միջազգային գործընկերների հետ պայմանավորված «լռության շրջանն» անցել է կարող է ասել՝ հաջողությամբ թողարկել ենք եվրոբոնդեր՝ 750 միլիոն դոլար ծավալով՝ 7,1 տոկոս տոկոսադրույքով։ Ուզբեկստանի, Ռումինիայի, Հորդանանի, Թուրքիայի, Վրաստանի հետ համեմատությամբ՝ Հայաստանը բավական ցածր վարկանիշ ունի, սակայն անգամ այդ պարագայում, ըստ նախարարի, պարտատոմսերի պահանջարկը երեք անգամ մեծ է եղել թողարկված քանակից։

«Նոմինալ առումով տոկոսադրույքը բավականին բարձր է, որովհետեւ շուկայում տոկոսադրույքները վերջին տարիներին էականորեն բարձրացել են, բայց սա նաեւ ցույց է տալիս ՀՀ-ի միջազգային հեղինակությունը եւ հետաքրքրությունը միջազգային ներդրողների կողմից»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ ներդրողները եղել են Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից․ Եվրոպան 14 տոկոս, Մեծ Բրիտանիան 45 տոկոս, ԱՄՆ-ն՝ 34, Միջին Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկան՝ 5 տոկոս։

«Հիմնական մասը ինստիտուցիոնալ ներդրումային ընկերություններ են, կենսաթոշակային ֆոնդեր, մի փոքր մասը նաեւ բանկեր են․ «Ջեյ-ՊԻ Մորգան», «Սիթի բանկ» եւ «Կրեդիտ Ագրիկոլ բանկ»»,-մանրամասնեց նախարարը։

Հիշեցնենք, որ լուրեր եղան այն մասին, որ թուրքական ընկերություններ են ներգրավված այս գործարքում։

2025-26-ին նոր եվրոպարտատոմսերի թողարկում չի պլանավորվում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նախարարն ասաց, որ իրեն էլ է հետաքրքրում հարցը, թե ինչո՞ւ Հայաստանի նման երկրների վարկանիշը աճել է, մերը՝ ոչ, չնայած նրան, որ ՀՀ տնտեսությունում, ըստ կառավարության տեղեկանքների, դրական շարժեր են եղել։ Իր կարծիքով, Հայաստանի ցածր վարկանիշի պատճառը աշխարհաքաղաքական իրավիճակն է եւ ինքը բոլոր միջազգային գործընկերներին ասել է՝ երբ Խաղաղության պայմանագիրը կլինի, ամեն ինչ էականորեն կփոխվի։ Իր կարծիքով, ՀՀ-ն իրականում ավելի բարձր վարկանիշ ունի, քան նշված է վարկանիշային ընկերությունների կողմից։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Վահե Հովհաննիսյանը պնդում էր՝ եվրոբոնդերի թողարկումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հետ կապ չունի։

Լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ պետական պարտքը ՔՊ-ի կառավարման 7 տարիներին՝ 2018-ից ի վեր կրկնակի աճել է․ ինչո՞վ է սա բացատրում այն պարագայում, երբ ՔՊ-ն խոստանում էր, որ ՀՀ քաղաքացին ավելի լավ է ապրելու իր կառավարման օրոք, մինչդեռ տնտեսական ցուցանիշները նվազել են, պետական պարտքն ավելացել է, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ հարցին պարբերաբար է անդրադարձել ու մեղադրեց լրագրողներին․ «Քանի որ այդ հարցը լավ վերնագրի թեմա է, մարդիկ «պարտք» բառը լսելուց ահաբեկվում են կամ պարտքի թիվը հնչեցնելուց․․․ լավ է ծախվում էս թեման, էլի, պարբերաբար հնչելու է։ Բայց ուզում եմ ասել, որ պարտքի բացարձակ մեծությունն էական չի, տարբեր երկրներում տրիլիոններով պարտք կա, բայց այդ երկրները զարգացած, զարգացող երկրներ են եւ որեւէ խնդիր չկա։ Երկրներ կան, որ պարտքի ճգնաժամ են ունեցել նույնիսկ փոքր պարտքի պարագայում։ Պարտքի բացարձակ մեծությունը էական չի և, ըստ էության, կապ ունի, թե դուք որքան եկամուտ ունեք։ Կարող է այսօր պարտքի մակարդակը լինի 13 միլիարդ, վաղը՝ 50․ կարեւորն այն է, թե ինչքան է մեր ՀՆԱ-ն աճում»։

Թվային վերլուծություններում Վահե Հովհաննիսյանը հանգում է նրան, որ ՀՀ-ն հարստանում է ավելի արագ, քան պարտք է վերցնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031