«Այո, «Ամուլսարի» գործարկումը կարող է ունենալ դրական ազդեցություն։ Եթե այս տարի արդեն աշխատանքը սկսվի, մեր գնահատմամբ, 0,5 տոկոսի չափով կարող է ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի աճի վրա»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենց կանխատեսմամբ՝ ՀՀ-ն այս տարին կարող է փակել 5,5 տոկոս տնտեսական աճով։
Հիշեցնենք, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը վերանայել են ՀՀ-ի տնտեսական տարեկան աճի իրենց կանխատեսումը 2025-ի մասով՝ վերահրապարակելով 4,4 տոկոս աճի կանխատեսում։ Շատ փորձագետներ կարծում են, որ 5,1 տոկոս աճ ապահովելու ՀՀ կառավարության միակ հույսը «Ամուլսարի» հանքի շահագործումն է։
«Ամուլսարի» հանքի շահագործման մասին մեկ հարց էլ հնչեց․ լրագրողը հիշեցրեց, որ 2025-ի փետրվարի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ վերահաստատվել է «Ամուլսարի» հանքի շահագործման ծրագրին 150 միլիոն դոլար բյուջետային երաշխիքային գումարի տրամադրումը։ Ընդհանուր առմամբ, նաեւ 5 բանկից ակնկալվում էր 150 միլիոն դոլարի սինդիկացիոն վարկի ներգրավում։ Բայց ՀՀ կառավարության 2025-ի ապրիլի 30-ին կայացած նիստում, չզեկուցվող հարցերի բաժնում, կառավարությունը հաստատել է մի որոշում, ըստ որի՝ 150 միլիոն դոլարը կներգրավվի միայն «Ամերիաբանկի» կողմից՝ սինդիկացիոն կամ ոչ սինդիկացիոն վարկի տեսքով։ Լրագրողը նախարարին խնդրեց՝ պարզաբանել հարցը։
«Երաշխիքի մասով շատ բան չունեմ ասելու։ «Լիդիան» ընկերությունը սկզբում բանակցում էր տարբեր բանկերի հետ, հետո չեկան ընդհանուր հայտարարի, ըստ երեւույթին: Եվ վերջում, ըստ երեւույթին, «Ամերիա բանկի» հետ է եկել ընդհանուր հայտարարի։ Իրենց բանակցությունների մեջ մենք ներգրավված չենք եւ ես իրենց բանակցությունների դետալներին չեմ տիրապետում»,- ասաց նախարարը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ