Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհանգիստ վիճակ է, անցածը հաշվի առնելով՝ մարդիկ լավ բան չեն սպասում, որովհետեւ տվողը մենք ենք լինում անընդհատ»․ Տավուշում բացասական սպասումներ են

Մայիս 02,2025 14:18

Տավուշի մարզի բնակիչներն անորոշության մեջ են ու անհանգիստ, քանի որ չգիտեն, թե ինչ է սպասվում այսպես կոչված սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Ոսկեպարի բնակիչ, պատմաբան Նվեր Բեգլարյանը։

Դեռեւս այս տարվա հունվարին պաշտոնական հաղորդագրություն էր եղել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից եւ այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մինչ օրս, սակայն, այս գործընթացի մասին որեւէ տեղեկություն չկա։

Նվեր Բեգլարյան

Նվեր Բեգլարյանի խոսքով՝ եթե այդ հատվածում այսպես կոչված «սահմանազատման» աշխատանքներ իրականացվեն, անվտանգային լուրջ խնդիրներ են առաջանալու։ «Կողբի, Բերդավանի տարածքներից են սկսելու ըստ իրենց հայտարարության՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միացման գոտուց են սկսելու եւ հասնեն մեզ։ Բայց կանգ առավ գործընթացը, հազար բան են ասում, ոչ ոք չգիտի, թե պատճառն ինչ է, բայց ժողովրդի սպասումը դրական չէ։ Բոլորը սպասում են, որ դա եւս իր վատ հետեւանքները կբերի։ Անհանգիստ վիճակ է, անցածը հաշվի առնելով՝ մարդիկ լավ բան չեն սպասում, որովհետեւ տվողը մենք ենք լինում անընդհատ, դրանից էլ անհանգստություն է սկսվում»,- ասաց նա։

Նվեր Բեգլարյանի խոսքով՝ Կիրանցի հատվածում տեղի ունեցած գործընթացից հայկական կողմը ոչինչ չի շահել։ «Ոսկեպարը պայքարեց, շատ չտուժեց, բայց Կիրանցը տուժեց։ Թուրքի համար ինչ տարբերություն, թե որտեղից կսկսի։ Հիմա գնալու է մինչեւ Ազատամուտի, Ոսկեպարի մոտ, այ դա է մարդկանց ավելի շատ անհանգստացնում, որ նորից այդ «անկլավների» հարցը կբարձրացնեն։ Կրկնում եմ՝ անհանգստացնողն այն է, որ այս գործընթացներից Հայաստանը ոչինչ չի շահում, եւ մարդիկ սպասում են, որ ավելի վատ է լինելու»,- հավելեց նա։

Կիրանցում տեղի ունեցած այսպես կոչված սահմանազատման գործընթացից հետո Հայաստանին չվերադարձվեցին Տավուշի մարզի 32 բնակավայրերի բռնազավթված տարածքները, չնայած այդ մասին հայտարարություններ կային։ Այնինչ, Նիկոլ Փաշինյանը մշտապես օրինակ է բերում Կիրանցը՝ նշելով․ «Գնացեք Կիրանց, եթե ուզում եք տեսնել, թե ինչի մասին է իրական Հայաստանի գաղափարախոսությունը»։

Նվեր Բեգլարյանից հետաքրքրվեցինք՝ Կիրանցի օրինակը տավուշցիներին լավատեսություն ներշնչո՞ւմ է։ «Այո, եկեք Կիրանց ու իրական Հայաստանը տեսեք։ Առայժմ Ադրբեջանը ստանալու ուներ, խելոք ստացավ, բա եթե վաղը հարձակվե՞ց, եւ իրական սահման չկա։ Այդ պատն ընդամենը շիրմա է, բայց ի՞նչ խաղաղության մասին է խոսք գնում, գյուղի մեջտեղը սահման են գծել, գյուղացիների հողերը՝ մոտ 100 հեկտարի մասին է խոսքը, մնացել են նրանց։ Մարդիկ ցանքս չեն կատարել, որովհետեւ հողերի մեծ մասը մնացել է այն կողմը։ Լավ բաներ չեն սպասվում, մարդկանց տառապանքը փորձ ունի, փոխզիջման մասին խոսք չկա, իսկ միակողմանի զիջումներով խաղաղություն չի լինում։ Ինքս պատմության մասնագետ եմ, եւ չեմ տեսել, որ մեկն անընդհատ զիջելով՝ խաղաղության հասնի։ Խաղաղության գնում են փոխզիջումներով, ոչ թե միակողմանի զիջումներով։ Այս միակողմանի զիջումները բերելու են նոր պատերազմների»,- նշեց Բեգլարյանը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին․ «Նայեք իրենց քարտեզը, ըստ որի՝ Հայաստանին մնում են Լոռու մի հատվածը, Արագածոտնը, Կոտայքը, Շիրակն ու Արմավիրը։ Խաղաղություն այդ գնով է լինելու, դրա համար էլ Ալիեւը չի համաձայնում Հայաստանի տարածքը գոնե 30 հազար քկմ-ով ճանաչել։ Նրանք ձգտում են, որ Հայաստան չլինի կամ էլ լինի ինչ-որ տարածք՝ առանց իրական անկախության։ Մեր ժողովուրդը կարող է շատ բան չի հասկանում, բայց զգում է, որ սա լավ բանի չի տանում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031