Հակառակորդի ռմբակոծությունից հետո զորամասը շարքից դուրս է եկել, ինչի հետեւանքով զորքը տարբեր տեղերում էր տեղակայվել: Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով դատական նիստին ասաց 55. 705 զորամասի մարտական հերթապահության գծով տեղակալ, գործով վկա Ռադիկ Գեւորգյանը:
Վկան ասաց, որ երբ ստանձնել է իր ծառայությունը նշված զորամասում` ինժեներասակրավորների վաշտը տեղակայված է եղել Ազատ գյուղում. «Մեկ ամսվա ընթացքում այդ վաշտը միշտ առաջնագծում եմ տեսել, լավ գործ են արել, բարեխիղճ ծառայել են, իրենց խնդիրը կատարել են, հայրենիքի համար սուրբ գործ են արել»:
Կարդացեք նաև
Ազատ գյուղի կացարանը, որտեղ տեղակայվել էին զինծառայողները, ըստ Գեւորգյանի, գյուղի վերջին տունն է եղել, 7 կմ հեռավորության վրա բնագծից: Կացարանը եղել է ամբողջությամբ փայտից ու ըստ Գեւորգյանի, չի համապատասխանել սահմանված չափանիշներին:
«Մինչեւ մտնելը ձախում տեխնիկան էր՝ «Կամազ» ու տրակտոր, որոնք կցված էին ինժեներական վաշտին: Մուտքը փայտից էր, շուշաբանդ էր փայտից հավաքած, ներսում ձախից զինանոցն էր, աջում՝ կացարանը: Հին փայտից տուն էր: Երկու անգամ եմ այցելել կացարան. առաջին անգամ զորքի հետ ծանոթանալու համար եմ գնացել, հետո Նոր տարվան եմ եկել շնորհավորելու: Տվել եմ շամպայն, ուտելիքով ու ասել՝ շնորհավոր ձեր ու ձեր ծնողների Նոր տարին»,- պատմեց վկա Գեւորգյանը:
Հանրային մեղադրողը հարց տվեց վերակարգի եւ ծառայության կարգի վերաբերյալ՝ ասելով, որ ստացված տվյալների համաձայն՝ կացարանում ծառայությունն իրականացվել է հետեւյալ կերպ, ջոկատի հրամանատարը, որը եղել է վաշտի հերթապահ եւ ջոկատի այլ անձնակազմը պարեկային ծառայություն են իրականացրել կացարանից դուրս, եղել են զրահաբաճկոնով, իրենց անհատական կցված զենքով, դուք տեղյակ եղե՞լ եք:
Հարցին ի պատասխան՝ Գեւորգյանը պատասխանեց. «Եթե այդքանը եղել է, հրդեհից հետո բա ո՞նց են սաղ զենքերը զինանոցում այրված: Այրված զենքերը զինանոցում են եղել»:
Նա նաեւ ասաց, որ վերակարգի կազմակերպման ու իրականացման մանրամասներից տեղյակ չէ:
Ըստ նրա՝ կացարանում վառարանը վառում էին փայտով ու 20:00-ից հետո վառելու համար թույլտվության կարիք չի եղել, որովհետեւ Վարդենիսում մեկ ժամ վառարանը չվառվեր՝ ցրտին չէին դիմանա:
Նիստի մասնակից զոհվածի հարազատներից մեկը սկսեց վատ մեկնաբանություններ այդ հայտարարության վերաբերյալ:
-Ծնող ջան, լավ էլի,- սաստեց վկա Գեւորգյանը:
Դատարանը նախազգուշացրեց նիստը խանգարող զինվորի հարազատին, վերջինս էլ պատասխանեց՝ ինչքան ուզում եք՝ զգուշացրեք:
Վկան նաեւ ասաց, որ կացարանում հակահրդեհային միջոցներ չի նկատել, ապա հավելեց, որ հինգ հատ էլ լինեին այդպիսի միջոցներ՝ այդ հրդեհն էլի չէր հանգցնելու: Այս հայտարարությանը կրկին զոհվածի հարազատներից մեկը շատ վատ արձագանքեց:
-Չի հետաքրքրել, չես նայել,- արձագանքեց հարազատը:
-Էդ ո՞վ է, հետաքրքրել է, խնդրում եմ էլի, էդ զինվորները իմ զինվորներն են, էդ երեխեքը իմ երեխեքն են, պապի, լավ էլի, հանգիստ էլի,- պատասխանեց Գեւորգյանը:
Այս լեզվակռվից հետո վկա Գեւորգյանը դատարանից ժամանակ խնդրեց հարցաքննությունը շարունակելու համար, ասաց՝ երկու անգամ վիրավորվել է, խնդիրներ ունի ու երբ նյարդայնանում է՝ սպազմ է ունենում, հիմա ի վիճակի չէ հարցերին պատասխանել: Դատարանը հայտարարեց ընդմիջում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ